ՀԱՐՑՄԱՆ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ ԴԵՄ ԵՆ «ՊԱՐՏԱԴԻՐ ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻՆ»

Կենսաթոշակային համակարգի ներդրման մասին ֆեյսբուքում անցկացված հարցման արդյունքներով մասնակիցների մեծ մասը դեմ է պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին։

Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի նկատմամբ ընդհանուր առմամբ բացասական վերաբերմունք ունի հարցմանը մասնակից ֆեյսբուքյան օգատատերերի 67 տոկոսը։
 
Հարցումն անցկացվել է հունիսի 23-ից հուլիսի 9-ը ընկած ժամանակահատվածում։
Հարցման համար նախատեսված վիրտուալ հարթակ այցելած 2550 օգտատերերից դիրքորոշում է հայտնել 35%-ը՝ 900 օգտատեր։
Օգտատերերը սեփական նախաձեռնությամբ պատասխանել են ներքոհիշյալ հարցին, որի արդյունքում ձևավորվել է հետևյալ պատկերը։
Ի՞նչ կարծիք ունեք պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի մասին։
  • Ավելի շատ դրական 16.5%
  • Միանշանակ դրական 9.4%
  • Չեզոք 7.2%
  • Միանշանակ բացասական 43.1%
  • Ավելի շատ բացասական 23.8%
Ընդհանրացնելով արդյունքները բացասական ու դրական տիրույթներում՝ ձևավորվել է հետևյալ պատկերը՝
պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի նկատմամբ ընդհանուր առմամբ բացասական վերաբերմունք ունի 67 տոկոսը, դրական՝ 26 տոկոսը։ Չեզոք դիրքորոշում ունի հարցման մասնակիցների 7.2 տոկոսը։
 
Հարցման մասնակիցների ցուցանիշով թեմայի վերաբերյալ ակտիվ դիրքորոշում հայտնողների հետաքրքրությունը շատ մեծ չէ։ Սակայն օգտատերերը բավականին մեծ ակտիվությամբ գերադասել են իրենց տեսակետը հայտնել ու վերահաստատել նաև սոցիալական ցանցում տեղադրված հարցման հղման ներքո։
Օգտատերերը հարյուրավոր մեկնաբանություններ են գրել թեմայի հետ կապված՝ գերակշիռ մասով բացասական դիրքորոշում հայտնելով։
 
Կայուն բացասական վերաբերմունք
 
Սույն թվականի հունիսի 12-ին ՀՀ կառավարությունը հավանություն տվեց «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծին, որով 2018թ. հուլիսի 1-ին ուժի մեջ մտավ պարտադիր կուտակային բաղադրիչը: Ըստ որի՝ 1974 թվականից հետո ծնված բոլոր քաղաքացիները, առանց բացառության, պետք է ներգրավվեն այս համակարգում:
Չնայած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ունեցած աննախադեպ բարձր վարկանիշին՝ համակարգի նկատմամբ հանրային բացասական տրամադրությունների առումով էական փոփոխություն տեղի չի ունեցել։
 
Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնի (ՀՌԿԿ) կողմից «Կովկասյան բարոմետր» ծրագրի շրջանակներում նույն թեմայով Հայաստանում 2017թ․ հոկտեմբերի 13-ից մինչև հոկտեմբերի 27-ըանցկացված սոցհարցման տվյալների արդյունքներով հանրային տրամադրությունների պատկերը շատ նման է Հանրային լրագրության ակումբի կողմից ֆեյսբուքում անցկացված հարցման արդյունքում ստացված պատկերին։
Տրվել է հետևյալ հարցը՝ ինչքանո՞վ եք աջակցում կամ չեք աջակցում կուտակային կենսաթոշակային համակարգին, որն ամբողջությամբ ուժի մեջ կմտնի 2018թ․-ին 1974թ․-ից հետո ծնված քաղաքացիների համար։
  • Ամբողջովին չեմ աջակցում 41%
  • Ավելի շատ չեմ աջակցում 16 %
  • Չեզոք 23 %
  • Ավելի շատ աջակցում եմ 14 %
  • Ամբողջովին աջակցում եմ 4 %
Համեմատելով տարբեր հարթակներում անցկացված երկու սոցհարցումների արդյունքները՝ կարող ենք փաստել, որ հանրային տրամադրությունների մեջ էական փոփոխություն չկա՝ հարցվածների 40 տոկոսից ավելին միանշանակ բացասական է գնահատում պարտադիր կուտակային համակարգը։
Հանրային տրամադրությունների որոշակի շեղումները պայմանավորված են 2018թ․ գարնանը Հայաստանում տեղի ունեցած Թավշյա հեղափոխության արդյունքում տեղի ունեցած իշխանափոխությամբ։ Հանրության մի մասի համար պարտադիր կուտակային համակարգին չվստահելու հանգամանքը պայմանավորված էր նախկին իշխանությունների նկատմամբ ունեցած խորը անվստահությամբ։ Սակայն այդ նույն անվստահելի իշխանությունների հեռացման հանգամանքը էականորեն չի ազդել հանրության վերաբերմունքի վրա։
 
