Միացեք սոցիալական խնդիրների քննարկոււմ Արարատ քաղաքում

Հանրային լրագրության ակումբը 2012 թվականի սեպտեմբերի 28-ին, ժամը 15:30-ին, Արարատ քաղաքի Պարույր Սեւակի անվան թիվ 2 դպրոցում կազմակերպում է Արարատի սոցիալական խնդիրների վերաբերյալ կլոր-սեղան քննարկում:

Քննարկմանը ներկա կլինի ՀՀ Բնապահպանության նախարարության ջրային ռեսուրսների կառավարման գործակալության  Արարատյան  ջրավազանային տարածքային կառավարման բաժին պետ` Պետրոս Շահնազարյանը, Արարատի մարզում գործող «Աստղաշող» ՀԿ-ի նախագահ Էլմիրա Բարսեղյանը, «Համալսարանական կրթությամբ կանանց ասոցացիայի» նախագահ Վարդիթեր Ղազարյանը, «Արարատ քաղաքի կանանց խորհրդի» նախագահ Սեդա Դարբինյանը, «Քոլսոն» ՀԿ-ի  ղեկավար`  Նաիրա  Մուրադյանը,  Արարատի Օրհուս կենտրոնի ղեկավար Հռիփսիմե Սարգսյանը, Արարատի  եւ Արտաշատի քաղաքապետարանների սոցիալական  ծառայության տարածքային բաժնի պետ Մովսես Սավոյանն ու Անահիտ Խաչատրյանը, ինչպես նաեւ Այգեզարդի, Վեդիի ՏԻՄ ներկայացուցիչներ:

Քննարկման նպատակն է նախաձեռնել երկխոսություն քաղաքացիական հասարակության եւ պետական կառույցների ներկայացուցիչների միջեւ, ինչպես նաեւ բազմակողմանի ներկայացնել սոցիալական այն հիմնախնդիրները, որոնք անտեսվում են լրատվամիջոցների կողմից եւ օգնել հանրային թղթակիցներին, լրագրողներին ավելի լավ հասկանալու դրանք:

Քննարկումը կազմակերպվում է «Արարատ. սոցիալական խնդիրները հանրային թղթակիցների աչքերով» հանրային թղթակցության դասընթաց–ճամբարի շրջանակներում, որը նախաձեռնել է Հանրային լրագրության ակումբը: Դասընթացն անցկացվելու է 2012-ի սեպտեմբերի 27-ից 30-ը:

Այն նախատեսված է Արարատի մարզի հանրային, քաղաքացիական թղթակիցների, բլոգերների եւ  լրագրողների համար:

Դասընթացի շրջանակներում սոցիալական մեդիայի, հանրային լրագրության, սոցիալական խնդիրների լուսաբանման եւ ԶԼՄ օրենսդրության վերաբերյալ վարպետության դասեր եւ հանդիպումներ կանցկացնեն հայաստանյան մի շարք կազմակերպությունների ներկայացուցիչներ: 

Այս միջոցառումը Արարատի մարզի լրագրողներին, հանրային թղթակիցներին, ակտիվիստներին, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին հնարավորություն կընձեռի լրագրողական նոր գիտելիքներ ստանալ, հմտանալ սոցիալական խնդիրների լուսաբանման գործում, համագործակցության կամուրջներ ստեղծել համապատասխան մասնագետների, կառույցների ներկայացուցիչների հետ եւ բարելավել սոցիալական խնդիրների լուսաբանման որակը՝ բազմակողմանի ու հավասարակշռված լրագրությամբ:

Հանրային թղթակցության դասընթաց-ճամբարը կազմակերպվում է ՀԼԱ-ի 2011-2012 թթ. «Հանրային լրագրություն. վերափոխելով լուրերի սպառման գործընթացը Հայաստանում ակտիվ մասնակցության» նախագծի շրջանակներում, որը հնարավոր է դարձել իրականացնել Մոսկվայում Նորվեգիայի դեսպանության տրամադրած դրամաշնորհի միջոցով:

Print Friendly and PDF