Վարպետության դաս. սովորում ենք լուսաբանել մարդու իրավունքները

Հանրային լրագրության ակումբի նախաձեռնությամբ 2012 թ. հոկտեմբերի 10-ին` ժամը 13:00-ին, «Մարդու իրավունքների լուսաբանման հմտությունները» թեմայի վերաբերյալ կանցկացվի վարպետության դաս: 

Վարպետության դասընթացը վարելու են «Մարդու իրավունքները Հայաստանում» (www.hra.am) կայքի խմբագիր Մերի Ալեքսանյանը և Հանրային լրագրության ակումբի ծրագրերի պատասխանատու Սառա Խոջոյանը:

Վարպետության դասի միջոցով կներկայացվի մարդու իրավունքների խախտման դեպքում հանրային վերահսկողության, հանրային թղթակցության, քաղաքացիների ներգրավվածության գաղափարի կարևորությունը: 

Վարպետության դասի շրջանակներում Մերի Ալեքսանյանը կներկայացնի, թե ինչպես կարող են քաղաքացիական հասարակության ակտիվ անդամները բարձրաձայնել մարդու իրավունքների խախտման դեպքերը, ինչպես էթիկապես ճիշտ և հավասարակշռված լուսաբանել խոցելի խմբերի (երեխաներ, ազգային փոքրամասնություններ և այլն) իրավունքների խախտման դեպքերը, ինչպես օգտագործել հանրային թղթակցության գործիքները` բարձրաձայնելու համար Հայաստանում մարդու իրավունքների խախտման դեպքերը: 

Սառա Խոջոյանը կներկայացնի Հանրային լրագրության ակումբի «Իմ լուրերը» (www.mynews.am) կայքի ընձեռած հնարավորությունները` որպես հանրային թղթակցության հարթակ և մարդու իրավունքների վերահոսկողության գործիք:

Վարպետության դասին կարող են մասնակցել մարդու իրավունքների պաշտպանության ոլորտի աշխատակիցներ, ուսանողներ, լրագրողներ, քաղաքացիական հասարակության ակտիվ անդամներ:

Վարպետության դասը կանցկացվի ԵՊՀ Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնում (ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, Ռոբերտ Շումանի անվան լսարան, մուտքը Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարանի կողմից):

Վարպետության դասն անցկացվում է «Հանրային լրագրություն. հզորացնելով հանրային թղթակիցների կարողությունները» նախագծի շրջանակներում, որը հնարավոր է դարձել իրականացնել ԱՄՆ դեսպանատան Ժողովրդավարության հանձնաժողովի փոքր դրամաշնորհների ծրագրի  միջոցով: Նախագծի նպատակն է խթանել Հայաստանում հանրային թղթակցության մշակույթի զարգացումը: Նախագծի շրջանակներում Հանրային լրագրության ակումբը նախատեսում է անցկացնել տարբեր թեմատիկ բովանդակությամբ հանրային թղթակցության դասընթաց-ճամբարներ, մրցույթներ: Կկազմակերպվեն նաև վարպետության դասընթացներ` ուսանողների համար: 

Ծրագրով ստեղծված բովանդակությունը միմիայն հեղինակներինն Է և պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆ Ժողովրդավարության հանձնաժողովի կամ ՀԼԱ տեսակետները:
 
Հանրային լրագրության ակումբը Հայաստանում գրանցված հասարակական կազմակերպություն է եւ հանդիսանում է ԱՄՆ-ում գործող Hacks/Hackers կազմակերպության հայաստանյան ներկայացուցիչը: 


Մեր առաքելությունն է խթանել խոսքի ազատությունը եւ բազմակարծությունը Հայաստանում` զարգացնելով մասնակցային եւ հանրային թղթակցությունը եւ ստեղծելով գրավիչ հարթակներ քաղաքացիական թղթակիցների, պրոֆեսիոնալ լրագրողների, լրատվամիջոցների ու սոցիալական մեդիայի մասնագետների, տեղեկատվական տեխնոլոգիաների եւ հասարակական այլ ոլորտների մասնագետների համագործակցությունը խթանելու նպատակով:

Մենք նախագծում ենք հարթակներ, որոնք նպատակ ունեն փոխել լրատվության սպառման գաղափարը` պասիվ ընթերցանությունը ակտիվ մասնակցության վերափոխելու համար: Մենք փորձում ենք ստեղծել համագործակցության կամուրջներ, որոնք կնպաստեն նոր տեխնոլոգիաների ոլորտի ներկայացուցիչների եւ լրագրողների համագործակցությանը: Մենք ստեղծում ենք քաղաքացիական թղթակցության բնագավառում նորամուծություն համարվող` խաղային դիզայնի եւ խաղաֆիկացման տեխնոլոգիաներով նախագծված www.mynews.am-ը:

 

 

Print Friendly and PDF