Հայտերի հրավեր. հետաքննության հնարավորություն լրագրողների համար

1.Նկարագիր

«Հանրային լրագրության ակումբ» հասարակական կազմակերպությունը՝ «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոնի հետ համատեղ իրականացնում է «Հանրային հայացք՝ փակ աշխարհին․ մարդու իրավունքների իրավիճակը Հայաստանի փակ հաստատություններում» երկամյա ծրագիրը Եվրոպական միության և Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի ֆինանսավորմամբ։ Ծրագիրը մեկնարկել է 2017 թ․ դեկտեմբերին։  

Ծրագրի հիմնական նպատակն է նպաստել փակ հաստատություններում՝ ձերբակալված անձանց պահելու վայրերում, քրեակատարողական հիմնարկներում, հոգեբուժական հաստատություններում, ինչպես նաև հատուկ դպրոցներում և հատուկ խնամքի կենտրոններում մարդու իրավունքների իրավիճակի բարելավմանը հանրային իրազեկման, ինչպես նաև առկա խնդիրների ու հնարավոր լուծումների վերաբերյալ բանավեճերի միջոցով։

Ծրագրի խնդիրներն են․

  • Ընդլայնել լրագրողների իրազեկվածությունը և զարգացնել փակ հաստատություններում մարդու իրավունքների իրավիճակի լուսաբանման հմտությունները,
  • Բարելավել փակ հաստատություններում մարդու իրավունքների իրավիճակի վերաբերյալ լրագրողական նյութերի որակը։

Ծրագրի շրջանակներում Հանրային լրագրության ակումբը հայտարարում է մրցույթ վերոնշյալ հաստատություններում մարդու իրավունքների իրավիճակի վերաբերյալ լրագրողական հետաքննության նյութերի պատրաստման համար։

2.Հետաքննության թեմաներ և ակնկալվող արդյունքներ

Լրագրողական հետաքննության թեմաները պետք է վերաբերեն փակ հաստատություններում, ինչպես նաև հատուկ դպրոցներում և հատուկ խնամքի կենտրոններում մարդու իրավունքների խնդիրներին։

Հետաքննական նյութի ձևաչափի (հոդված/հոդվածաշար, տեսա և աուդիոնյութեր/հաղորդումներ և այլն), ծավալի և/կամ տևողության մասով որևէ սահմանափակումներ չկան։ Այնուամենայնիվ, հայտատուներից պահանջվում է ներկայացնել առաջարկվող թեմայի լուսաբանման համար անհրաժեշտ ձևաչափի, մեթոդների և աշխատանքի հստակ հիմնավորումներ։

Հետաքննությունների ակնկալվող արդյունքներն են՝

  • Հանրությանը ներկայացնել որակյալ և հավասարակշռված հետաքննական նյութեր փակ հաստատություններում, ինչպես նաև հատուկ դպրոցներում և հատուկ խնամքի կենտրոններում մարդու իրավունքների իրավիճակի վերաբերյալ,
  • Մեծացնել հանրության ուշադրությունը վերոնշյալ հաստատություններում մարդու իրավունքների խնդիրների նկատմամբ,
  • Խթանել հանրային բանավեճեր տվյալ հաստատություններում մարդու իրավունքների խնդիրների և դրանց լուծման ուղիների վերաբերյալ։

3.Ժամկետներ

Հետաքննությունները պետք է հրապարակվեն մինչև 2018թ․ նոյեմբերի 1-ը։ Հայտատուները պետք է ներկայացնեն հստակ երաշխավորագրեր՝ հավաստելով հետաքննական նյութի հրապարակումը տվյալ ժամանակահատվածում։

4.Պահանջվող որակավորումներ և փորձ

Հետաքննություններում հետաքրքրված լրագրողները / կազմակերպությունները պետք է ունենան՝

  • մասնագիտական կրթություն լրագրության ոլորտում,
  • առնվազն 1 տարվա փորձ լրագրության ոլորտում, հետաքննող լրագրության փորձը կհամարվի առավելություն,
  • նյութի վերաբերյալ փաստեր հավաքագրելու, հարցազրույցներ իրականացնելու, ինչպես նաև բազմակողմանի ուսումնասիրություն և վերլուծություն կատարելու կարողություն,
  • ճշգրիտ նյութեր մշակելու կարողություն,
  • հայերեն լեզվի գերազանց իմացություն,
  • սեղմ ժամկետներում աշխատանք կատարելու կարողություն,
  • գերազանց հաղորդակցության հմտություններ,
  • երաշխավորագիր լրատվամիջոցից, որը կհավաստի հետաքննական նյութի հրապարակումը վերոնշյալ ժամկետներում։

