Եթե դու ակտիվ քաղաքացի ես, եթե հետաքրքրվում ես մեր երկրի քաղաքական ու հասարակական անցուդարձով, եթե սիրում ես քո տեսածը ֆիքսել, նկարահանել, տարածել ու պատմել դրա մասին, ապա` մեր նախագիծը քեզ համար է:
«Հանրային լրագրության ակումբ» հասարակական կազմակերպությունն առաջին անգամ Հայաստանում իրականացնում է մի ծրագիր, որի շնորհիվ այս տարի Ազգային ժողովի ընտրությունների լուսաբանման գործընթացում ներգրավված կլինեն հանրային թղթակիցներ`այսինքն անհատներ, ովքեր ցանկություն կունենան հետեւել ընտրությունների ընթացքին իրենց տեսախցիկներով, հեռախոսներով, գրիչներով ու ձայնագրիչներով:
Թե ինչ տարբերություն կա հանրային թղթակցի եւ լրագրողի միջեւ` բացահայտիր այս էջում:
Հանրային թղթակիցները «Հանրային լրագրության ակումբի» օգնությամբ կվերապատրաստվեն, կստանան համապատասխան գիտելիքներ, ձեռք կբերեն ընտրությունների լուսաբանման հմտություններ եւ ընտրությունների օրը՝ 2012-ի մայիսի 6-ին, կաշխատեն ՝որպես www.mynews.am կայքի հանրային թղթակից:
Հանրային թղթակիցները կմասնակցեն 2012 թ. ապրիլի 20-26-ը «Հանրային լրագրության ակումբի» նախաձեռնությամբ կազմակերպվող «Ընտրությունների լուսաբանման հմտությունները» թեմայով հանրային թղթակցության դասընթաց-ճամբարին՝ նախատեսված պրոֆեսիոնալ լրագրողների, հանրային թղթակիցների, բլոգերների, ուսանողների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների համար:
«Հանրային լրագրության ակումբի» կողմից հայտարարված 5-օրյա դասընթաց-ճամբարը հանրային թղթակիցներին և պրոֆեսիոնալ լրագրողներին հնարավորություն կտա ծանոթանալ ընտրությունների լուսաբանման յուրահատկություններին, ստանալ լրագրողական նոր գիտելիքներ, համագործակցել և աշխատել լրագրողներից ու հանրային թղթակիցներից բաղկացած խմբերում, ինչպես նաև ձեռք բերել սոցիալական մեդիայի գործիքներն ու հմտությունները թղթակցության ժամանակ կիրառելու համար:
Դասընթացի մասնակից հանրային թղթակիցները դասընթացի ավարտից հետո պետք է անցնեն աշխատանքային պրակտիկա` «Իմ լուրերը» www.mynews.am նախագծի շրջանակներում եւ լուսաբանեն 2012 թվականի մայիսի 6-ին կայանալիք ՀՀ Ազգային ժողովի ընտրությունները:
Նախագիծը ֆինանսավորվում է Քաունթերփարթ ինթերնշնլ ինկ. Հայաստանյան ներկայացուցչության դրամաշնորհի միջոցով:
Այն համաֆինանսավորվում է Հանրային լրագրության ակումբի 2011-2012 թթ. «Հանրային լրագրություն. վերափոխելով լուրերի սպառման գործընթացը Հայաստանում ակտիվ մասնակցության» նախագծի շրջանակներում: