Հանրային լրագրության ակումբը 6 տարեկան է

Մարտի 10-ին Հանրային լրագրության ակումբը տոնեց իր գործունեության 6-ամյակը, ինչը անցած ուղին ևս մեկ անգամ արժևորելու և հետագա անելիքները ծրագրելու առիթ էր:

Լինելով նորաստեղծ կազմակերպություն՝ այս կարճ ժամանակամիջոցում ՀԼԱ-ն հաջողությամբ իրականացրել է 10 երկարաժամկետ նախագիծ՝ ուղղված Հայաստանում մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների պաշտպանությանը, ժողովրդավարական գործընթացների և քաղաքացիական հասարակության զարգացմանը, հանրային լրագրության խթանմանը և մեդիագրագիտությամբ զինված իրազեկ հասարակության ձևավորմանը, ինչպես նաև` նորարարական նախաձեռնությունների միջոցով սոցիալական խնդիրների հասցեագրմանը` մշտական համագործակցություն հաստատելով ավելի քան 20 կազմակերպության հետ:

«Մեր կազմակերպությունը դրական ու ստեղծարար իմաստով անհանգիստ մարդկանց ու համախոհների մի թիմ է, ովքեր անտարբեր չեն մեր երկրում կատարվող զարգացումների նկատմամբ: Մեր առողջ անհանգստությունը իր արտացոլանքն է գտնում ՀԼԱ նախագծերում, որոնց առաջնային նպատակն է նախաձեռնել փոփոխություններ ու բարելավել այն միջավայրը, որտեղ մենք ապրում ենք»,- Սեդա Մուրադյան, Հանրային լրագրության ակումբի ղեկավար և համահիմնադիր: 

ՀԼԱ-ն 4 տարի շարունակ իրականացնում է «Մեդիա կենտրոն» նախագիծը, որը բազմակողմանի քննարկումներ ու բանավեճեր անցկացնելու, հասարակության ուշադրությունը կարեւոր զարգացումների ու խնդիրների շուրջ սևեռելու եւ քաղաքացիական հասարակության տեսակետները լսելի դարձնելու հարթակ է:
2013 թ. ի վեր «Մեդիա կենտրոն» հարթակում 2262 բանախոս 865 քննարկման ընթացքում անդրադարձել են այնպիսի թեմաների ու հարցերի, ինչպիսիք են՝ ընտրական և ժողովրդավարական գործընթացները, մարդու իրավունքների խախտումները, կոռուպցիան, ազգային, կրոնական և սեռական փոքրամասնությունները, գենդերային խնդիրները, կանանց և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքները, ինչպես նաև` տնտեսական, բնապահական, կրթական, առողջապահական, արտաքին հարաբերությունների և  տարածաշրջանային հակամարտությունների ոլորտին առնչվող մի շարք խնդիրներ:

2015թ.-ին մարտի 25-ին Գյումրիում Խոսքի ազատության օրը «Մեդիա կենտրոն»-ը տոնակատարության անցկացման կազմակերպչական խորհուրդի կողմից պարգևատրվեց հանրային բազմազան խնդիրները խորությամբ եւ ուշադրությամբ լուսաբանելու համար:

«Այս 4 տարիների ընթացքում Մեդիա կենտրոնը իր նախաձեռնած բանավեճերի ու քննարկումների միջոցով ոչ միայն բարձրաձայնում է հանրային կարևորության հիմնահարցեր, այլև դրական ազդեցություն է ունենում դրանց լուծման գործում:  Մեր քննարկումների ընթացքում բարձրաձայնվող յուրաքանչյուր խնդրի շուրջ իրենց բազմակողմանի տեսակետներն են հնարավորություն ունենում հայտնել քաղաքացիական հասարակության տարբեր ներկայացուցիչներ»,- Լիլիթ Առաքելյան, ՀԼԱ Մեդիա կենտրոն ծրագրի խմբագիր/համակարգող:

Հանրային լրագրության ակումբի` մարդու իրավունքների ոտնահարումները բարձրաձայնելու մեկ այլ նախաձեռնություն էր #electricyerevan վավերագրական ֆիլմի պատրաստումը: Ֆիլմը պատմում է 2015 թ. հունիսի 23-ին ոստիկանների` Բաղրամյան պողոտան էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ պայքարող ցուցարարներից ազատելու գործողությունների ու այդ օրվա զարգացումների մասին:  

Նպատակ ունենալով խթանել տեղեկատվական և հաղորդակցան տեխնոլոգիաների ոլորտում Թուրքիայի և Հայաստանի միջև համագործակցությունը` Հանրային լրագրության ակումբը 2014 թ. ի վեր «Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին» ծրագրի շրջանակներում իրականացնում է «Ձեռներեցների փոխայցելություններ» նախագիծը, ինչպես նաև նպատակ ունենալով արվեստի միջոցով գտնել երկխոսության ուղի՝ ՀԼԱ-ն 2014թ.-ին իրականցրել է «Հայաստան Թուրքիա նկարիչների փոխայցելություն» նախագիծը:

«Ձեռներեցների փոխայցելություններ» նախագծի շրջանակներում իրականացվել է Հայաստանի և Թուրքիայի ՏՀՏ համայնքների միջև ամենամեծ փոխանակման նախաձեռնությունը՝ ներգրավելով ոլորտի առաջատարներին. շուրջ 100 ձեռներեց, ներդրող և մոտ 80 էնտուզիաստ սթարթափեր: Բավական է հիշատակել միայն, որ 2014թ.-ի նոյեմբերին Հայաստան ժամանած 30 հոգուց բաղկացած ՏՀՏ պատվիրակությունը Թուրքիայի՝ մինչ այդ երբևէ որևէ երկիր մեկնած ամենամեծ պատվիրակությունն էր:

