Հայկական սթարթափերի մասնակցությունն ու ձեռբերումները «StartupIstanbul»-ին

«Այստեղ մենք հանդիպում ենք այնպիսի ներդրողների, որոնց չէինք կարող հանդիպել Հայաստանում: Ուզում եմ փաստել, որ նման միջոցառումները պետք է շատ լինեն ոչ միայն տարածաշրջանում, այլև իրականացվեն Հայաստանում: Մեր կառավարությունն այնպիսի ծրագրեր պետք է իրականացնի, որ օտարերկյա ներդրողները Հայաստանում ներդրումներ անեն»,- ասում է LiTech նորաստեղծ ընկերության ներկայացուցիչ Ժորժ Սեյրադարյանը «StartupIstanbul»  տարածաշրջանային ֆորումին մասնակցության ընթացքում:

Ժորժը ևս 9 հայկական սթարթափերի ներկայացուցիչների հետ միասին 2016 թ. հոկտեմբերի 6-10-ը բացառիկ հնարավորություն ունեցավ մասնակցելու «StartupIstanbul» հեղինակավոր տեխնոլոգիական միջոցառմանը՝ Հանրային լրագրության ակումբի (Հայաստան)  եւ ՏԵՊԱՎ հիմնադրամի (Թուրքիա)՝ «Ձեռներեցների փոխայցելություն» նախագծի միջոցով: 

Հայաստանյան մասնակիցները հեղինակավոր «StartupIstanbul»  տեխնոլոգիական միջոցառմանն իրենց մասնակցության կարևորության մի քանի հիմնական առանձնահատկություններ են նշում՝ միջոցառման մաշտաբայնությունը, ներդրողների հետ անմիջական շփումը, գործարար կապերի հաստատումը, մենթորների խորհրդատվությունները և դասախոսություններին ներկա լինելը:

«Ես պրակտիկորեն 2 րոպե առաջ զրուցում էի Շրի Լանկայի ներկայացուցչի հետ, որը հետաքրքրություն հայտնեց մեր հավելվածի կիրառության հարցում, կարծում եմ՝ որևէ այլ հարթակում Շրի Լանկայի բիզնես ներկայացուցչին հանդիպելու հնարավորություն չէի ունենա»,- իր տպավորություններն էր փոխանցում HurryApp ընկերության ներկայացուցիչ Հրաչուհի Բարսեղյանը:

Տարածաշրջանում առաջատարը համարվող այս ֆորումը Մերձավոր Արևելքի, Արևմտյան Ասիայի, Արևելյան Եվրոպայի և Միացյալ Նահանգների «հրեշտակ»  ներդրողների, ձեռնարկատերերի, վենչուրային կապիտալիստների և առաջատար սթարթափերի մասնակցությամբ տեղի ունեցող բացառիկ հավաք  է, որտեղ տարածաշրջանի տարբեր երկրների սթարթափեր հնարավորություն են ունենում ներկայացնել իրենց նորարարական բիզնես գաղափարները, դրանց իրականացման վերաբերյալ տարբեր միջազգային փորձագետներից ստանալ խորհուրդներ և ներդրողների հետ հաստատել գործարար կապեր:

Հայաստանյան երկու սթարթափեր՝ Skycryptor-ն ու Earlyone-ը, միջոցառման ընթացքում առանձնացան իրենց հաջողությամբ: Միջոցառման հեղինակավոր մենթորների կողմից ընդգրկվեցին լավագույն 50-ի ցանկում և հոկտեմբերի 8-ին բեմից իրենց գաղափարները ներկայացրեցին ներդրողներին:

Skycryptor նորաստեղծ ընկերության հիմնադիր Արամ Ջիվանյանը հաղթահարեց նաև մրցույթի հաջորդիվ փուլը եւ հայտնվեց լավագույն 15 սթարթափերի շարքում` հոկտեմբերի 10-ին՝ եզրափակիչ փուլին,  ավելի քան 4000  հյուրերին ներկայացնելով գաղափարն ու սթարթափը:

Արամ Ջիվանյանը «StartupIstanbul»-ին մասնակցությունն անգնահատելի փորձ է համարում: Նա նշում է, որ արդեն բիզնես կապեր է հաստատել այն անձանց հետ, որոնց հետ ցանկանում էր համագործակցություն ստեղծել:

Արամն ընդգծում է նաև միջոցառման շրջանակներում դասախոսությունների անցկացման դերը. «Ես ներկա եմ եղել 2 հետաքրքիր դասախոսության, ուղղակի նման մարդկանց լսելու առիթ ամեն օր չես ունենում, որը շատ ուսուցանող է»:

