Հեքըթոն[ՅԱՆ] Երեւան 2011

«Հեքըթոն[ՅԱՆ] Երեւան 2011»-ը նորարար գաղափարների եւ նախագծերի մրցույթ-փառատոն է՝ ուղղված Երեւան քաղաքի խնդիրների լուծմանը նոր տեխնոլոգիաների  կիրառմամբ մարդկանց մասնակցությունը խթանող նախագծերի (կայքեր, հեռախոսային հավելվածներ եւ այլն) միջոցով:

Մրցույթը նախաձեռնել են Հայաստանի «Մայքրոսոֆթի ինովացիոն կենտրոնը» եւ «Հանրային լրագրության ակումբ» հասարակական կազմակերպությունը, որպես ԱՄՆ-ում գործող Հեքս/Հեքըրս (Hacks/Hackers) կազմակերպության մասնաճյուղ:

Ի՞նչ է Հեքըթոնը

Այն Սիլիկոնե հովտում ծնունդ առած՝ ծրագրավորման եւ նախագծերի լայնածավալ մրցույթ է` ուղղված համատեղ ուժերով եւ նոր տեխնոլոգիաների միջոցով առկա կամ առաջադրված խնդիրների լուծմանը:  

Ինչո՞վ է առանձնանում Հեքըթոն[ՅԱՆ] Երեւան 2011-ը 

Այն  նվիրվում է Երևան քաղաքի խնդիրների լուծմանը: Մրցույթի արդյունքում ակնկալվում է ունենալ տարբեր բնագավառներում (տրասնպորտային համակարգ, աղբահանություն, զբոսաշրջություն, նշանների տեղադրում, քաղաք-քաղաքացի կապի բարելավում, քաղաքային խնդիրների գրագետ լուսաբանման համար ռեսուրսների մշակում և այլն) մի շարք պատրաստի ծրագրերի նախատիպեր, որոնք կարող են կյանքի կոչվել ինչպես քաղաքապետարանի, այնպես էլ քաղաքի խնդիրներով մտահոգ կառույցների  եւ շրջանակների կողմից:

Նպատակը

Հնարավորություն ընձեռել ստեղծագործ եւ առաջատար գաղափարներ ունեցողներին համագործակցելու միմյանց հետ քաղաքային խնդիրների լուծմանն ուղղված նախագծեր ստեղծելու նպատակով: Համագործակցության դաշտ բերել ծրագրավորողներին եւ չծրագրավորողներին նորարար գաղափարներ իրականացնելու եւ սոցիալական բարեփոխումներ նախաձեռնելու նպատակով: Խթանել ինֆորմացիոն տեխնոլոգիաների եւ այլ ոլորտների ներկայացուցիչների համագործակցությունը հանրօգուտ գաղափարներ իրականացնելու համար: 

Ձեւաչափը

«Հեքըթոն[յան] Երեւան 2011»-ի 24 ժամյա միջոցառումը անցկացվելու է Երեւանի քաղաքապետարանում, եւ բոլոր թիմերը պարտավոր են ներկա գտնվել մրցույթի անցկացման վայրում: 

Կազմակերպիչներն ապահովելու են բոլոր անհրաժեշտ պայմանները. սնունդ, ինտերնետ եւ այլն:  24 ժամվա ընթացքում թիմերը պետք է պատրաստեն, ծրագրավորեն իրենց նախագծերի նախատիպերը, որոնք կներկայացվեն հանրությանն ու ժյուրիին «Հեքըթոն[յան] Երեւան 2011»-ի ավարտին՝ դեկտեմբերի 18-ին, մեկ րոպեանոց ներկայացումների տեսքով: 

Մասնակցության պայմանները

Թիմերում պետք է ներգրավված լինեն ծրագրավորողներ եւ չծրագրավորողներ, այսինքն՝ փորձագետներ, լրագրողներ, բլոգերներ եւ այնպիսի ոլորտի մասնագետներ, որոնց ոլորտի վերաբերյալ առաջարկվում է նախագիծ իրականացնել: Կազմակերպիչները կարող են օգնել Ձեզ փորձագետներ եւ ծրագրավորողներ գտնելու, թիմում նոր անդամներ ներգրավվելու հարցում: 

Թիմերը/թիմերի ներկայացուցիչները պարտավոր են մասնակցել «Հեքըթոն[ՅԱՆ] Երեւան 2011»-ին նախորդող` 2011-ի նոյեմբերին նախատեսված հանդիպումներին, որոնց ընթացքում փորձագետները կներկայացնեն Երեւանին ու քաղաքի բնակիչներին հուզող ամենակարեւոր խնդիրները: Այս հանդիպումները կօգնեն թիմերին ավելի նպատակային նախագծեր մշակել:


