Դասընթաց-ճամբար հանրային թղթակիցների և պրոֆեսիոնալ լրագրողների համար

Հանրային թղթակցության դասընթաց-ճամբարը տեղի կունենա 2012-ի հունվարի 15-ից 20-ը Հանրային լրագրության ակումբի գրասենյակում: Հրավիրում ենք բոլոր նրանց, ովքեր պրոֆեսիոնալ  լրագրողների օգնությամբ ցանկանում են հմտանալ հանրային, քաղաքացիական  թղթակցության ոլորտում:

Երբեւէ ցանկություն ունեցե՞լ եք հանդես գալ լրագրողի դերում:
 
Երբեւէ ցանկացե՞լ եք համագործակցել հանրային թղթակիցների կամ այլ կերպ ասած` քաղաքացիական, ոչ պրոֆեսիոնալ լրագրողների հետ: 
 
Եթե այս երկու հարցերի պատասխանները դրական են, ապա «Հանրային լրագրության ակումբ» հասարակական կազմակերպությունը հնարավորություն է ընձեռում մասնակցել 5-օրյա դասընթաց-ճամբարի, որտեղ հանրային թղթակիցները եւ պրոֆեսիոնալ լրագրողները փորձագետների օգնությամբ ձեռք կբերեն նոր հմտություններ եւ կկառուցեն համագործակցության կամուրջներ:
 
Դասընթաց-ճամբարի ընթացքում դուք հնարավորություն կունենաք լրագրողական նոր գիտելիքներ ստանալ, համագործակցել եւ աշխատել լրագրողներից ու հանրային թղթակիցներից բաղկացած խմբերում՝ լուսաբանելով հասարակական կարեւորության խնդիրներ:
 
Հանրային թղթակիցների համար սա հնարավորություն է հմտանալ թղթակցության աշխատանքում, սովորել թղթակցություն/պատմություն պատրաստելու այբուբենն ու ծանոթանալ պատմություններ ներկայացնելու նորագույն մեթոդներին եւ գործիքներին:
 
Պրոֆեսիոնալ լրագրողների համար սա հնարավորություն է ՝ ծանոթանալ հանրային թղթակցության այնպիսի հարթակների, որոնք օգտակար են լրագրությունում եւ հարստացնում են լրագրողական նյութերը: Պրոֆեսիոնալ լրագրողների համար սա հանրային թղթակիցների հետ աշխատելու հարցում փորձ ձեռք բերելու պրակտիկ եւ հետաքրքիր դասընթաց է, հանրային թղթակիցների տարածած, տրամադրած տեղեկատվությունը մշակելու, այդ տեղեկատվությունը լրագրողական նյութերում օգտագործելու հարցում հմտանալու հնարավորություն:
 
Բոլոր մասնակիցների համար սա հնարավորություն է ծանոթանալ լրագրության կամ թղթակցության համար ստեղծված հայաստանյան եւ միջազգային նոր հարթակների հնարավորություններին, փորձարկել եւ հմտանալ քարտեզային տեխնոլոգիաները թղթակցության ժամանակ գրագետ օգտագործելու սկզբունքների հետ եւ մասնակցել առցանց տեսադասախոսություն-քննարկումների, որոնք կանցկացնեն մասնագետներ ԱՄՆ-ից եւ Եգիպտոսից:
 
Դասընթացի մասնակիցներն աշխատելու են ռուսաստանյան եւ հայաստանյան լավագույն մասնագետների հետ եւ skype միացումով տեսալսելու են դասախոսություններ ԱՄՆ -ում եւ Եգիպտոսում բնակվող փորձագետների մասնակցությամբ:
 
Դեկտեմբերի 3-7-ը նախատեսվող դասընթացի ավարտին, մասնակիցներից ձեւավորված 10 խմբերը, որոնց բաղկացած կլինեն հանրային թղթակիցներից եւ պրոֆեսիոնալ լրագրողներից, կներկայացնեն տասը պատմություն՝ Երեւանում աղքատության խնդրի եւ Կոնդ թաղամասի բնակիչների խնդիրների վերաբերյալ:
 
Թղթակցային գործընթացի ժամանակ խմբերի խորհրդատուները կլինեն դասընթացը վարող մասնագետները, որոնց ցուցումները եւ ուղղությունները, խմբերի հետ տարվող անհատական աշխատանքը կօգնի մասնակիցներին հենց տեղում բարելավել իրենց պատրաստած թղթակցությունները: 
 
Դասընթաց-ճամբարի ավարտին լավագույն պատմությունները կհրապարակվեն ՀԼԱ-ի MyNews կայքում: Լրագրողները դասընթացի շրջանակներում կարող են նյութեր պատրաստել նաև իրենց լրատվամիջոցների համար:  
 
Երկու լավագույն թղթակցությունները կարժանանան մրցանակների:
 
Հանրային թղթակցության դասընթաց-ճամբարը կազմակերպվում է ՀԼԱ-ի 2011-2012թթ.«Հանրային լրագրություն. վերափոխելով լուրերի սպառման գործընթացը  Հայաստանում ակտիվ մասնակցության» նախագիծի շրջանակներում, որը հնարավոր է դարձել իրականացնել Մոսկվայում Նորվեգիայի դեսպանության տրամադրած դրամաշնորհի միջոցով:  
 

 

Print Friendly and PDF