«Նախագիծը դիվանագիտական հարաբերություններ չունեցող երկու հարևան երկրների սթարթափ էկոհամակարգերի համար փոխճանաչման և փորձի փոխանակման նոր պատուհաններ է բացում` խթանելով համագործակցությունը և ձեռնարկատիրական հարաբերությունների ձևավորումը: Չնայած ներկայիս զգայուն ու բարդ տարածաշրջանային քաղաքական գործընթացներին` ՀԼԱ-ն Հայաստանի և Թուրքիայի ևս 7 այլ  կազմակերպությունների հետ համատեղ ջանքերով շարունակում է հաջողությամբ իրականացնել նախանշված բոլոր նախագծերը և ստանալ նշանակալի արդյունքներ»,- Լուսինե Ավագյան, ՀԼԱ ծրագրերի ղեկավար:

2011 թ. ՀԼԱ-ն նախաձեռնեց իր ձևաչափով Հայաստանի համար ամբողջապես նոր և դեռևս անծանոթ Հեքըթոն[ՅԱՆ] նորարար գաղափարների և ծրագրավորման մրցույթ-փառատոնի իրականացումը: Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի և մի շարք այլ կազմակերպությունների հետ համագործակցությամբ 5 տարի շարունակ ՀԼԱ-ի կողմից իրականացվող այս մրցույթ-փառատոնի շրջանակներում ներգրավվել է ընդհանուր առմամբ 500 պատանի և երիտասարդ: Ամենամյա դարձած այս միջոցառումը տեխնոլոգիական իսկական տոնի, ոգևորության և ներշնչանքի աղբյուրի է վերածվել ոչ միայն ուսանողների, այլև ստեղծարար դպրոցահասակների համար: Հեքըթոն[ՅԱՆ]-ը կարևոր էր նաև Հայաստանի սթարթափ համայնքը մոբիլիզացնելու, երտասարդության շրջանում տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների  նկատմամբ հետաքրքրությունը մեծացնելու և բարձր տեխնոլոգիաների կիրառմամբ սոցիալական խնդիրներ հասցեագրելու առումով:
Աշակերտների շրջանում համայնքի նկատմամբ պատասխանատվության, նախաձեռնողականության, խնդիրները վեր հանելու, ներկայացնելու և լուծումներ առաջարկելու կարողությունների ձևավորմանն էր ուղղված 
«Երիտասարդները տեղեկացնում են և նախաձեռնում» նախագիծը՝ իրականացված 2015-2016թթ.-ին: Հանրային լրագրության ակումբը այս նախագծի ընթացքում համայնքային կյանքի բարելավմանն ուղղված շարադրությունների մրցույթի և վարպետաց դասերի շուրջ համախմբեց Աջափնյակից և Դավթաշենից 600 աշակերտի: Յուրաքանչյուր համայնքում մասնակիցների կողմից ներկայացված շարադրություն-առաջարկներից մեկական հաղթող ընտրվեց, և հաղթած գաղափարները, այն է՝ խաղահրապարակ Դավթաշենում և նստարաններ Աջափնյակի դպրոցներից մեկի բակում, կյանքի կոչվեցին անմիջապես աշակերտների կողմից:

Հանրային լրագրության ակումբի նորարարական նախագծերից է նաև 2012թ.-ից գործող «Իմ լուրերը» հանրային թղթակցության հարթակը,  որը խաղային կառուցվածքի եւ պարգեւատրումների համակարգի միջոցով խրախուսում է համացանցի օգտատերերին պասիվ լուր սպառողից դառնալ ակտիվ տեղեկատվություն ստեղծող:  Հանրային լրագրության ակումբը երկու տարի շարունակ, 2012-2013 թթ. վերապատրաստել է 180 հանրային թղթակից՝ Երեւանում եւ Հայաստանի մարզերում, որոնք ընդգրկված են եղել ընտրությունների լուսաբանման ծավալուն միջոցառումներում: Մինչ օրս «Իմ լուրերը» հարթակը խնդիրների վերհանման ասպարեզ է դարձել 3100 հանրային թղթակցության համար:

Այս և մի շարք այլ նախաձեռնություններ հնարավոր են դարձել Հանրային լրագրության ակումբին դեռևս իր առաջին քայլերից վստահած հաստատությունների, մասնավորապես՝  Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի, Եվրոպական միության, Երևանում բրիտանական դեսպանատան, Հայաստանում ԱՄՆ դեսպանատան, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության /ԱՄՆ ՄԶԳ, Քաունթերփարթ ինթերնեշնլ ինկ. հայաստանյան ներկայացուցչության, Նորվեգիայի արտաքին գործերի նախարարության, Մոսկվայում Նիդերլանդների Թագավորության դեսպանատան և Եվրասիա համագործակցության հիմնադրամի դրամական աջակցության շնորհիվ:

«Այս 6 տարիների մեր ամենաարժեքավոր ձեռքբերումներից են մեր գործընկերները, որոնց հետ միասին ամենօրյա պայքար ենք մղում ՝ բարեփոխումների հասնելու համար:  Մեր թիմի համար հարազատ կարգախոսներից է ՝ նորարարություն եւ համագործակցություն. մենք շնորհակալ ենք բոլոր նրանց, ովքեր այս տարիների ընթացքում իրենց արժեքավոր մասնակցությունն են բերել մեր նախագծերում»,-Սեդա Մուրադյան, Հանրային լրագրության ակումբի ղեկավար և համահիմնադիր: 
 

 

Print Friendly and PDF