Հայ և ադրբեջանցի երաժիշտները համատեղ ելույթ կունենան Ալանդյան կղզիներում

13 երիտասարդ երաժիշտներ Հայաստանից, Ադրբեջանից եւ Ալանդյան կղզիներից օգոստոսի 6-ին` Հիրոսիմայի զոհերի հիշատակի միջազգային օրը, հանդիպելու են Ալանդյան կղզիներում` մեկ շաբաթ միասին նվագելու, երաժշտական փորձը փոխանակելու նպատակով:

Նրանք միասին մասնակցելու են դասընթացների, քննարկումների, կատարելու են երաժշտական վարժություններ եւ զբաղվելու են փորձարարությամբ՝ օգոստոսի 10-ին Մարիեհամնի հրապարակի բեմում «Խաղաղության ձայները» բացառիկ, փարձարարական համերգով հանդես գալու համար: Համերգի մուտքն ազատ է:
    
Բացօթյա համերգը կազմակերպվելու է Ալանդյան կղզիների խաղաղության ինստիտուտի հոբելյանական ծրագրի շրջանակներում, որի առաքելությունը վերջին 20 տարիների ընթացքում խաղաղության տարածումն ու հաստատումն է:

Մասնակիցների երգացանկն ընդգրկում է ջազային, ժողովրդական եւ համաշխարհային երաժշտության կատարումներ: Նրանցից շատերն իրենց հայրենիքում հայտնի եւ պրոֆեսիոնալ երաժիշտներ են, ինչպես դասական կիթառահարներ եւ դաշնակահարներ, այնպես էլ հարավկովկասյան տարածաշրջանի ազգային երաժշտական գործիքների՝ թառի, ուդի, սազի գիտակ երգիչներ եւ երաժիշտներ.

Էմիլ Մամեդով – դաշնամուր, 
Տիգրան Այվազյան – կիթառ,
Կարեն Մկրտչյան – վոկալ,
Միքայել Ոսկանյան – թառ, սազ, բուզուկի, ուդ,
Անուշ Հարությունյան – ջութակ,
Աշոտ Ոսկանյան – կիթառ, կայոն,
Ռիչարդ Փալմեր – կիթառ,
Ջոքում Ջասլին – կիթառ,
Կջելլ Դահլ – բաս,
Անդրեաս Նիբերգ – ջութակ,
Ասկանդար Ալասգարով – թրյումոր,
Փարվիզ Մամեդով – բաս կիթառ,
Մալիկ Մանսուրով – թառ, սազ,
Շիրադ Ֆաթալիյեւ – բալաբան,
Նազիմ  Քարիմով – հնչյունային օպերատոր:

Ալանդյան կղզիները ներկայացնելու է WhatClub խումբը: Համերգը բացելու է «Խաղաղության կղզիներ» փառատոնի մեկնարկը, որը «Խաղաղության ձայներ» նախագծի մի մասն է:

Նախագիծը ստեղծվել է Հայաստանում գործող Հանրային լրագրության ակումբի, «Ինտերնյուս» կազմակերպության ադրբեջանական գրասենյակի եւ Ուփսալայի Արտաքին քաղաքականության ասոցիացիայի համագործակցության շնորհիվ: Այն ֆինանսավորվում է Եվրամիության՝ «Երիտասարդությունը շարժման մեջ» ծրագրի, Ֆինլանդիայում գործող CIMO (ակտիվության միջազգային կենտրոն) եւ Շվեդիայի մշակութային հիմնադրամի կողմից:

Print Friendly and PDF