Հայտարարություն. Հայաստանի փակ հաստատություններում մարդու իրավունքների իրավիճակի վերաբերյալ լրագրողական աշխատանքների մրցույթ

 

 

Հայտարարություն

Հայաստանի փակ  հաստատություններում մարդու իրավունքների իրավիճակի վերաբերյալ լրագրողական աշխատանքների մրցույթ

1.Նկարագիր

«Հանրային լրագրության ակումբ» հասարակական կազմակերպությունը իրականացնում է «Հանրային հայացք՝ փակ աշխարհին․ մարդու իրավունքների իրավիճակը Հայաստանի փակ հաստատություններում» երկամյա ծրագիրը Եվրոպական Միության և Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի ֆինանսավորմամբ։ Ծրագիրը մեկնարկել է 2017 թ․ դեկտեմբերին։  

Ծրագրի հիմնական նպատակն է նպաստել փակ հաստատություններում մարդու իրավունքների իրավիճակի բարելավմանը հանրային իրազեկման, ինչպես նաև առկա խնդիրների ու հնարավոր լուծումների վերաբերյալ բանավեճերի միջոցով։

Ծրագրի խնդիրներն են․

  • Ընդլայնել լրագրողների իրազեկվածությունը և զարգացնել փակ հաստատություններում մարդու իրավունքների իրավիճակի լուսաբանման հմտությունները,
  • Բարելավել փակ հաստատություններում մարդու իրավունքների իրավիճակի վերաբերյալ լրագրողական նյութերի որակը։

Ծրագրի շրջանակներում ՀԼԱ-ն հայտարարում է Հայաստանի փակ կառույցներում, ինչպես նաև հատուկ խնամքի հաստատություններում և հատուկ դպրոցներում մարդու իրավունքների իրավիճակի լուսաբանման մրցույթ։

2.Մրցույթի խնդիրները

Մրցույթի հիմնական խնդիրներն են․

  • Հանրության ուշադրությունը հրավիրել Հայաստանի փակ հաստատություններում, ինչպես նաև հատուկ խնամքի հաստատություններում և հատուկ դպրոցներում մարդու իրավունքների խնդիրներին,
  • Նպաստել փակ հաստատություններում, ինչպես նաև հատուկ խնամքի հաստատություններում և հատուկ դպրոցներում մարդու իրավունքների խնդիրների լուսաբանմանը և հրապարակվող նյութերի որակի բարելավմանը։

3.Համապատասխանության չափանիշներ

Լրագրողական պատմությունները պետք է վերաբերեն Հայաստանի փակ կառույցներում, ինչպես նաև հատուկ խնամքի հաստատություններում և հատուկ դպրոցներում մարդու իրավունքների խնդիրներին։ Լրագրողական նյութերը կարող են լինել հետևյալ ձևաչափերով․ տպագիր, ռադիո, հեռուստատեսային, առցանց և մուլտիմեդիա: Դրանք պետք է պատրաստված և հրատարակված, հեռարձակված կամ համացանցում հրապարակված լինեն 2017 թ․ նոյեմբերի 1-ից 2018 թ․ նոյեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում:

Յուրաքանչյուր լրագրող կարող է ներկայացնել մեկից ավելի լրագրողական նյութ: Մրցույթին ներկայացված նյութերի հեղինակային իրավունքները պատկանում են հեղինակներին: Նյութերը կարող են լինել հայերեն, ռուսերեն և անգլերեն:

4.Գնահատման չափանիշներ

Ներկայացված նյութերը կգնահատվեն հետևյալ չափանիշներով․

  • Լրագրողական նյութի առնչությունը փակ հաստատություններում, ինչպես նաև հատուկ խնամքի հաստատություններում և հատուկ դպրոցներում մարդու իրավունքների թեմային,
  • Փակ հաստատություններում, հատուկ խնամքի հաստատություններում և հատուկ դպրոցներում կոնկրետ խնդիրների հասցեագրումը,
  • Լրագրողական նյութի որակը և խորությունը, ներառյալ լուսաբանվող խնդրի մասով օբյեկտիվությունը, վերլուծությունը և էթիկայի կանոնների պահպանումը,
  • Ստեղծարար և նորարար մոտեցումը և ոճը։

Ցանկալի է, որպեսզի մրցույթի թեմայի շրջանակներում ներկայացվող աշխատանքներում վերհանվեն գենդերային տեսանկյունը և խոցելի խմբերի կարիքները։

Մրցանակները կշնորհվեն հետևյալ անվանակարգերում՝

  1. Լավագույն հետաքննական նյութ,
  2. Լավագույն ակնարկ / մարդկային պատմություն,
  3. Լավագույն ռեպորտաժ,
  4. Լավագույն գրաֆիկական պատում / ծաղրանկար

5․Մրցանակաբաշխություն

Հաղթողների համար նախատեսվում են ինչպես խոշոր դրամական, այնպես էլ ոչ դրամական մրցանակներ ու հավաստագրեր։ Մրցանակաբաշխության արարողությունը տեղի կունենա 2018 թ. դեկտեմբերի 10-ին՝ Մարդու իրավունքների օրը:

6․Պահանջվող փաստաթղթեր և հայտերի ներկայացման վերջնաժամկետ

Հետաքրքրված լրագրողներն իրենց նյութերը կարող են ուղարկել էլեկտրոնային տարբերակով՝ լրացնելով հետևյալ օնլայն հայտադիմումը մինչև 2018 թ․նոյեմբերի 5-ը։

Մրցույթին մասնակցելու համար լրագրողները պետք է ներկայացնեն տպագիր մամուլում տպագրված հոդվածի[1], հեռարձակված տեսանյութի հղումը՝ հեռուստաալիքի պաշտոնական տարբերանշանով, էլեկտրոնային մամուլի դեպքում՝ ինտերնետային կայքի հասցեն (URL): Հրապարակումների շարքի դեպքում անհրաժեշտ է ներկայացնել բոլոր նյութերի հղումներն ըստ հերթականության։

Մրցույթի վերաբերյալ հարցերի դեպքում խնդրում ենք կապ հաստատել ՀԼԱ հաղորդակցության մասնագետ Աղավնի Հարությունյանի հետ aghavniharutyunyan@pjc.am էլ-փոստով։

 

[1] Տպագիր հոդվածի դեպքում անհրաժեշտ է նյութի սկանը վերբեռնել Google drive և հայտում նշել համապատասխան փաստաթղթի հղումը։

Print Friendly and PDF