ԱՇԽԱՏԱՆՔԻ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ՍՏԵՂԾՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Մենք՝ ներքոնշյալ հասարակական կազմակերպություններս, մտահոգիչ ենք համարում աշխատանքային իրավունքների և օրենսդրական կարգավորումների նկատմամբ արդյունավետ պետական հսկողության բացակայությունը և կոչ ենք անում Կառավարությանը գործուն քայլեր ձեռնարկել անկախ աշխատանքի պետական տեսչության ստեղծման ուղղությամբ։

Իրավունքի արտադատական պաշտպանության արդյունավետ մեխանիզմների բացակայությունը ու գործատուների անպատժելիությունը խոցելի ու անպաշտպան են դարձնում աշխատողներին Հայաստանում: Աշխատանքային իրավունքների համակարգային և պարբերական խախտումներից զատ, աշխատողների վրա կրկնապատկվում են ճնշումներն ու սպառնալիքները նախընտրական շրջանում կոնկրետ թեկնածուների օգտին ձայներ հավաքելու նպատակով, իսկ աշխատանքը կորցնելու մշտական սպառնալիքը հետ է պահում անձանց իրենց հիմնարար իրավունքները պաշտպանելուց: Նշվածի վառ ապացույց հանդիսացան 2017թ․ խորհրդարանական ընտրությունների նախաշեմին կատարված մի շարք բացահայտումները։ Այսպես, «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի կողմից հրապարակվեցին հանրակրթական դպրոցների և մանկապարտեզների տնօրենների կողմից իշխող կուսակցության օգտին ձայներ հավաքելու վերաբերյալ ձայնագրություններ։[1] Մամուլում նույն շրջանում տարածվեցին «ՍԱՍ» սուպերմարկետների ցանցի աշխատակիցների վրա գործադրվող ճնշումները՝ ուղղված իրենց նախընտրած թեկնածուի օգտին քվեների ապահովմանը։ Հայաստանում գործող արհեստակցական միությունները, միաժամանակ, օբյեկտիվորեն չեն իրականացնում աշխատողների իրավունքների պաշտպանության իրենց առաքելությունը։ Առանց համապատասխան կառուցակարգերի ներդրման և արդյունավետ հսկողության միջոցների ստեղծման հեղափոխության ձեռքբերումներն ինքնին չեն կարող աշխատողներին պաշտպանել հետագայում նմանատիպ չարաշահումներից։                            

Նախկինում գործող Աշխատանքի պետական տեսչությունն իրականացնում էր ստուգումներ, որի ընթացքում բացի խախտումն արձանագրելուց, ուսումնասիրում էր նաև խախտման պատճառները և գործատուին դրանց վերացման, աշխատողների խախտված իրավունքների վերականգնման վերաբերյալ  ներկայացնում էր պարտադիր կատարման ենթակա գրավոր հանձնարարականներ, որոնք կարևոր ապացույց էին հանդիսանում իրավունքների պաշտպանության համար դատարան դիմելիս: 2013թ․ պետությունը լուծարեց Աշխատանքի պետական տեսչությունը՝ վերջինիս գործառույթների մի մասը փոխանցելով ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմում ձևավորված  Առողջապահական պետական տեսչությանը:

2018թ․ ապրիլի 9-ին ուժի մեջ է մտել «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» ՀՀ օրենքը, որի համաձայն, որպես կառավարությանը ենթակա մարմին, գործելու է Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը՝ դարձյալ սահմանափակ լիազորություններով:

Գործող Տեսչական մարմինն իր լիազորություններով և կարգավիճակով չի համապատասխանում Աշխատանքի Համաշխարհային Կազմակերպության «Աշխատանքի տեսչության մասին» 1947 թվականի Կոնվենցիայի պահանջներին (N81 Կոնվենցիա)[2], որը 2005 թվականից ուժի մեջ է մտել Հայաստանի համար: Չնայած նրան, որ Կոնվենցիայի համաձայն աշխատանքային հարաբերությունների վերահսկման լիազոր մարմինը պետք է ունենա անհրաժեշտ անկախության երաշխիքներ, ինչպես նաև ապահովի հսկողություն աշխատանքային ողջ օրենսդրության նորմերի նկատմամբ, առկա Տեսչական մարմինը չի արտացոլում այդ պահանջները: Անկախ աշխատանքի պետական տեսչության ստեղծման խնդիրը նշվել է նաև որպես մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղած կարևոր առաջնահերթություն GSP+ համակարգի շրջանակներում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված տարբեր կոնվենցիաներից բխող պարտավորություն։  

Ուստի, պահանջում ենք հիմնել Աշխատանքի Միջազգային Կազմակերպության թիվ 81 կոնվենցիայի պահանջներին համապատասխան լայն լիազորություններով օժտված Աշխատանքի պետական տեսչություն՝ որպես աշխատանքային իրավունքների պաշտպանության և օրենսդրության կատարման նկատմամբ վերահսկողություն իրականացնող անկախ մարմին:

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն ՀԿ

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ ՀԿ

Հայաստանի հելսինկյան կոմիտե ՀԿ

Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան

Իրազեկ Քաղաքացիների Միավորում ՀԿ

<<<<Սոսե>> Կանանց Հիմնահարցեր>> ՀԿ

Առողջապահություն և աշխատանք ՀԿ

«Հասարակական հետազոտությունների առաջատար խումբ» (APR Group)

«Շողեր միություն» սոցիալ-կրթական ՀԿ

<<Արևամանուկ>> հոգեբանասոցիալական աջակցության հիմնադրամ

«Հանրային լրագրության ակումբ

«Հանրային տեղեկատվություն եւ գիտելիքի կարիք» ՀԿ

Հելսինկյան ասոցիացիա իրավապաշտպան ՀԿ

"Արծվաբույն Զեյթուն" ՀՄ

«Սևազգեստ կանայք» Հայաստան ՀԿ

<<Անգել>>Սոցիալական  կրթամշակութային հկ

Մարտունու կանանց համայնքային խորհուրդ ՀԿ

«Ափի մեջ» ՀԿ

Սպիտակի Հելսինկյան խումբ ՀԿ

Իջեւանի Քաղաքացիական Երիտասարդական կենտրոն ՀԿ

Արտաշատի Քաղաքացիական Երիտասարդական Կենտրոն ՀԿ

Գյումրու քաղաքացիական երիտասարդական կենտրոն

Հրազդանի Քաղաքացիական երիտասարդական կենտրոն

«Երիտասարդական ավանգարդ» հանրային շահերի աջակցման ՀԿ

Արմավիրի քաղաքացիական-երիտասարդական կենտրոն

Նոր Սերունդ Մարդասիրական ՀԿ

Իրավունքի ուժ ՀԿ

Կանանց իրավունքների կենտրոն

Իրավունքի զարգացման կենտրոն ՀԿ

“Քալրֆուլ Հաուս” Սոցիալ-մշակութային և իրավապաշտպան ՀԿ

Իրավաբանների և հոգեբանների միջազգային ասոցիացիա

«Խաղաղության երկխոսություն» հկ

Արմավիրի զարգացման կենտրոն ՀԿ

Print Friendly and PDF