5.Պահանջվող փաստաթղթեր, վերջնաժամկետ և գնահատման չափանիշներ

Հետաքրքրված լրագրողները/կազմակերպությունները պետք է ներկայացնեն հայտ, որը պետք է բաղկացած լինի հետևյալ փաստաթղթերից՝

1․ Տեխնիկական առաջարկ (առավելագույնը 3 էջ)

Տեխնիկական առաջարկը պետք է ներառի հայտատուի/կազմակերպության տվյալները, հետաքննության համար առաջարկվող թեման, թեմայի արդիականությունը, ինչպես նաև մանրամասն նկարագրի հետաքննության համար առաջարկվող հիմնական մեթոդները/մոտեցումները և աշխատանքային պլանը/ժամկետները։ Առաջարկում պետք է ներկայացնել թեմայի ընտրության, առաջարկվող մոտեցումների հիմնավորվածությունն ու դրանց արդյունավետությունը տվյալ թեման լուսաբանելու համար։

2․ Ֆինանսական առաջարկ (բյուջե)

Ֆինանսական առաջարկը պետք է ներառի հետաքննության համար պահանջվող ֆինանսական ռեսուրսները, այդ թվում՝ լրագրողի հոնորար, այլ փորձագետների հոնորարներ, ճանապարհածախս, գիշերակաց, նյութերի ձեռքբերում և այլն։

Բյուջեի առավելագույն գումարը չպետք է գերազանցի 650,000 ՀՀԴ-ն, ներառյալ բոլոր հարկերն ու պարտադիր վճարները։ Ֆինանսավորման բյուջեի միջին գումարը կազմում է 400,000 ՀՀԴ։

3 Տվյալներ նախորդ փորձի վերաբերյալ

Հայտատուները պետք է ներկայացնեն իրենց և/կամ փորձագետների ինքնակենսագրականները (կազմակերպությունների դեպքում նաև նախկինում կատարված նմանատիպ աշխատանքների նկարագրությունը), ինչպես նաև հրապարակված նյութ/հոդված մարդու իրավունքների վերաբերյալ՝ ներառյալ աղբյուրը/հղումը և հրապարակման ամսաթիվը։

Ներկայացված հայտերը կգնահատվեն հետևյալ չափանիշներով՝

  • տեխնիկական առաջադրանքի հիմնավորվածությունը, ներառյալ թեմայի ու խնդրի արդիականությունը/հիմնավորվածությունը, կանանց և խոցելի խմբերի կարիքների տեսանկյունից  և աշխատանքի ժամկետների իրատեսական լինելը,
  • բյուջեի հիմնավորվածությունը,
  • անհրաժեշտ կարողությունների և փորձի առկայությունը լրագրողական հետաքննությունների ոլորտում։

Հայտերը պետք է պատրաստել հայերեն լեզվով և ուղարկել info@pjc.am էլ-փոստին մինչև 2018 թ․ հունիսի 25-ը ժամը 18։00-ը՝ նամակի վերնագրում նշելով «Հետաքննական նյութի պատրաստման հայտ»։ Վերջնաժամկետից հետո ներկայացված փաթեթները չեն քննարկվի։

Հունիսի 15-ին ժամը 16։00-ին Հանրային լրագրության ակումբում (հասցեն՝ Սարյան փող․ 12, 3-րդ հարկ) տեղի կունենա տեղեկատվական հանդիպում հետաքննական նյութերի հայտերի պատրաստման, ներկայացման, ինչպես նաև հետաքննության կազմակերպման և իրականացման հետ կապված հարցերը քննարկելու նպատակով։

Հայտերի պատրաստման և ներկայացման վերաբերյալ լրացուցիչ հարցերի դեպքում խնդրում ենք կապ հաստատել ՀԼԱ ծրագրերի ղեկավար Ալեքսեյ Պետրոսյանի հետ alikpetrosyan@pjc.am էլ-փոստով։

Print Friendly and PDF