Խոշտանգումներից և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքից զերծ մնալու իրավունքի խախտումները ՀՀ-ում

 

ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Նոր հարթակ՝ քննարկելու խոշտանգումներից և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքից զերծ մնալու իրավունքի խախտումները Հայաստանում

Հունիսի 25-ին «Խոշտանգումների զոհերի պաշտպանության» ՄԱԿ-ի միջազգային օրվան ընդառաջ՝ խոշտանգումներից զերծ մնալու իրավունքի պաշտպանության խնդիրների համակողմանի քննարկման համար «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ-ն կազմակերպել էր հանրային քննարկում։ Քննարկումն իրականացվել է «Հանրային հայացք՝ փակ աշխարհին. մարդու իրավունքների իրավիճակը Հայաստանի փակ հաստատություններում» երկամյա ծրագրի շրջանակներում Եվրոպական միության և Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի ֆինանսավորմամբ։

Բացման խոսքով հանդես եկան Հայաստանում ԵՄ պատվիրակության քաղաքական, մամուլի և տեղեկատվության բաժնի ղեկավար Եկատերինա Դորոդնովան, ՀՀ Արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանը և ՀՀ մարդու իրավուքների պաշտպանի աշխատակազմի քրեական արդարադատության ոլորտում և զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության դեպարտամենտի ղեկավար Արտյոմ Սեդրակյանը:

Քննարկման տեսանյութը հասանելի է այստեղ:

Եկատերինա Դորոդնովան շեշտեց, որ  մարդու իրավունքների հարցերը Եվրամիության կարևորագույն  առանջնահերթություններ են, որոնց բարելավման համար բազմաթիվ ծրագրեր են իրականացվում, հատկապես Խոշտանգումների կանխարգելման ուղղությամբ: Վերջինս առանձնացրեց նաև փաստը, որ Խոշտանգումների դեմ պայքարի դրույթներ առանձնացված են անգամ  Հայաստանի և Եվրամիության միջև ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրում։

«Հասարակությունն ունի իրավունք իմանալու, թե ինչ է կատարվում փակ դռների հետևում, փակ հաստատություններում, և Հայաստանից մենք ակնկալում ենք, որ ոստիկանական բաժանմունքներում, ձերբակալվածների պահման վայրերում, կալանավայրերում և հոգեբուժարաններում ստեղծվեն միջազգային չափորոշիչներին համապատասխան պայմաններ, և այն ինչ նաև ակնկալում ենք «Հանրային հայացք փակ աշխարհին» ծրագրի իրականացման արդյունքներից՝ այս խնդիրների բացահայտումն ու հետաքննական լրագրության զարգացումն է, սրանով կարևորելով և բարձրացնելով փակ հաստատությունների հաշվետվողականությունն ու լրագրողների վերահսկող-watch dog դերը»,-ասաց Հայաստանում ԵՄ պատվիրակության քաղաքական, մամուլի և տեղեկատվության բաժնի ղեկավար Եկատերինա Դորոդնովան:

ՀՀ Արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանը շեշտեց, որ քննարկման ներկայացուցչական կազմն արդեն իսկ վկայում է խնդրի կարևորությունն ու դրա լուծմանն ուղղված համատեղ  ջանքերի անհրաժեշտությունը։ Փոխնախարարը հավաստիացրեց, որ փոխվել է օրենսդրությունը՝ համապատասխանեցվելով կոնվենցիայի պահանջներին, հստակ սահմանվել են պատիժներ և այլն, սակայն առավել կարևոր է իրավակիրառ պրակտիկայում գործողություններն ու կանխարգելիչ հստակ մեխանիզմների ներդրումը։

«Մենք հատկապես կարևորում ենք քաղհասարակության և լրագրողների դերն ու աշխատանքը այս խնդիրների բարձրաձայնման ու դրանց բացահայտման ուղղությամբ, քաղհասարակությունը այլընտրանքային հայացք են և պետական մարմինները պետք է նաև առաջնորդվեն այս կառույցների դիտարկումներով»,- ասաց Արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանը։

ՀՀ մարդու իրավուքների պաշտպանի աշխատակազմի քրեական արդարադատության ոլորտում և զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության դեպարտամենտի ղեկավար Արտյոմ Սեդրակյանը շեշտեց, որ խնդիրների բարձրաձայնման և բացահայտման ուղղությամբ հատկապես կարևոր է քաղհասարակության և լրագրողների աշխատանքը. «Մեր աշխատակազմը վերջերս պատրաստեց մի փաստաթուղթ, որը վերաբերում է ԶԼՄ-երի և Քրեակատարողական հիմնարկների համագործակցությանը, որտեղ մանրամասն ներկայացված է, թե ի՞նչ իրավական խնդիրներ կան, ի՞նչ միջազգային չափորոշիչներ պետք է կիրառվեն, և որն է այն ողջամիտ հավասարակշռումը, որի հարթակում պետք է համագործակցություն ծավալել  ի պաշտպանություն մարդու իրավունքների»,- շեշտեց ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչ Արտյոմ Սեդրակյանը:

Իրենց խոսքում ներկա փորձագետներն ու իրավապաշտպանները (Սեդա Սաֆարյան (փաստաբան), Արթուր Սաքունց (ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ), Դավիթ Գևորգյան (ԵՊՀ, Փիլիսոփայութան և հոգեբանության ֆակուլտետ) անդրադարձան հիմնական խախտումների դեպքերին բանակում, ոստիկանությունում, հոգեկան առողջության կենտրոններում, մանկատներում ու խոշտանգումներից զերծ մնալու իրավունքի խախտումների բացառման գործողություններին: Ներկայացվեցին դատական գործերն ու դրանցից բխող անհրաժեշտ օրենսդրական փոփոխությունները, որոնք ուղղված կլինեն Հայաստանում խոշտանգումների եւ անմարդկային վերաբերմունքի դրսևորումների վերացմանը:

Լրացուցիչ տեղեկությունների  համար կարող եք դիմել  ծրագրի օգնական Մարիա Աբրահամյանին` maria@forequalrights.org   էլ․հասցեով կամ   +374 91 18 15 05   հեռախոսահամարով։

---------------------------------------------------------------------------

«Հանրային լրագրության ակումբ» հասարակական կազմակերպությունը՝ «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոնի հետ համատեղ իրականացնում է «Հանրային հայացք՝ փակ աշխարհին մարդու իրավունքների իրավիճակը Հայաստանի փակ հաստատություններում» երկամյա ծրագիրը Եվրոպական Միության և Բաց հասարակության հիմնադրամներ Հայաստանի ֆինանսավորմամբ։ Ծրագիրը մեկնարկել է 2017 թ դեկտեմբերին։ 

Ծրագրի հիմնական նպատակն է նպաստել փակ հաստատություններում մարդու իրավունքների իրավիճակի բարելավմանը հանրային իրազեկման, ինչպես նաև առկա խնդիրների ու հնարավոր լուծումների վերաբերյալ բանավեճերի միջոցով։

 

Print Friendly and PDF