Կանցկացվի քննարկում՝ «Լոռու մարզի բնապահպանական խնդիրներ. հիմնահարցեր եւ հասարակական երկխոսություն» թեմայով

Հանրային լրագրության ակումբը 2012 թվականի հունիսի 29-ին՝ ժամը 16:30-ին, Վանաձորի  «Խաղաղության երկխոսություն» ՀԿ-ի  գրասենյակում (ՀՀ, 2002, ք. Վանաձոր, Մյասնիկյան փող. 12/40) նախատեսել է «Լոռու մարզի բնապահպանական խնդիրներ. հիմնահարցեր եւ հասարակական երկխոսություն» թեմայով  քննարկում: 

Քննարկմանը ներկա կգտնվեն  մի շարք լրատվամիջոցների ներկայացուցիչներ, բնապահպաններ, փորձագետներ, շահագրգիռ կազմակերպություններ, պետական կառույցների ներկայացուցիչներ:

Քննարկումը կազմակերպվում է «Բնապահպանական հանրային լրագրություն» դասընթաց–ճամբարի շրջանակներում, որը նախաձեռնել է Հանրային լրագրության ակումբը: Դասընթացն անցկացվելու է  ս.թ.  հունիսի 29-ից հուլիսի 2-ը:

Դասընթացը նախատեսված է Լոռու մարզի հանրային, քաղաքացիական թղթակիցների, բլոգերների եւ  լրագրողների համար: Դասընթացի շրջանակներում սոցիալական մեդիայի, հանրային լրագրության, բնապահպանական խնդիրների լուսաբանման եւ ԶԼՄ օրենսդրության վերաբերյալ վարպետության դասեր եւ հանդիպումներ կանցկացնեն հայաստանյան մի շարք կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Այս միջոցառումը Լոռու մարզի լրագրողներին, հանրային թղթակիցներին, ակտիվիստներին, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին հնարավորություն կընձեռի լրագրողական ու թղթակցային նոր գիտելիքներ ստանալու, բնապահպանական խնդիրների լուսաբանման գործում հմտանալու, համապատասխան մասնագետների, կառույցների ներկայացուցիչների հետ համագործակցության կամուրջներ ստեղծելու եւ բնապահպանական խնդիրների լուսաբանման որակը բարելավելու՝ բազմակողմանի ու հավասարակշռված լրագրությամբ: 

Հանրային թղթակցության դասընթաց-ճամբարը կազմակերպվում է ՀԼԱ-ի 2011-2012 թթ.-ի «Հանրային լրագրություն. վերափոխելով լուրերի սպառման գործընթացը Հայաստանում ակտիվ մասնակցության» նախագծի շրջանակներում, որը հնարավոր է դարձել իրականացնել Մոսկվայում Նորվեգիայի դեսպանության տրամադրած դրամաշնորհի միջոցով: Հանրային լրագրության ակումբը Հայաստանում գրանցված հասարակական կազմակերպություն է: Մեր առաքելությունն է խթանել խոսքի ազատությունը եւ բազմակարծությունը Հայաստանում`  զարգացնելով մասնակցային եւ հանրային թղթակցությունը եւ ստեղծելով գրավիչ հարթակներ քաղաքացիական թղթակիցների, պրոֆեսիոնալ լրագրողների, լրատվամիջոցների ու սոցիալական մեդիայի մասնագետների, տեղեկատվական տեխնոլոգիաների եւ հասարակական այլ ոլորտների մասնագետների համագործակցությունը խթանելու նպատակով:

Մենք փորձում ենք ստեղծել համագործակցության կամուրջներ, որոնք կնպաստեն նոր տեխնոլոգիաների ոլորտի ներկայացուցիչների եւ լրագրողների համագործակցությանը: Մենք ստեղծել ենք քաղաքացիական թղթակցության բնագավառում նորամուծություն համարվող` խաղային դիզայնի եւ խաղաֆիկացման տեխնոլոգիաներով նախագծված www.mynews.am հարթակը:

Print Friendly and PDF