Մասնակցության մրցույթ. Սոցիալական ձեռներեցություն․ Հայաստան-Թուրքիա փոխանակման ծրագիր

Նկարագրություն

Առաջին անգամ Հայաստանը ներկայացնող 7 սոցիալական ձեռներեց՝  մեկ լրագրողի ուղեկցությամբ ս․թ նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 8-ը ընկած ժամանակահատվածում Հայաստանից չորսօրյա այցով կմեկնի Թուրքիա՝ ուսումնասիրելու հարեւան երկրում սոցիալական ձեռներեցության ոլորտի զարգացումները, մասնակցելու կարողությունների զարգացմանն ուղղված հանդիպումների, ինչպես նաեւ ձեռք բերելու գործընկերային կապեր։

Հանրային լրագրության ակումբը Թուրքիայում իր գործընկերներ ՏԵՊԱՎ հիմնադրամի եւ Միկադո Քընսալթինգի հետ համատեղ Հայաստանում Ամերիկյան դեսպանատան փոքր դրամաշնորհի շրջանակում իրականացնում են Հայաստանի և Թուրքիայի սոցիալ ձեռներեցներին և սոցիալական ձեռներեցության զարգացմանն ուղղված առաջին փոխանակման ծրագիրը:

Ծրագրի նպատակն է` կամրջել Հայաստանում եւ Թուրքիայում սոցիալական ձեռներեցներին, նախաձեռնելով երկու հարևան երկրների սոցիալական ձեռներեցների միջև գործընկերային հարաբերությունների ստեղծմանն ուղղված միջոցառումներ, նպաստելով գիտելիքների  փոխանակմանն ու խթանելով տարածաշրջանում սոցիալական ձեռներեցության զարգացումն ու ոլորտի վերաբերյալ լուսաբանումը։

Ովքե՞ր կարող են դիմել

Հայաստանյան սոցիալական ձեռներեցները, որոնք՝

  • Հիմնադրել ու զարգացրել են սոցիալական խնդիրների լուծմանն ուղղված կենսունակ մեկ կամ մի քանի բիզնես
  • Գործունեություն են ծավալում սոցիալական ձեռներեցության և հանրօգուտ ներդրումների ասպարեզում
  • Հանդիսանում են սոցիալական ձեռնարկության ղեկավար, համահիմնադիր կամ հիմնադիր
  • Տիրապետում են գերազանց անգլերենի

Ընտրված մասնակիցների ճանապարհածախսը, կեցությունը և սնունդը կհոգա Հանրային լրագրության ակումբը՝ դրամաշնորհի շրջանակներում:

Ինչպե՞ս դիմել

Սոցիալական ձեռներեցություն Հայաստան-Թուրքիա փոխանակման ծրագրին մասնակցելու նպատակով հայտարարված մրցույթին դիմելու համար ուղարկե՛ք դիմում հայտը մինչև 2017 թ. նոյեմբերի 5-ը ժամը 18:00 ներառյալ:

Ծրագրի մանրամասներն՝ այստեղ:

Լրացուցիչ հարցերի դեպքում խնդրում ենք կապվել ՀԼԱ ղեկավար Սեդա Մուրադյանի հետ (էլ. հասցե` sedamuradyan@pjc.am, հեռ.՝ +374 99 75 58 98):

Այս նախաձեռնությունը շարունակությունն է «Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին» ծրագրի շրջանակներում ՀԼԱ եւ ՏԵՊԱՎ կազմակերպությունների կողմից իրականացված Ձեռներեցների փոխայցելության նախագծի։ 

 

 

Print Friendly and PDF