«Ընտրությունների լուսաբանման հմտությունները». Հանրային լրագրության դասընթաց-ճամբար

Հանրային լրագրության ակումբի (ՀԼԱ) նախաձեռնությամբ 2012 թ. ապրիլի 20-26-ը կկայանա «Ընտրությունների լուսաբանման հմտությունները» թեմայով hանրային թղթակցության դասընթաց-ճամբար՝ նախատեսված պրոֆեսիոնալ լրագրողների և հանրային/քաղաքացիական թղթակիցների, բլոգերների, ուսանողների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների համար: 
ՀԼԱ կողմից հայտարարված 5-օրյա դասընթաց-ճամբարը հանրային թղթակիցներին և պրոֆեսիոնալ լրագրողներին հնարավորություն կընձեռնի ծանոթանալ ընտրությունների լուսաբանման յուրահատկություններին, լրագրողական ու թղթակցական նոր գիտելիքներ ստանալ, համագործակցել և աշխատել լրագրողներից ու հանրային թղթակիցներից բաղկացած խմբերում, ձեռք բերել սոցիալական մեդիան թղթակցության մեջ կիրառելու հմտություններ:

Դասընթացի մասնակից լրագրողները և հանրային թղթակիցները կհրավիրվեն համագործակցել ՀԼԱ-ի «Իմ լուրերը» կայքի հետ` 2012 թվականի մայիսի 6-ին կայանալիք ՀՀ Ազգային Ժողովի ընտրությունները լուսաբանելու համար:

Դասընթացը կվարի Stealth Startup-ի գործադիր տնօրեն Ուենդի Նորիսը` ԱՄՆ-ից: 


Հանրային թղթակցության դասընթաց-ճամբարի շրջանակներում դասընթացներ կվարեն նաև սոցիալական մեդիայի ոլորտի հայաստանյան մասնագետները, առցանց ուղիղ միացումներ կլինեն Եգիպտոսի և ԱՄՆ-ի սոցիալական մեդիայի, քարտեզանշման և հանրային թղթակցության ոլորտի փորձագետների հետ:

Դասընթացը տեղի է ունենալու Երեւանում, ՀԼԱ գրասենյակում:Աշխատանքային լեզուներն են հայերենը եւ անգլերենը: Անգլերեն դասախոսությունները կուղեկցվեն համաժամանակյա թարգմանությամբ:

Հանրային թղթակցության դասընթաց-ճամբարը կազմակերպվում է ՀԼԱ-ի 2011-2012 թ.թ.-ի «Հանրային լրագրություն. վերափոխելով լուրերի սպառման գործընթացը Հայաստանում ակտիվ մասնակցության» նախագծի շրջանակներում, որը հնարավոր է դարձել իրականացնել Մոսկվայում Նորվեգիայի դեսպանության տրամադրած դրամաշնորհի միջոցով: Դասընթացը համաֆինանսավորվում է Քաունթերփարթ ինթերնեյշնլ ինկ. հայաստանյան ներկայացուցչությունից ստացված դրամաշնորհի շրջանակներում: 

Print Friendly and PDF