ArmNomads-ի ներկայացուցիչ Արթուր Կարոյանը, տպավորված Twitter-ի փոխնախագահի ելույթով, ասում է, որ իրենից կարելի էր սովորել, թե ինչպես պետք է պահել բեմում, ինչպես տոնայնություն փոխել, ինչ ժեստերով ուժեղացնել արտահայտած միտքը: « StartupIstanbul-ը բազմակուլտուրական հարթակ էր, շատ լավ մթնոլորտ էր ստեղծված networking-ի համար»,- հավելում է նա:

Ֆլորա Բաբաջանյանը՝ earlyone սթարթափի ներկայացուցիչը, ընդգծում է նաև մենթորների դերը. «Նրանք օգնեցին մեզ այս 2 օրվա ընթացքում պատրաստվել մեր ելույթներին, ճիշտ խորհուրդներ տվեցին՝ ինչը փոխել, ինչպես ավելի լավ ներկայացնել, նրանց օգնության շնորհիվ մենք նման արդյուքների հասանք»:

Bookoholics-ի ներկայացուցիչ Հայկազ Բագրատյանն էլ միջոցառումն օգտագործել է՝  իրականացրելու մի շարք հարցազրույցներ և հավաքագրելու տվյալներ իրենց արտադրանքի վերաբերյալ մարդկանց վերաբերմունքի: «Bookoholics-ը միայն հայկական շուկայի համար չէ, այլ նաև այլ շուկաների համար և գուշակել մարդկանց ընկալումը ճիշտ և պրոֆեսիոնալ չէ»:

Նրա ուսումնասիրությունները ցույց են տվել, որ շատերն այդ ծրագրի կարիքն ունեին, սակայն որոշակի փոփոխությունների անհրաժեշտություն կա: «Բանակցություններ ունեցա նաև պոտենցիալ ներդրողների հետ, որն ինձ ավելի վստահ դարձրեց մեր մշակած ռազմավարության առումով»,- ավելացնում է Հայկազը:

HY PICTURES-ի հիմնադիր Հասմիկ Հովհաննիսյանը կարծում է, որ միջոցառման արդյունավետության մասին առավել իրական գնահատական կարելի է տալ միայն ամիսներ անց, երբ  ձեռբերված պայմանավորվածություններն ու կապերը իրականանան:

Այնուամենայնիվ, նա մեծ ձեռքբերում է համարում այն, որ մեծ հետարքրքություն է  եղել իրենց ծրագրերի նկատմամբ և արևմտահայ գրականության կոմիքսներով հետաքրքրվել են թուրքական հրատարակչություններ և հնարավոր է՝ դրանք թարգմանվեն և տպագրվեն թուրքերեն լեզվով:

Հայաստանի պատվիրակությունը «StartupIstanbul» տարածաշրջանային ֆորումին ներկայացել էր հետևյալ ընկերություններով՝

1.      Heltun - «խելացի» տան կառավարման համակարգեր

2.      Skycryptor – ամպային տվյալների անվտանգություն

3.      LiTech – լուսավորության նորարար տեխնոլոգիաներ

4.      HY Pictures - ինտերակտիվ գրաֆիկական պատմվածքներ

5.      Bookoholics –  բջջային հավելված գրքասերների եւ ծանոթության համար

6.      Earlyone – հերթերի առցանց համակարգերի կառավարում

7.      HurryApp – կազմակերպություններին նոր հաճախորդներ բերող մարքեթինգային ստեղծարար գործիք

8.      DressZone – կանանց համար իրենց զգեստների վարձույթի  միջոցով գումար խնայելու և վաստակելու առցանց համակարգ

9.      FortuneCup – բախտագուշակների հետ իրական կապ հաստատող բջջային հավելված

10.  ArmNomads - խաղերի ծրագրավորում

Հանրային լրագրության ակումբի ծրագրի ղեկավար Լուսինե Ավագյանը կարևորում է հայկական սթարթափերի մասնակցությունը միջոցառմանը՝ ընդգծելով, որ նպատակն էր հայկական սթարթափերին ավելի մեծ շուկա դուրս բերել: Նա նշում է, որ այն հնարավորություն էր հայկական սթարթափերի համար ոչ միայն թուրքական և միջազգային շուկային ծանոթանալու և ներդրումային հնարավորություններին տեղեկանալու, այլև հայակական սթարթափերի տաղանդը ցուցադրելու համար:

Այս տարի հեղինակավոր «StartupIstanbul» ֆորումին  135 երկրից դիմել էին 24.646 սթարթափեր, որոնցից միայն շուրջ  500-ը  մասնակցեցին միջոցառմանը: Այդ 500 սթարթափերի շարքում ընտրվել էին նաեւ Ձեռներեցների փոխայցելություն նախագծի մասնակից  հայաստանյան 10-ը ընկերությունները:

Նախագիծը մասն է կազմում  «Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին» ծրագրի, որին աջակցում է Եվրոպական միությունը:

Print Friendly and PDF