Բիզնես՝ հանուն սոցիալական բարօրության



Բիզնես՝ հանուն սոցիալական բարօրության
 
Հայաստանի եւ Թուրքիայի սոցիալական ձեռներեցները քննարկում են համագործակցության ուղիներ՝ հանուն սոցիալական բարօրության 
 

Հնարավո՞ր է արդյոք բիզնես գործունեությամբ հանրօգուտ գործունեություն ծավալել։ Հնարավոր է, եթե ունես սոցիալական ձեռնարկատերին բնորոշ մտածողություն։

Ւսկ ինչպե՞ս է տարբերվում սոցիալական ձեռներեցների մտածողությունը այլ գործարարների մտածողությունից։ Սոցիալական ձեռներեցներն իրենց բիզնեսն ընկալում են որպես սոցիալական բարօրության հասնելու ու սոցիալական փոփոխություններ նախաձեռնելու հնարավորություն։ 

Հայաստանյան սոցիալական ձեռներեցները և նորարներն առաջին անգամ  հնարավորություն ունեցան նոյեմբերի 25-ից  29-ը «Սոցիալական ձեռներեցություն․ Հայաստան-Թուրքիա փոխանակման ծրագրի» շրջանակում քննարկել սոցիալական ձեռնարկատիրության առանձնահատկությունները եւ փնտրել ուղիներ մեր տարածաշրջանն ավելի մարդակենտրոն դարձնելու ուղղությամբ։

Այցելությունը նախատեսում էր ծանոթություն Թուրքիայի հաջողակ սոցիալական ձեռնարկությունների հիմնադիրների հետ, դասընթաց՝ սոցիալական ձեռնարկության գործունեության ազդեցությունը չափելու գործիքներ յուրացնելու նպատակով, ինչպես նաեւ գործընկերային կապերը խթանող հանդիպում-ընդունելություն։

Այցելություն սոցիալական ձեռնարկություններ

«Մենք փորձում ենք ցույց տալ, որ սոցիալական փոփոխությունը հնարավոր է»,- ասում է Alternative life foundation (AYDER)-ի հիմնադիր նախագահ Էրչան Թութալը՝ պատմելով Հայաստանի սոցիալական ձեռներեցներին և նորարաներին Թուրքիայում գործող «Երազանքների ակադեմիայի» գործունեության մասին: Վերջինս սոցիալական փոփոխության մոդել է, որն առաջարկում է սոցիալական խնդիրների համար հետաքրքիր լուծումներ:

Երազանքների ակադեմիա․ սոցիալական փոփոխության մոդել, որ կիրառելի է նաև Հայաստանում/Տեսանյութ


 
«Երազանքների ակադեմիա» այցից տպավորված՝ «Լոռի Արտ» սոցիալական ձեռնարկության համահիմնադիր-ղեկավար Անուշ Ասլանյանն ասում է, որ այնտեղ  տարվում են այնպիսի աշխատանքներ, որոնք իրենց համայնքում արդեն քանի տարի է, ինչ երազում են իրականացվի: «Դա մեր ՀԿ-ի գերագույն նպատակներից է, որի իրականացումը բազում հաշմանդամություն ունեցող անձանց կյանքի որակ կբարձրացներ»:

Հանդիպումներ եղան նաեւ b-Fit ձեռնարկությունում, այդ թվում՝ ընկերության համահիմնադիր Բեդրիե Հյուլյայիի հետ։ 

Այս ընկերությունը սպորտային համակարգ է ստեղծել կանանց համար, այն ծառայություններ է մատուցում յուրաքանչյուր տարիքի և ցանկացած եկամուտ ունեցող կանանց համար՝ մատչելի կերպով ապահովելով ծառայության նույն որակը Թուրքիայի ամբողջ տարածքում: Ընկերությունը բիզնես վարելու իրավունքը վաճառում է միայն կին-ձեռներեցների։ Այն այսօր մեծ հեղինակություն է վայելում Թուրքիայի սահմաններում, սակայն հիմնադիրները բիզնեսը ընդլայնելու ցանկություն ունեն։



