«Սուպերվարչապետական» համակարագ , թե՞ կառավարման արդյունավետություն

Հարցմանը մասնակցածների մեծ մասի կարծիքով՝ Հայաստանում փորձ է արվում կառուցել տոտալիտար պետություն։

Հայաստանում ամենաազդեցիկ սոցիալական հարթակում՝ Ֆեյսբուքում, օգտատերերի տրամադրություններն ուսումնասիրելու համար սոցցանցի տիրույթում Հանրային լրագրության ակումբն անցկացրել է online հարցում Polls for pages գործիքի միջոցով։ Հարցման նպատակն է եղել պարզել,  թե հայաստանցի օգտատերերն ինչպե՞ս են գնահատում  կառավարման համակարգում իշխանությունների նախաձեռնած փոփոխությունները՝ պայմանավորված խորհրդարանական համակարգի ներդրմամբ։

Հարցումն անցկացվել է փետրվարի 13-ից մարտի 7-ը ընկած ժամանակահատվածում։

Հարցման համար նախատեսված վիրտուալ հարթակ այցելած 4510 օգտատերերից դիրքորոշում է հայտնել 22%-ը՝ 964 օգտատեր։ Մասնակից օգտատերերի 91․4 % -ը Հայաստանից են։ Մասնակիցները պատասխանել են հետևյալ հարցին։

ՀՀ ապագա վարչապետին լայն լիազորություններով օժտելու (կառավարության նիստերն անցկացվելու են դռնփակ ռեժիմով, Ազգային անվտանգության ծառայությունը և Ոստիկանությունը ենթարկվելու է վարչապետին, ներման իրավունքի փոխանցվում է նախագահից վարչապետին և այլն) նախաձեռնություններն ավելի շատ համարում եք՝

  • Արդյունավետ կառավարման խթանում
  • Ավտորիտար կառավարման խթանում
  • Տոտալիտար պետություն կառուցելու փորձ

Մասնակիցների 58․9 % -ը (568 օգտատեր) համարում է, որ վարչապետին լայն լիազորություններով օժտելու պատճառն իշխանությունների կողմից տոտալիտար պետություն կառուցելու փորձն է, 32․4  % -ը (312 օգտատեր) համարում է, որ փոփոխությունները կատարվում են ավտորիտար կառավարումը խթանելու համար։

Օգտատերերի ընդամենը 8.7 %-ն (84 օգտատեր)  է համարում, որ փորձ է արվում նման փոփոխություններով բարձրացնել կառավարման արդյունավետությունն ու կառավարման թափանցիկությունը։ 

Հարցման մասնակիցների 90 տոկոսից ավելին կառավարման համակարգում իշխող Հանրապետական կուսակացության նախաձեռնած փոփոխությունները գնահատում են կառավարման ավտորիտար կամ տոտալիտար քաղաքական մշակույթի ներդրման փորձ։

Կառավարման համակարգում օրենսդրական փոփոխությունների ներկայացվող հիմնավորումներն ու մտահոգությունները

2015 թ․ դեկտեմբերի 6-ի սահմանադրական հանրաքվեով փոփոխված ՀՀ Սահմանադրությունն ամբողջությամբ ուժի մեջ է մտնելու սույն թվականի ապրիլ ամսից, երբ կավարտվի ՀՀ գործող նախագահ Սերժ Սարգսյանի նախագահության երկրորդ ժամկետը։

Երկրի ղեկավարը ՀՀ Սահմանադրությամբ այդուհետ հանդիսանալու է ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների մեծամասնության կողմից ընտրվող վարչապետը։

Մինչ ՀՀ նոր Սահմանադրությունը լիովին ուժի մեջ կմտնի, իշխող Հանրապետական կուսակցությունը, մի շարք օրենքներում փոփոխություններ նախաձեռնելով, ՀՀ ապագա վարչապետին օժտում է բավականին լայն լիազորություններով և նրան փոխանցում գործող կիսանախագահական համակարգի «ուժեղ նախագահի» լիազորությունները։

Օրենսդրական փոփոխությունները պաշտոնապես հիմնավորվում են այն հանգամանքով, որ անհրաժեշտ է Սահմանադրությանը համապատասխան սահմանել պետական կառավարման համակարգի մարմինների շրջանակը և դրանց կազմավորման կարգը, ինչպես նաև կարգավորել դրանց հետ կապված այլ հարաբերությունները:

Ներդրվող համակարգն անկախ փորձագիտական շրջանակների ու ընդդիմության ներկայացուցիչների կողմից ավելի շատ որակվում է ոչ թե որպես խորհրդարանական, այլ՝ «սուպերվարչապետական» համակարգ կամ «վարչապետական դիկտատուրա»։

