Հանրային թղթակցության դասընթաց. Նոհա Աթեֆը կիսելու է սոցիալական մեդիայի՝ եգիպտոսյան փորձը

2012 թ-ի հունվարի 15-ին սկսվելու է Հանրային լրագրության ակումբի (ՀԼԱ) նախաձեռնած hանրային թղթակցության դասընթաց-ճամբարը, որն անցկացնելու են Եգիպտոսի, ԱՄՆ-ի եւ Հայաստանի սոցիալական լրատվամիջոցների մասնագետները:
    
Հնգօրյա դասընթաց-ճամբարը ՀԼԱ-ի կողմից ընտրված տասը հանրային թղթակիցներին եւ տասը պրոֆեսիոնալ լրագրողներին հնարավորություն կընձեռի փորձագետների օգնությամբ ձեռք բերել նոր հմտություններ եւ կառուցել համագործակցության կամուրջներ:

Սոցիալական մեդիայի, պրոֆեսիոնալ եւ հանրային թղթակցության փորձը մատուցելու են սոցիալական մեդիայի ոլորտի փորձագետ, իր հայրենիքի՝ Եգիպտոսին վերաբերող թեմաներում մասնագիտացած բլոգեր, ակտիվիստ, Մեծ Բրիտանիայի Բիրմինգեմի համալսարանի կրտսեր հետազոտող Նոհա Ալի Աթեֆը, ՀԼԱ ղեկավար Սեդա Մուրադյանը եւ Internews-ի հայաստանյան գրասենյակի media.am կայքի խմբագիր Գեղամ Վարդանյանը:

Դասընթացի շրջանակներում վարպետության դասընթացներ եւ հանդիպումներ կանցկացնեն ինտերնետային անվտանգության եւ սոցիալական մեդիայի փորձագետ Սամվել Մարտիրոսյանը, Ինֆորմացիայի ազատության կենտրոնի իրավաբան Գեւորգ Հայրապետյանը: Սկայպ միացման միջոցով առցանց դասընթաց կանցկացնի նաև «OpenStreetMap» հիմնադրամը ներկայացնող Միկել Մըրոնը (ԱՄՆ, Նյու-Յորք):

Դասընթաց-ճամբարի ընթացքում մասնակիցները հնարավորություն կունենան լրագրողական ու թղթակցային նոր գիտելիքներ ստանալ, համագործակցել եւ աշխատել լրագրողներից ու հանրային թղթակիցներից բաղկացած խմբերում՝ լուսաբանելով հասարակական կարևորության խնդիրներ, մասնավորապես` մասնակիցները լրագրողական այցելությամբ կլինեն Երևանի Կոնդ թաղամասում` բացահայտելու թաղամասի խնդիրները, բնակիչների սոցիալական վիճակը:

Դասընթացի առաջին օրը կներկայացվի ՀԼԱ նախագծերից մեկը՝ նորաստեղծ, հանրային թղթակցությունը խթանելու նպատակ հետապնդող mynews.am կայքը:

Այդ կայքը ստեղծվել է Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ ծրագրի կողմից ստացված դրամաշնորհի շրջանակներում՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցներով:

Հանրային թղթակցության դասընթաց-ճամբարը կազմակերպվում է ՀԼԱ-ի 2011-2012 թթ.-ի «Հանրային լրագրություն. վերափոխելով լուրերի սպառման գործընթացը Հայաստանում ակտիվ մասնակցության» նախագծի շրջանակներում, որը հնարավոր է դարձել իրականացնել Մոսկվայում Նորվեգիայի դեսպանության տրամադրած դրամաշնորհի միջոցով:

Print Friendly and PDF