Ընկերության համահիմնադիր Բեդրիե Հյուլյային ընդգծեց, որ հետաքրքրված է բիզնեսի մասնաճյուղ բացել Հայաստանում, եթե համապատասխան գործընկեր գտնվի։

«Մենք այստեղ տեսանք հստակ իրավիճակներ, հստակ օրինակներ, որ ձեռնարկությունը հանդիսանում է պարզապես ձեռնարկություն՝ բայց շատ ուժեղ սոցիալական բաղադրիչով, որտեղ խոցելի խմբերը հանդիսանում են որպես շահառու»,- նշում է պատվիրակության անդամ, «Նուռիկ» սոցիալական ձեռնարկության հիմնադիր Լիլիթ Ասատրյանը։

Հայաստանյան պատվիրակության անդամ, Սոցիալական ձեռներեցության ոլորտի խորհրդատու Նազարեթ Սեֆերյանը, համեմատելով Հայաստանի և Թուրքիայի սոցիալական ձեռներեցության փորձը, ընդգծում է Թուրքիայի մեծ շուկա լինելը, որով պայմանավորվում է այնտեղի սոցիալական ձեռնարկատիրությունների հաջողությունը կարճ ժամանակահատվածում՝ ի տարբերություն Հայաստանի սոցիալական ձեռնարկությունների: Մինևնույն ժամանակ, նա նշում է, որ Հայաստանում դոնորական համայնքը, միջազգային կազմակերպությունները բավականին ակտիվ փորձում են սոցիալական ձեռնարկատիրությունը զարգացնել և ելնելով իրենց աշխատանքի բնույթից՝ շատ սերտորեն համագործակցում են հասարակական կազմակերպությունների հետ:

«Հասարակական կազմակերպությունները շատ լավ են պատկերացնում սոցիալական խնդիրները Հայաստանում, այդ առումով լավ հիմք ունեն, որ ստեղծեն այդ սոցիալական ձեռնարկությունները, ուղղակի պետք է բիզնես հոտառությունը և բիզնես մտածողությունը զարգացնեն կամ իրենց թիմը ընդլայնեն այնպիսի մարդկանցով, որոնք ունեն այդ գիտելիքները և հմտությունները: Կարևոր է նաև, որ Հայաստանում մենք նույնպես ունենանք սոցիալական բիզնեսներ, որոնք չունեն կից հկ-եր, որպեսզի նաև այդ մոտցումը զարգանա»,- հավելում է Սեֆերյանը:

Սոցիալական ձեռնարկատիրություն․ ի՞նչ է այն և ի՞նչ հեռանկար ունի Հայաստանում/Տեսանյութ

Բացի ձեռնարկատերերի հետ հանդիպումներից, հայաստանյան պատվիրակության անդամները այցելեցին նաեւ Քադիր Հաս Համալսարան, որտեղ հանդիպեցին Կադիր Հաս համալսարանի միջազգային հարաբերությունների բաժնի ղեկավարների եւ ձեռնարկատիրություն սովորող ուսանողների հետ։
Հանդիպմանը Հայաստանից սոցիալական ձեռներեցները ներկայացրին իրենց բիզնես նախագծերը։ Ծավալվեց նաեւ կարեւոր քննարկում՝ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների զարգացումների վերաբերյալ։



Հանրային լրագրության ակումբի ղեկավար Սեդա Մուրադյանը նշում է, որ շատ առումներով Թուրքիայում սոցիալական ձեռներեցությունը մի քանի քայլ առաջ է Հայաստանում սոցիալական ձեռնեցության զարգացման տեմպերից: 

«Մեր նպատակներից առաջնայինն այն է, որ մենք ստեղծենք մարդկային պրոֆեսիոնալ կապեր և ուսումնասիրենք այստեղ ընթացող զարգացումները, այստեղի հաջողությունները և անհաջողությունները, համեմատենք այն ամենի հետ, ինչ մենք ունենք: Մենք հույս ունենք այս նախագծի արդյունքների հիման վրա կառուցել ավելի երկարաժամկետ ու համագործակցության համար ավելի խորքային հիմքեր ստեղծող նախագծեր»,- ընդգծում է  Սեդա Մուրադյանը:

