Ձեռներեցությունն ապահովում է աճ և հարստություն

«Ես ուզում եմ, որ դուք լինեք ձեռներեց, քանի որ ես չեմ ուզում, որ դուք լինեք կորպորատիվ ստրուկներ»,- ասում է ՄԻՖ (MEF) (Թուրքիա) համալսարանի փոխռեկտոր, թուրք ձեռներեցների շրջանում ազդեցիկ դեմքերից Էրհան Էրկուտը հոկտեմբերի 10-ին StartupIstanbul տարածաշրջանային համաժողովի ժամանակ սթարթափերին ուղղված իր ելույթում: Նա առանձնահատուկ կերպով ընդգծում է ձեռներեցությամբ զբաղվելու կարևորությունը. «Որովհետև այն ապահովում է հարստություն և աճ»:

2016 թ. հոկտեմբերի 6-10-ը Ստամբուլում ընթանում էր հեղինակավոր «StartupIstanbul» ֆորումը, որը համախմբել էր 500-ից ավելի սթարթափերի, Եվրոպայից, ԱՄՆ-ից, Թուրքիայից, եւ այլ երկրներից ժամանած ներդրողների, ոլորտի առաջատարների: Այն  բացառիկ հավաք  է, որտեղ տարածաշրջանի տարբեր երկրների սթարթափեր հնարավորություն են ունենում ներկայացնել իրենց նորարարական բիզնես գաղափարները, դրանց իրականացման վերաբերյալ տարբեր միջազգային փորձագետներից ստանալ խորհուրդներ և ներդրողների հետ հաստատել գործարար կապեր: 

Այս տարածաշրջանային ՏՏ միջոցառմանն առաջին անգամ մասնակցության բացառիկ հնարավորություն ունեին նաև հայկական 10 սթարթափեր: StartupIstanbul-ի շրջանակներում անցկացվող մրցույթում հայկական Skycryptor-ը, անցնելով բոլոր փուլերը, հայտնվեց նաև եզրափակչում: Հայաստանյան սթարթափերի մասնակցության հաջողությունների վերաբերյալ մանրամասն կարդացեք այստեղ:

StartupIstanbul-ի շրջանակներում մասնավորապես հոկտեմբերի 10-ին տեղի ունեցած համաժողովը առանձնահատուկ էր նրանով, որ Ստամբուլի Volkswagen Arena-ի 4000 տեղանոց մեծ դահլիճում մասնակիցները հնարավորություն ունեին հաղորդակից լինելու աշխարհի տարբեր երկրներից Ստամբուլ ժամանած հրավիրյալ բանախոսների ելույթներին, որոնք կիսվում էին իրենց փորձառությամբ, գիտելիքներով, իմացությամբ և խորհրդատվությամբ:

Հանրային լրագրության ակումբի ղեկավար Սեդա Մուրադյանը նշում է, որ StartupIstanbul-ի կազմակերպիչների հետ բանակցությունների շնորհիվ հայկական սթարթափերը հնարավորություն են ունեցել լիարժեքորեն մասնակցելու ինչպես ցուցահանդեսին, մրցույթին, այնպես էլ մենթորության դասընթացներին և համաժողովին:

Եթե դուք նույնպես ցանկանում եք ձեռներեցությամբ զբաղվել կամ արդեն սկսել եք, ապա հեղինակավոր համաժողովի ժամանակ ելույթ ունեցած բանախոսների խորհուրդները, որ նրանք ուղղում էին սթարթափերին, ձեզ համար նույնպես օգտակար կլինեն:

Ընտրված բանախոսներն էականորեն ընդգծում էին նախ արժեքների ստեղծումը:

Y combinator-ի գործընկեր Ադորա Չյունգը սթարթափերին խորհուրդ է տալիս դադարել մշտապես մտածել  գումարի մասին: «Կենտրոնացե՛ք ստեղծելու իրական արժեքներ: Դա ձեր հաջողելու նախապայմանն է»,- նշում է նա:

''The Executive JOY Institute''-ի հիմնադիր Միքայել Անդերսոնը նշում է միայն մեկ պատճառ՝ ինչու դառնալ ձեռներեց, այն է՝ ստեղծել արժեք և փոխել աշխարհը:

IE Business School-ի ներկայացուցիչ Մարկոս Էգյուիլլորը (Marcos Eguillor) բիզնես մոդելի նկարագրման համար ևս առանձնացնում է արժեքի ստեղծումը և արժեքի տարածումը:  

