ՀԼԱ-ն կազմակերպում է դասընթաց-ճամբար

Հանրային լրագրության ակումբը 2012 թ. մարտի 23-27-ին նախաձեռնում է հանրային թղթակցության դասընթաց-ճամբար՝ նախատեսված պրոֆեսիոնալ լրագրողների և հանրային/քաղաքացիական թղթակիցների, բլոգերների, ուսանողների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների համար: 

ՀԼԱ կողմից հայտարարված 5-օրյա դասընթաց-ճամբարը հանրային թղթակիցներին և պրոֆեսիոնալ լրագրողներին հնարավորություն կընձեռնի լրագրողական ու թղթակցական նոր գիտելիքներ ստանալ, համագործակցել և աշխատել լրագրողներից ու հանրային թղթակիցներից բաղկացած խմբերում՝ լուսաբանելով հասարակական կարևորության խնդիրներ:

Դասընթացի ընթացքում պետք է լրագրողների և հանրային թղթակիցների համատեղ ուժերով ստեղծվեն լրագրողական նյութեր, որոնցից լավագույնների հեղինակները կպարգևատրվեն:

Դասընթացի մասնակիցները հնարավորություն կունենան հմտանալու սոցիալական մեդիան օգտագործելու, թղթակցելու, ինչպես նաև քարտեզային տեխնոլոգիաների միջոցով թղթակցություններ իրականացնելու գործիքներին:

Դասընթացը վարելու են սոցիալական մեդիայի ոլորտի մասնագետներ Հայաստանից, Վրաստանից, առցանց ուղիղ միացում է լինելու Եգիպտոսի և ԱՄՆ-ի սոցիալական մեդիայի, քարտեզանշման և հանրային թղթակցության ոլորտի փորձագետների հետ:

Հանրային թղթակցության դասընթաց-ճամբարը կազմակերպվում է ՀԼԱ-ի 2011-2012թ.թ.-ի Հանրային լրագրություն. վերափոխելով լուրերի սպառման գործընթացը Հայաստանում ակտիվ մասնակցության նախագծի շրջանակներում, որը հնարավոր է դարձել իրականացնել Մոսկվայում Նորվեգիայի դեսպանության տրամադրած դրամաշնորհի միջոցով: 

Print Friendly and PDF