Սոցիալական ձեռնարկությունների ազդեցության չափումը

Միկադո Քընսալթինգի աջակցությամբ Հայաստանյան պատվիրակությունը մասնակացեց նաև կարողությունների զարգացման դասընթացի, որն անցկացնում էին Միկադո Քընսալթինգի, Կոչ համալսարանի եւ Աշոկա Թուրքիայի մասնագետները՝ ներկայացնելով սոցիալական նորարարությունը, սոցիալական ազդեցություն եւ կայունությունը:

Մասնակիցներին ներկայացվեց մի գործիք, որի կիրառմամբ կարելի է չափել սոցիալական ձեռնարկության ունեցած ազդեցությունը։

Հանդիպում՝ Իմփաքտ հաբում

Նոյեմբերի 27-ին Թուրքիայի Իմփակտ հաբում /Impact Hub Turkey/  նախատեսված գործարար կապերի խթանմանն ուղղված հանդիպումը համախմբեց Հայաստանից եւ Թուրքիայից գործարարների, ոլորտի ներկայացուցիչների։  

Հայաստանի սոցիալական ձեռնարկատիրության մասին հետաքրքիր զեկույց ներկայացրեց Նազարեթ Սեֆերյանը՝ անդրադառնալով առանձնահատկություններին, առավելություններին եւ հնարավորություններին։



Սոցիալական ձեռներեց Լիլիթ Ասատրյանը ներկայացրեց սոցիալական ձեռնարկատիրության ոլորտում կանանց ներգրավվածության մասին մանրամասներ, ինչպես նաեւ Նուռիկ սոցիալական ձեռնարկությունը։

Սոցիալական ձեռներեց, ԱՐԿ ՍՊԸ-ի գործադիր տնօրեն Սիրանույշ Գեւորգյանը ներկայացրեց Հայաստանյան պատվիրակության անդամների սոցիալական ձեռնարկությունները։

«Սա մեծ փորձ էր՝ իմանալ Թուրքիայի սոցիալական ձեռներեցներին, ծանոթանալ սոցիալական ձեռներեցության ոլորտում կատարվող աշխատանքին, կիսել եւ փոխանակել մեր գիտելիքներն ու փորձը նրանց հետ»,- ասում է Սիրանույշ Գեւորգյանը:



Այցն ամփոփող տեսանյութը դիտե'ք այստեղ:

«Սոցիալական ձեռներեցություն․ Հայաստան-Թուրքիա փոխանակման ծրագրի» նախագծի շրջանակներում հաջորդ հանդիպում-դասընթացը նախատեսվում է 2018 թ․-ի փետրվարին։ Հետեւե՛ք Հանրային լրագրության ակումբի ֆեյսբուքյան էջին թարմացումներ ստանալու համար։ 

Հայաստանում Հանրային լրագրության ակումբը (ՀԼԱ) եւ Թուրքիայի գործընկեր Թուրքիայի տնտեսական քաղաքականության հետազոտությունների հիմնադրամը  (ՏԵՊԱՎ) նախաձեռնեցին «Սոցիալական ձեռներեցություն․ Հայաստան-Թուրքիա փոխանակման ծրագիրը», որը համախմբեց Հայաստանից և Թուրքիայից սոցիալական ձեռնարկատերերի՝ համագործակցության համար գործնական կապեր ստեղծելու նպատակով:
Նախաձեռնությունը իրականացվում է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ: 
Նախաձեռնության գործընկերն է Միկադո Քընսալթինգ ընկերությունը՝ Թուրքիայից։