«Մենք ունենում ենք ոչ այնքան կուսակցական կառավարում, որքան միապետ նախագահի փոխարեն ունենում ենք միապետ վարչապետի ինստիտուտ»,- ներդրվող համակարգը գնահատում է Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը։

Ի տարբերություն կիսանախագահական համակարգի, որտեղ գոյություն ուներ բավականին ազդեցիկ վարչապետի ինստիտուտ, որը պոտենցիալ հակակշիռ էր նախագահի ինստիտուտին և իշխանության ներսում որոշակի ուժային կենտրոն էր,  խորհրդարանական ներկայիս համակարգի դեպքում միակ ուժային կենտրոն է  «սուպեր» լիազորություններով օժտված վարչապետը։ Ընդ որում օրենսդրական փոփոխություններով ուժեղացվում է ոչ թե կառավարությունը, այլ՝ հենց վարչապետի ինստիտուտը։

«Հայաստանում այս օրենսդրական փաթեթներով ներդրվում է վարչապետական դիկտատուրայի համակարգ»,- կատարվող փոփոխությունները այսպես է գնահատել ԱԺ «Ելք» ընդդիմադիր խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը։

Ի թիվս Սահմանադրությամբ ու օրենքներով արդեն սահմանված լիազորությունների, մի շարք օրենքների փոփոխություններով վարչապետի լիազորությունների ցանկն առավել հարստացվում է։ Օրինակ՝  ԱԱԾ-ն ու ոստիկանությունն անմիջականորեն հաշվետու են ապագա վարչապետին։ Միաժամանակ օրենսդրական փոփոխություններով էականորեն նվազեցվում է կառավարության գործունեության թափանցիկությունը։

Վիճահարույց օրենսդրական փոփոխությունները  

«Պետական կառավարման համակարգի մասին» օրենքի նախագծով նախատեսվում է, որ անմիջապես վարչապետին ենթակա մարմիններ են լինելու․

  • Ազգային անվտանգության ծառայությունը,
  • Ոստիկանությունը,
  • Պետական պահպանության ծառայությունը,
  • Պետական վերահսկողական ծառայությունը:

Վարչապետին ենթակա մարմինների ղեկավարներին, ըստ օրինագծի, նշանակում և ազատում է վարչապետը: Այդ կառույցների ղեկավարները հաշվետու են անձամբ վարչապետին։

Այս կառուցվածքը իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի կարծիքով խիստ վտանգավոր է և պարարտ հող է ստեղծում  2008 թ․ մարտի 1-ի նման արյունալի դեպքերի կրկնության․

«Եթե իսկապես խորհրդարանական քաղաքական ուժերը մտահոգված են «Մարտի 1»-ի չկրկնվելով, ապա ոստիկանությունը պետք է դառնա ներքին գործերի նախարարություն, ԱԱԾ-ն՝ Ազգային անվտանգության նախարարություն, դրանք  պետք է լինեն խորհրդարանական վերահսկողության տակ։ Քննչական մարմինների մասով պետք է առանձին օրենք լինի, որով նրանք կախված չեն լինելու վարչապետից»։

Պետական համակարգի կառույցները վերահսկելու համար վարչապետի ձեռքում ազդեցիկ գործիք կարող է ծառայել Պետական վերահսկողական ծառայությունը։ Այն բավականին լայն սպեկտրով վերհսկողական գործառույթներ ու լիազորություններ ունեցող մարմին է։

«Ներման մասին» օրենքի նախագծի համաձայն՝ ներման խնդրագիր ներկայացրած անձին ներում շնորհելու կամ մերժելու մասին առաջարկությունը նախագահին ներկայացնում է վարչապետը: Խնդրագիրը նախ ուսումնասիրում է վարչապետի ստեղծած Ներման հարցերի քննարկման հանձնաժողովը, որի եզրակացությունը, սակայն, վարչապետի համար խորհրդատվական բնույթ ունի։

Այսինքն՝ ներման իրավունքը ևս վարչապետի լիազորությունների շրջանակում է։

«Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի նախագծով նախատեսվում է, որ կառավարության նիստերը պետք է անցկացվեն դռնփակ ռեժիմով։ Այս որոշումը հիմնավորվում է նիստերն առավել արդյունավետ, անկաշկանդ ու բովանդակային քննարկումների մթնոլորտում անցկացնելու անհրաժեշտությամբ։

Նույն փոփոխություններով սահմանվում է, որ «կառավարության անդամն իրավունք չունի առանց վարչապետի թույլտվության տեղեկատվություն հրապարակել Կառավարությունում քննարկված որևէ հարցի քննարկման ընթացքի մասին»:

«Սա նշանակում է վերջ՝ ուրեմն հանրության կողմից վերահսկողության իրականացման, նրանց առջև հաշվետու լինելու բոլոր մեխանիզմները փակվում են։ Վստահաբար կարող եմ ասել, որ մեկ տարվա ընթացքում ալիքի նման հաջորդելու են մյուս բոլոր նիստերը փակելու նախաձեռնությունները սա միայն առաջին քայլն է»,- ասում է Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հիմնադիր նախագահ Շուշան Դոյդոյանը։

Եզրակցություն

Հարցմանը մասնակից ֆեյսբուքյան օգտատերերի կարծիքները համընկնում են քաղհասարակության ներկայացուցիչների ու ընդդիմադիրների կողմից հնչեցված գնահատականներին։ Հարցման արդյունքներից դատելով՝ իշխանությունների կողմից ներկայացված հիմնավորումներն ու բացատրությունները համոզիչ չեն եղել և կառավարման համակարգում կատարվող փոփոխությունները հավանության կրիտիկական ցածր աստիճան ունեն։

Սակայն թեմայի վերաբերյալ օգտատերերի հետաքրքրության համեմատաբար ցածր մակարդակը (հարցման հարթակ այցելած 4510 օգտատիրոջից քվեարկությանը մասնակցել է 22%-ը (964), թույլ է տալիս կարծել, որ վիրտուալ հարթակում ներկայացված հանրության լայն շերտերը թեմային կարևորություն չեն տալիս կամ հետաքրքրված չեն։ Նման վարքագծի պատճառ կարող է հանդիսանալ՝

  •  ընդհանուր առմամբ թեմայի վերաբերյալ տեղեկատվության պակասը,
  •  քաղհասարակության ու ընդդիմադիրների կողմից հնչեցվող մտահոգությունների մասին թույլ տեղեկացվածությունը,
  • հնչեցված ռիսկերին ու մտահոգություններին կարևորություն չտալը։

 

Հարցման մասին մանարմասներ

Հարցումն անցկացվել է փետրվարի 13-ից մարտի 7-ը ընկած ժամանակահատվածում։

Հարցումը տեղադրված է եղել ՀԼԱ-ի Մեդիա կենտրոն նախաձեռնության ավելի քան 6500 հետևորդ ունեցող ֆեյսբուքյան էջում ու հանրության լայն ներգրավվածությունն ապահովելու համար օգտագործվել է վճարովի գովազդի հնարավորությունը։ Գովազդի միջոցով թիրախավորվել են Հայաստանում ապրող 18-ը լրացած բոլոր օգտատերերը՝ երկրի բոլոր մարզերից։ Հարցման լեզուն հայերենն է։

Հարցման համար նախատեսված վիրտուալ հարթակ այցելած 4510 օգտատերերից դիրքորոշում է հայտնել 22%-ը՝ 964 օգտատեր։ Մասնակից օգտատերերի 914 % -ը Հայաստանից են,  33%-ը՝ Ռուսաստանից, 14 %-ը՝ ԱՄՆ-ից, 08%-ը՝ Գերմանիայից։

Մասնակիցների մնացած 31  %-ը եղել են  Վրաստանից, Բելգիայից, Միացյալ Նահանգներից, Շվեդիայից, Ֆրանսիայից, Կանադայից, Լեհաստանից, Միացյալ Թագավորությունից, Իսպանիայից, Հունաստանից, Ավստրիայից և Միացյալ Էմիրություններից։

Մասնակիցները պատասխանել են հետևյալ հարցին՝ 3 հնարավոր պատասխանով

ՀՀ ապագա վարչապետին լայն լիազորություններով օժտելու (կառավարության նիստերն անցկացվելու են դռնփակ ռեժիմով, Ազգային անվտանգության ծառայությունը և Ոստիկանությունը ենթարկվելու է վարչապետին, ներման իրավունքի փոխանցվում է նախագահից վարչապետին և այլն) նախաձեռնություններն ավելի շատ համարում եք՝

  • Արդյունավետ կառավարման խթանում
  • Ավտորիտար կառավարման խթանում
  • Տոտալիտար պետություն կառուցելու փորձ

Հարցման մասնակիցների արտահայտած  դիրքորոշումը գաղտնի է և հրապարակման ենթակա չէ։

Մասնակիցները հնարավորություն են ունեցել նաև հարցմանը մասնակցել անանուն տարբերակով՝ առանց բացահայտելու ինքնությունը։

Մասնակիցների 76 %-ը արական սեռի, իսկ 24 %-ը իգական սեռի ներկայացուցիչներ են։

«Հանրային հարցումներ առցանց տիրույթում» ծրագիրն իրականացնում է Հանրային լրագրության ակումբ ՀԿ-ն:

 

 

Print Friendly and PDF