Մեդիա ներկայացուցիչների կարողությունների զարգացում՝ Հայաստանի փակ հաստատություններում մարդու իրավունքների հիմնախնդիրների հետաքննական լուսաբանման թեմայով

1.Նկարագիր

«Հանրային լրագրության ակումբ» հասարակական կազմակերպությունը՝ «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոնի հետ համատեղ իրականացնում է «Հանրային հայացք՝ փակ աշխարհին․ մարդու իրավունքների իրավիճակը Հայաստանի փակ հաստատություններում» երկամյա ծրագիրը Եվրոպական Միության և Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի ֆինանսավորմամբ։ Ծրագիրը մեկնարկել է 2017 թ․ դեկտեմբերին։  

Ծրագրի հիմնական նպատակն է նպաստել փակ հաստատություններում մարդու իրավունքների իրավիճակի բարելավմանը հանրային իրազեկման, ինչպես նաև առկա խնդիրների ու հնարավոր լուծումների վերաբերյալ բանավեճերի միջոցով։

Ծրագրի խնդիրներն են․

  • Ընդլայնել լրագրողների իրազեկվածությունը և զարգացնել փակ հաստատություններում մարդու իրավունքների իրավիճակի լուսաբանման հմտությունները,
  • Բարելավել փակ հաստատություններում մարդու իրավունքների իրավիճակի վերաբերյալ լրագրողական նյութերի որակը։

Ծրագրի շրջանակներում ՀԼԱ-ն կազմակերպում է Հայաստանի փակ կառույցներում, ինչպես նաև հատուկ խնամքի հաստատություններում և հատուկ դպրոցներում մարդու իրավունքների իրավիճակի լուսաբանման վերաբերյալ դասընթաց մեդիայի ներկայացուցիչների համար։

2.Նպատակներ և արդյունքներ

Դասընթացի հիմնական նպատակներն են՝

  • Ներկայացնել հետաքննական լրագրության հիմնական հայեցակարգը, մեխանիզմները, լուսաբանումը փակ հաստատությունների, ինչպես նաև հատուկ խնամքի հաստատությունների և հատուկ դպրոցների համատեքստում
  • Ներկայացնել Հայաստանի փակ հաստատություններում մարդու իրավունքների ներկայիս իրավիճակը
  • Հետաքննական լրագրության թեմաների քննարկում (հաշվի առնելով հետաքննական նյութի գենդերային տեսանկյունը)։

3.Դասընթացի հիմնական հարցեր

Հետաքննական լրագրության մասով՝

  • Որո՞նք են հետաքննական լրագրության առավելություններն ու հավելյալ արժեքը։ Որո՞նք են հետաքննական լրագրության հիմնական գործիքններն ու մեխանիզմները։ Ինչպե՞ս ծրագրել հետաքննությունը։ Ինչպե՞ս գտնել և աշխատել աղբյուրների հետ։ Հարցազրույցի համար ի՞նչ հմտություններ են անհրաժեշտ։ Որո՞նք են հետաքննության հիմնական գործիքները։ Ինչպե՞ս շարադրել պատմությունը։ Որո՞նք են հետաքննական լրագրության էթիկայի կանոնները։ Ներկայացնել հետաքննական լրագրության միջազգային լավագույն փորձի օրինակներ հոգեբուժական հաստատություններում/կալանավայրերում/ ուղղիչ կենտրոններում մարդու իրավունքների իրավիճակը լուսաբանելու վերաբերյալ։

Հայաստանի փակ հաստատություններում մարդու իրավունքների իրավիճակի մասով՝

  • Ինչպիսի՞նն է մարդու իրավունքների ներկայիս իրավիճակը փակ հաստատություններում։ Ինչպե՞ս է գործում փակ հաստատությունների համակարգը, և ինչպե՞ս է այն համակարգվում/վերահսկվում։ Որո՞նք են փակ հաստատություններում մարդու իրավունքների հիմնական մարտահրավերներն ու հնարավորությունները ։ Ովքե՞ր են հիմնական շահակիցները/դերակատարները, ովքեր ներգրաված են փակ հաստատություններում մարդու իրավունքների պաշտպանության և մշտադիտարկման գործընթացներում։ Ինչպե՞ս  կարող են լրագրողներն աջակցել փակ հաստատություններում մարդու իրավունքների իրավիճակի բարելավմանը։ Ինչը՞ կարող է լրագրողների համար հանդիսանալ հիմնական սկզբակետ/ թեմա։