Ծրագրի թիմի մասին

Հանրային լրագրության ակումբը (ՀԼԱ) Հայաստանում գրանցված հասարակական կազմակերպություն է, ստեղծվել է 2011 թ.-ի մարտին: Հանրային լրագրության ակումբի ծրագրերը նպատակաուղղված են Հայաստանում մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների պաշտպանությանը, նորարար նախաձեռնությունների միջոցով տարածաշրջանում երկխոսության, խաղաղության ու փոխըմբռնման նպաստմանը, ինչպես նաև ժողովրդավարական գործընթացների և քաղաքացիական հասարակության զարգացմանը: ՀԼԱ առաքելության հիմնարար դրույթներից են նաև մեդիագրագիտությամբ զինված իրազեկ հասարակության ձևավորումը, խոսքի ազատության և բազմակարծութան խթանումը, ինչպես նաև նորարար և համարձակ նախագծերի միջոցով սոցիալական բարեփոխումների իրականացումը:
 Հասցե՝ Սարյան 12, 3-րդ հարկ, Երևան, Հայաստան, 0002
Հեռ.՝ +37412 755898, +37499 755 898
Էլհասցե՝ info@pjc.am   
Կայք՝ www.pjc.am 

«Թուրքիայի տնտեսական քաղաքականության հետազոտությունների հիմնադրամը» (ՏԵՊԱՎ) անկողմնակալ, շահույթ չհետապնդող կազմակերպություն է, որը տեղակայված է Անկարայում (Թուրքիա): ՏԵՊԱՎ-ը հիմնադրվել է 2004 թվականին` որպես անկախ գիտահետազոտական ինստիտուտ, և հանդիսանում է տնտեսական քաղաքականություն մշակող Թուրքիայի ամեմախոշոր հաստատությունը, որտեղ աշխատում են տաղանդավոր գիտաշխատողներ և փորձագետներ: ՏԵՊԱՎ-ի առաքելությունն է մշակել Թուրքիայի և շրջակա տարածաշրջանի հանրային և մասնավոր հատվածների զարգացմանը նպաստող նորարար քաղաքականության ռազմավարություններ: ՏԵՊԱՎ-ի գործունեության նպատակն է մրցակցային գործարար միջավայրի ամրապնդումը, Թուրքայում և շրջական տարածաշրջանում տարածաշրջանային զարգացման բարելավումը, ինչպես նաև աջակցությունը միջազգային տնտեսական ինտեգրմանը:
Հասցե՝ Սոգյուտուսո Քադեսի No: 43 ԹՕԲԲ-ԷՏՈՒ Երլեշկեսի 2. Քիսիմ 06560 Սոգյուտուսո, Անկարա
Հեռ.՝ +90 (312) 292 55 25
Էլհասցե՝ tepav@tepav.org.tr
Կայք՝  www.tepav.org.tr

Միկադո Քընսալթինգը սոցիալական ձեռնարկություն է, հիմնադրվել է 2007 թ.-ի սեպտեմբերին: Այն նպատակաուղղված է ծառայելու կայուն զարգացմանը եւ նորարարական մոդելների եւ լուծումների մշակման միջոցով սոցիալական ազդեցություն գործելու: Միկադոն ձգտում է քաղաքացիական հասարակության, ակադեմիական, հասարակական եւ միջազգային կազմակերպությունների հետ լայն համագործակցության՝  բազմակողմանի զարգացման նպատակով: Սոցիալական նորարարությունը, սոցիալական ազդեցությունը եւ կայունությունը Միկադոյի հիմնական սյուներն են: Բոլոր ծրագրերի համար մշակվում են մոնիթորինգի եւ գնահատման մեխանիզմներ, եւ չափվում է սոցիալական ազդեցությունը: Տարբեր ընկերությունների, գիտական հաստատությունների եւ ՀԿ-ների հետ համագործակցությամբ մշակված Միկադոյի բազմաթիվ ծրագրեր արժանացել են զանազան մրցանակների:
Հասցե՝ Վալիկոնագի պողոտա Մոդուլ No:11 K:7 34371, Նիշանթաշի,Ստամբուլ
Հեռ.՝ 0212 2345151
Էլհասցե՝ info@mikadoconsulting.com
Կայք՝ http://www.mikadoconsulting.com/en/
Print Friendly and PDF