Հեքըթոն[ՅԱՆ] Երեւան 2011-ը սկսվելու է դեկտեմբերի 17-ին եւ տեւելու է 24 ժամ:

Դեկտեմբերի 18-ին թիմերը պետք է հրապարակային ներկայացնեն իրենց պատրաստած հարթակները, հավելվածները և կայքերը ժյուրիին: 

Մրցույթում հաղթող թիմերին սպասվում են բազմաթիվ խոշոր մրցանակներ, համագործակցության և նախագծերի ֆինանսավորման լայն հնարավորություններ:

«Հեքըթոն[ՅԱՆ] Երևան» 2011-ի Աջակիցներն են Երևանի քաղաքապետարանը, «Մայքրոսոֆթը», Քաունթերփարթ ինթերնեյշնլ ինկ. Հայաստանյան ներկայացուցչությունը, «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը, «Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների» միությունը, հեռահաղորդակցության և լրագրողական կազմակերպություններ: «Հեքըթոն[ՅԱՆ] Երևան» 2011-ի ինֆորմացիոն հովանավորը PanarmenianNet լրատվամիջոցն է:              

Հավելյալ տեղեկություն հեքըթոնների, հեքերի եւ հեքըրների մասին

Հեքեր/Hacks. անգլախոս երկրներում լրագրողներն իրենց երբեմն անվանում են «hacks»: Տերմին, որ բնութագրում է ցանկացած իրավիճակում մեծ քանակությամբ բառեր արտադրելու ունակություն ունեցող անձնավորությանը:

Հեքրներ/Hackers: հacker անվանում են համակարգչահեններին, սակայն Սիլիկոնյան hովտում հacker-ը միայն բացասական իմաստ չունի: Այն բնութագրում է տեխնոլոգիաներին տիրապետողներին` ծրագրավորողներին, ինժեներներին:

Հեքըթոններ. Hackathon-ը (ըստ Վիքիպեդիայի) տերմին է հեքրների (ծրագրավորողների) շրջանում: Այն մի միջոցառում է, որի շրջանակում հանդիպող ծրագրավորողների նպատակը համատեղ համակարգչային ծրագրերի մշակումն է: Hackathon-ի միջոցառումների էությունը համակարգչային ծրագրերի եւ աշխատածրագրերի համատեղ մշակումն է: Hackathon-ները, որպես կանոն, տեւում են մեկ կամ մի քանի օր կամ մեկ շաբաթ: Hackathon-ի շրջանակներում բազմաթիվ ծրագրավորողներ եւ չծրագրավորողներ որոշակի ժամանակահատվածում հավաքվում են մեկ վայրում` իրենց նախընտրած ձեւով համագործակցելով հետաքրքրող խնդիրների շուրջ, եւ այս ամենը ընթանում է ծրագրավորման ուղղությամբ եւ նպատակներին համընթաց` առանց սահմանափակումների:

«Hackathon» եզրույթն ինքնին հիբրիդային է. այն ձեւավորվել է hack (համակարգչային ծրագրավորման ոլորտում ունեցած գիտելիքների օգտագործում` «ոչ ստանդարտ» նպատակներին հասնելու համար) եւ marathon (մարաթոն) բառերի հիման վրա: Այս տերմինը ստեղծվել եւ առաջին անգամ օգտագործվել է 1999թ. երկու անկախ թիմերի`OpenBSD-ի մշակողների եւ Sun-ի շուկայավարման մասնագետների կողմից:

«Հեքըթոն[յան] Երեւան 2011»-ը հնարավոր է դարձել իրականացնել նաեւ Քաունթերփարթ ինթերնեյշնլ ինկ. Հայաստանյան ներկայացուցչության կողմից իրականացվող քաղաքացիական հասարակության եւ տեղական ինքնակառավարման աջակցության ծրագրի եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների բնակչության առատաձեռն աջակցության շնորհիվ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության համագործակցության շրջանակներում «Հանրային լրագրության ակումբ»-ի միջոցով: 

Սույնի բովանդակությունը, արտահայտված տեսակետներն ու կարծիքները պատկանում են կազմակերպիչներին` «Հանրային լրագրության ակումբ»-ի պատասխանատվության ներքո և հնարավոր է, որ չհամընկնեն Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության, ԱՄՆ Միջազգային Զարգացման Գործակալության և ԱՄՆ կառավարության տեսակետների հետ:

Print Friendly and PDF