Դասընթացին կհաջորդեն փակ հաստատություններում մարդու իրավունքների խնդիրները լուսաբանելու հետաքննական/ լրագրողական նյութերի մտքերի և  փորձի փոխանակումը, ինչպես նաև հետագա քայլերի քննարկումը։

Դասընթացը կանցկացնեն՝

Սանիտա Ջեմբերգա, «Re: Baltica» հետաքննական լրագրության Բալթյան կենտրոն, 
Էդիկ Բաղդասարյան, «Հետք» ինտերնետային թերթի գլխավոր խմբագիր,
Զարուհի Մեջլումյան, hetq.am լրագրող, «Անմեղության հայկական ծրագիր» ՀԿ նախագահ,
Արթուր Սաքունց, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ,
Ավետիք Իշխանյան, Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ,
Սոփիո Տաբաղուա, հոգեբան, Խոշտանգման զոհերի հոգեսոցիալական և բժշկական վերականգնողական վրացական կենտրոնի համակարգող,
Մաիա Ծիռամուա, հոգեբան, Խոշտանգման զոհերի հոգեսոցիալական և բժշկական վերականգնողական վրացական կենտրոն:

4.Ժամկետներ

Դասընթացը կանցկացվի 2018 թ․ մայիսի 31-ից հունիսի 3-ը Ծաղկաձորում (Ռոսիա հյուրանոց):

2018 թ․ ապրիլի 3-ին ժամը 18։00-ին Հանրային լրագրության ակումբի գրասենյակում (հասցեն՝ ՀՀ ք․ Երևան, Սարյան 12, 3-րդ հարկ) տեղի կունենա իրազեկման միջոցառում դասընթացի օրակարգը և խնդիրները ավելի մանրամասն ներկայացնելու համար։

5.Պահանջվող որակավորումներ և փորձ

Լրագրողների ընտրությունը կկատարվի հետևյալ չափորոշինչների հիման վրա՝

  • Առնվազն 1 տարվա փորձ լրագրության ոլորտում․ հետաքննական լրագրության փորձը կդիտվի որպես առավելություն
  • Դասընթացի թեմայի վերաբերյալ հետաքննական լրագրողական նյութ պատրաստելու պատրաստակամություն,
  • Մարդու իրավունքների խնդիրների լուսաբանման փորձ․ փակ հաստատությունների խնդիրների լուսաբանումը կդիտվի որպես առավելություն։

Ի լրումն, մասնակիցները պետք է ներկայացնեն նախկինում հրապարակված նյութ/հոդված մարդու իրավունքների խնդիրների վերաբերյալ։

6.Պահանջվող փաստաթղթեր և հայտադիմումների ընթացակարգ

Հետաքրքրված լրագրողները պետք է լրացնեն առցանց հայտադիմումը մինչև 2018 թ․ ապրիլի 13-ը։ Հայտը պետք է ներառի[1] նաև՝

  • Դիմողի ինքնակենսագրականը
  • Հրապարակված նյութ/հոդված մարդու իրավունքների վերաբերյալ, ներառյալ աղբյուրը/հղումը և հրապարակման ամսաթիվը։

Հայտերի վերաբերյալ հավելյալ հարցերի դեպքում խնդրում ենք կապ հաստատել ՀԼԱ ծրագրերի ղեկավար Ալեքսեյ Պետրոսյանի հետ alikpetrosyan@pjc.am էլ-փոստով։

 

[1] Պահանջվող բոլոր փաստաթղթերը պետք է վերբեռնել Google Drive՝ գրանցման հայտադիմումում նշելով փաստաթղթի հղումը (URL):

Print Friendly and PDF