ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՐԱՎԵՐ «Բաց կառավարման և տվյալների հեքըթոն»

«Բաց կառավարման և տվյալների հեքըթոն»

07.03.2019

ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՐԱՎԵՐ

Տեխնոլոգիական, քաղաքացիական հասարակության, փորձագիտական համայնքների համադրված ներուժը՝ հանուն բաց ու թափանցիկ կառավարման։

 

Հանրային լրագրության ակումբ հասարակական կազմակերպությունը իր գործընկերներ՝ Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի, ISTC - Ինովացիոն լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնի, Արմավիրի զարգացման կենտրոնի հետ համագործակցությամբ մեկնարկում է նոր նախաձեռնություն՝ «Բաց կառավարման և տվյալների Հեքըթոն» նորարար գաղափարների և ծրագրավորման մրցույթ, որի շրջանակներում նախատեսվում են մի շարք միջոցառումներ՝ ուղղված կառավարման թափանցիկության ու հաշվետվողականության համար նորարար լուծումների մշակմանը:

«Բաց կառավարման և տվյալների Հեքըթոն»- ը  տեղի կունենա ապրիլի 13-14-ին, Ինովացիոն լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնում (ISTC), Ալեք Մանուկյան 1/7, 6րդ հարկhttps://goo.gl/maps/8K87ytcYZbu։

Նախաձեռնության նպատակն է միավորել Հայաստանի փորձագիտական, մասնագիտական, քաղհասարակության և տեխնոլոգիական ներուժը՝ խթանելու Հայաստանում բաց կառավարումն ու ստեղծելու օգտակար ծրագրեր, որոնք ապահովում են թափանցիկ ու հաշվետու կառավարումը պետական ամենատարբեր ոլորտներում։

Հեքըթոնը միտված է ոգեշնչել մասնակիցներին առկա մարտահրավերների համար նորարար լուծումներ գտնել, միանալ կոռուպցիայի դեմ մղվող պայքարին` առաջարկելով տեխնոլոգիական լուծումներ՝ բաց ու թափանցիկ և հաշվետու կառավարման համար։

Հեքըթոնի թեմատիկ ուղղվածությունն առնչվելու է ջրային և հողային ռեսուրսների, առողջապահական և սոցիալական ոլորտներին ու համակարգերին։ Այս ոլորտների խնդիրների վերաբերյալ կկազմակերպվեն ինֆորմացիոն հանդիպումներ հեքըթոնի մասնակիցների համար՝ նախքան բուն միջոցառումը։ Ինֆորմացիոն հանդիպումների ամսաթվերի մասին կհայտարարվի նախօրոք։

Հեքըթոնի ընթացքում ներկա կլինեն ոլորտի մասնագետներ, որոնք կօգնեն թիմերին մասնագիտական խորհրդատվությամբ։ Հեքըթոնին ներկա են լինելու նաև արտասահմանյան հեղինակավոր ընկերություններից մասնագետներ՝  հանդիպում-զրույցներ անցկացնելու։

Հեքըթոնի մրցանակային ֆոնդը տպավորիչ է։ Ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 28 500 ԱՄՆ դոլար, որից 8500 ԱՄՆ դոլարը ԱՄՆ դեսպանատան ֆինանսավորմամբ իրականացվող «Հակակոռուպցիոն հեքըթոն» ծրագրից է, իսկ 20 000 դոլարը տրվելու է Արմավիրի զարգացման կենտրոն ՀԿ-ի «Աջակցություն Բաց կառավարման գործընկերության (ԲԿԳ) գործողությունների ծրագրի համատեղ մշակմանն ու իրականացմանը» ծրագրի շրջանակներում՝ Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ:

Հաղթողները որոշվելու են անկախ մասնագիտական ժյուրիի կողմից։

Հեքըթոնին մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել այստեղ՝ նշելով թիմի անդամների քանակն ու տվյալները։ Հեքըթոնին կարող են մասնակցել թիմեր նաև  մարզերից։ Մարզերից մասնակիցների ծախսերը հոգում են կազմակերպիչները։ Մարզերից կընտրվի առավելագույնը 30 մասնակից:

Եթե ունեք հետաքրքիր գաղափար, որը զարգացնելու կարիք ունի և ցանկանում եք հանդիպել ձեզ նման մտածող էնտուզիաստների, ովքեր ևս նպատակ ունեն իրենց հետաքրքիր, տեխնոլոգիական գաղափարները իրականություն դարձնել, ձեռք բերել նոր ընկերներ  և ուղղակի իմաստալից ու լավ ժամանակ անցկացնել գաղափարի վրա աշխատելիս, ապա միացեք այս նախաձեռնությանը և ներդրեք ձեր տաղանդը, գաղափարը, էներգիան՝ օգտակար գործիքներ ստեղծելու համար։