The Lean Brand-ի հեղինակ Ջերեմիա Գարդներն էլ սթարթափերին խորհուրդ է տալիս մեծ արժեքներ ստեղծելու համար աշխարհին նայել տարբեր հայացքով,  ձեռնարկել գործողություններ, ենթադրել, որ սխալ ես, մտածել գլոբալ, սկսել քչից, ընդունել անհայտը՝ բացահայտելու արժեքը:

Արժեքների, կապիտալի ստեղծումը հնարավոր է միայն հարմարավետության գոտուց դուրս գալու պարագայում: StartupIstanbul-ի մեկ այլ բանախոս, ՛՛From The Other Side of The World՛՛-ի հեղինակ Էլմիրա Բայրասլին  սթարթափերին հորդորում է չակնկալել ստեղծել նորարություն՝ ապրելով հարմարավետության մեջ: «Նորարությունը ծնվում է անհարմարությունից: Դադարե՛ք արդարացումներ գտնել և պատասխանատվություն ստանձնեք»:

Ադորա Չյունգն էլ խորհուրդ է տալիս գաղափար ունենալու դեպքում չհապաղել, սկսել անմիջապես. «Իսկ եթե չունես գաղափար, ապա պետք է աշխատել արագ աճող սթարթափի հետ և սովորել՝ ինչ պետք է անեն և չանեն ձեռնարկատերերը»:

Համաժողովի բանախոսները առանձնահատուկ կերպով իրենց ելույթներում անդրադառնում էին նաև բիզնեսում հաճախորդների դերի կարևորությանը:

«Ովքե՞ր են նրանք, ինչպիսի՞նն են նրանք, ինչպե՞ս մենք կարող ենք լուծել նրանց խնդիրները». Մարկոս Էգյուիլլորը հորդորում է բացահայտել հաճախորդներին:

«Ինչպիսի որոշում էլ մենք իրականացնենք, մենք ընտրում ենք հաճախորդի գոհունակությունն ամեն ինչից վեր»,- պատմում է Doğan Online-ի գործադիր տնօրեն Հանզադե Դոգան Բոյները և տալիս իր ամենակարևոր խորհուրդը ձեռներեցներին. «Սկսե՛ք հաճախորդից, ոչ թե արտադրանքից»: 

Սթարթափում հաջողելու համար բանախոսները խորհուրդ են տալիս կանգ չառնել, չփնտրել ավելի լավ ժամանակ ձեռներեցությամբ զբաղվելու ու բրենդ ստեղծելու համար: Ստեղծել սեփական սթարթափի զարգացման ռազմավարությունը, գործել միասնական:

«Եթե դու շարունակես շատ աշխատել, ապա կհաջողես»,- ասում է Ադորա Չյունգը:

Lumia Capital-ի գլխավոր գործընկեր Քրիստոֆեր Ռոջերսն էլ նշում է, որ չկա ոչ մի ճանապարհ ձախողումից խուսափելու համար, պետք է հետապնդել նրան: 

CouchSurfing-ի նեկայացուցիչ Քեյսի Ֆենտոնն էլ (Casey Fenton) ավելացնում է, երբ  մարդիկ համախմբվում են մեկ միասնական գաղափարի շուրջ նրանք կարող են հասնել մեծ բարձրունքների:

Այս համաժողովին և ընդհանրապես «StartupIstanbul»-ի միջոցառումներին մասնակցելու համար այս տարի մասնակցելու հնարավորություն ունեցան շուրջ 500 սթարթափ: Իսկ դիմողների քանակը կազմել էր ավելի քան 24.000-ը 135 երկրից:

Հայաստանյան 10-ը ընկերությունները այդ  500 սթարթափերի շարքում էին ընտրված: Սեդա Մուրադյանը կարևորում է այս միջազգային ֆորումին հայկական սթարթափերի ընդգրկվածությունը՝ փորձառության, նոր հմտությունների ձեռք բերման և համաշխարհային ներդրումային միջավայրից օգտվելու իրական  հնարավորության տեսակետից:

Հայկական պատվիրակության մասնակցությունն այս միջոցառմանը հնարավոր էր դարձել Հանրային լրագրության ակումբի (Հայաստան)  եւ ՏԵՊԱՎ հիմնադրամի (Թուրքիա)՝ «Ձեռներեցների փոխայցելություն» նախագծի միջոցով:

Նախագիծը մասն է կազմում «Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին» ծրագրի, որին աջակցում է Եվրոպական միությունը:

Հեղինակ`

Արփինե Արզումանյան

Նյութի սկզբնաղբյուրը` http://mynews.am/hy/story/3608:

 

Print Friendly and PDF