Հանրային քաղաքականության հետազոտությունների Ազգային կենտրոն ՀԿ-ի նախագահ, տնտեսագետ Արտակ Մանուկյանը համակարգի նկատմամբ հանրության բացասական վերաբերմունքը բնականոն է համարում ու հիմնականում պայմանավորում է այն հանգամանքով, որ «բնակչությունը որոշակիորեն նվազեցնում է ներկայիս սպառումը ապագայում հավելյալ գումարներ գեներացնելու ակնկալիքով»։
 
Տնտեսագետը համակարգի նկատմամբ բացասական վերաբերմունքի պատճառ է համարում նաև իրազեկվածության ցածր մակարդակն ու միջավայրի ամբողջական պատրաստվածության մասով հիմնախնդիրները։
 
«Իմ կարծիքով խնդիրների զգալի մասը պայմանավորված է հենց միջավայրի (ներառյալ նաև իրազեկվածության) ոչ լիարժեք պատրաստվածության մեջ (օրինակ՝ համակարգի առավել արդյունավետ ներդրումը ենթադրում է հարկային համակարգի հետ առավել ներդաշնակեցում)»։
Սույն կենսաթոշակային համակարգի միջոցով գեներացված «երկար փողերը» Ա․ Մանուկյանը արդյունավետ է համարում ներդնել առավել կանխատեսելի միջավայրում։
«Օրինակ՝ այս առումով մինչև համակարգի ներդրումը ցանկալի կլիներ քայլեր իրականացնել ներդրումային նախագծերի ու դրանցում հանրային մասնակցություն ապահովելու ուղղությամբ։ Տարածված է, որ կենսաթոշակային «երկար փողերը» պետք է ուղղել ենթակառուցվածքների ստեղծմանը, սակայն, կարծում եմ, ՀՀ-ում այս առումով առնվազն որպես այլընտրանք պետք է դիտարկել օրինակ՝ կոմունալ բնագավառը, որը խիստ գրավիչ է թվում կուտակված գումարները տեղաբաշխելու առումով (օրինակ՝ Ատոմակայանի որոշակի բաժնեմասի IPO)»։
 
Պարտադիր կուտակային
 
2014 թվականի հունվարի 1-ից մեր երկրում գործարկվեց բազմաստիճան կենսաթոշակային համակարգը, որտեղ գործող բաշխողական բաղադրիչին լրացնելու եկավ կուտակային հենասյունը: Սակայն ներդրվող համակարգի նկատմամբ հանրային լուրջ դժգոհության արդյունքում, որն ուղղորդում էր «Դեմ եմ» շարժումը, ՀՀ կառավարությունը հրաժարվեց պարտադիր բաղադրիչից ու համակարգին միացումը տեղի ունեցավ հիմնականում կամավոր սկզբունքով։
«Դեմ եմ» շարժման համակարգողներից էր ներկայիս սոցիալական հարցերի ու աշխատանքի նախարար Մանե Թանդիլյանը։
2014 թ․ ապրիլի 2-ին ՀՀ Սահմանադրական դատարանը պարտադիր կուտակային համակարգի վերաբերյալ որոշում կայացրեց՝ այդ համակարգի որոշակի դրույթներ ճանաչելով հակասահմանադրական։
 
Ներկայիս ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը, ով ՀՀ Սահմանադրական դատարան դիմած 36 պատգամավորների ներկայացուցիչն էր, որոշումից հետո հայտարարեց․
«Պարտադիր բաղադրիչը պիտի չկիրառվի, գումարները պետք է վերադարձվեն մարդկանց»։
Հակասահմանադրական ճանաչված դրույթները փոփոխելու եւ խմբագրելու պարտավորությունը դրվեց օրենսդիր մարմնի վրա։
 
Հարցման մասին մանրամասներ
 
Հարցումն անցկացվել է 2018թ․ հունիսի 23-ից հուլիսի 9-ը ընկած ժամանակահատվածում։
Հարցումը տեղադրված է եղել ՀԼԱ-ի Մեդիա կենտրոն նախաձեռնության ավելի քան 7 հազարից ավել հետևորդ ունեցող ֆեյսբուքյան էջում ու հանրության լայն ներգրավվածությունն ապահովելու համար օգտագործվել է վճարովի գովազդի հնարավորությունը։ Գովազդի միջոցով թիրախավորվել են Հայաստանում ապրող 18-ը լրացած բոլոր օգտատերերը՝ երկրի բոլոր մարզերից։ Հարցման լեզուն հայերենն է։
Հարցման համար նախատեսված վիրտուալ հարթակ այցելած 2550 օգտատերերից դիրքորոշում է հայտնել 35%-ը՝ 905 օգտատեր։ Մասնակից օգտատերերի 97 % -ը Հայաստանից են, 3%-ը այլ երկրներից։

Հարցման մասնակիցների արտահայտած դիրքորոշումը գաղտնի է և հրապարակման ենթակա չէ։
Մասնակիցները հարցմանը մասնակցել են անանուն տարբերակով՝ առանց բացահայտելու ինքնությունը։
«Հանրային հարցումներ առցանց տիրույթում» ծրագիրն իրականացնում է Հանրային լրագրության ակումբ հասարակական կազմակերպությունը։
Print Friendly and PDF