Ամրագրեք ձեր տեղն այսօր և ստացեք հնարավորություն 24 ժամվա ընթացքում ձեր թիմի հետ միասին զարգացնել գաղափարներ, ստեղծել այնպիսի նախատիպեր, որոնք կդառնան գործող ու կիրառելի ծրագրեր մեր երկրում՝ կառավարման պրոցեսները թափանցիկ, հաշվետու ու վերահսկելի դարձնելու համար:

Դիմել կարող են ՏՏ ոլորտ ներկայացնող մասնագետներ, անկախ տարիքից ու փորձից․ 

  • ձեռնարկատերեր և նախագծերի մենեջերներ
  • տվյալների վերլուծության և վիզուալիզացիայի մասնագետներ
  • դիզայներներ և UX գուրուներ
  • Web Front-end ծրագրավորողներ
  • hամակարգչային և հավելվածային ծրագրեր մշակողներ
  • մարքեթոլոգներ
  • Այլ հետաքրքրված մասնակիցներ։

Հեքըթոնին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել դիմում-հայտը մինչև ապրիլի 1-ը – https://goo.gl/forms/25vacXBtEm5kl6MB3 :

Հարցերի դեպքում խնդրում ենք կապ հաստատել մեզ հետ [email protected] հասցեով կամ զանգահարել +37412-219-700 հեռախոսահամարին, կամ՝ Հանրային լրագրության ակումբ, +37499-75-58-98 հեռախոսահամարով։
 

Ներգրավված կազմակերպությունների ու կազմակերպիչների մասին

 

Հանրային լրագրության ակումբը 2011-ին հիմնված հասարակական կազմակերպություն է, որի առաքելությունն է խթանել խոսքի ազատությունը եւ բազմակարծությունը, կառուցել մեդիագրագիտությամբ զինված իրազեկ հասարակություն, աջակցել քաղաքացիական հասարակության զարգացմանը, նպաստել տարածաշրջանի ժողովրդավարացման, երկխոսության, փոխըմբռնման ու խաղաղության հաստատմանն ուղղված պրոցեսներին:

«Արմավիրի զարգացման կենտրոն» սոցիալ-տնտեսական հասարակական կազմակերպությունը ստեղծվել է 2005թ.: Կազմակերպության առաքելությունն է` «Համագործակցություն հանուն սոցիալ-տնտեսական առաջընթացի»` խնդիր դնելով նպաստել մարզի պետական, հասարակական և բիզնես սեկտորների համագործակցությանը:

Ինովացիոն Լուծումների և Տեխնոլոգիաների Կենտրոնը (Innovative Solutions and Technologies Center (ISTC)) IBM-ի, ԱՄՆ ՄԶԳ-ի, ՀՀ Կառավարության և ՁԻՀ-ի համատեղ ծրագիր է: Կենտրոնի առաջնային առաքելությունն է գործընկերների կողմից տրամադրվող նորարարական տեխնոլոգիական լուծումների և ռեսուրսների միջոցով ստեղծել յուրահատուկ հարթակ՝  համապատասխան դասընթացների, գիտահետազոտական աշխատանքների իրականացման ու բիզնեսի զարգացման համար։ ԻԼՏԿ-ի նպատակն է Հայաստանը դարձնել AI, Machine Learning և Cyber Security ոլորտներում աշխարհի առաջատար տեխնոլոգիական կենտրոններից մեկը:

Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը (այսուհետ` ԹԻՀԿ) հիմնադրվել է 2000թ. և գործում է որպես Թրանսփարենսի Ինթերնեշնլ (ԹԻ) կոռուպցիայի դեմ պայքարող համաշխարհային շարժման հավատարմագրված ներկայացուցչություն Հայաստանում: Կազմակերպության առաքելությունն է՝ կոռուպցիան նվազեցնելու և ժողովրդավարությունն ամրապնդելու միջոցով նպաստել լավ կառավարմանը Հայաստանում: Կազմակերպության նպատակներն են՝ աջակցել արդյունավետ հակակոռուպցիոն քաղաքականությանը և թափանցիկ ու հաշվետու կառավարմանը, խթանել ազատ և արդար ընտրությունների անցկացումը և հանրային ռեսուրսների թափանցիկ ու հաշվետու կառավարումը:

Print Friendly and PDF