Ալավերդիում կկայանա հանրային թղթակցության դասընթաց-ճամբար

2013 թ. հունվարի 18-21-ը Հանրային լրագրության ակումբի նախաձեռնությամբ Լոռու մարզի Ալավերդի քաղաքում  կկայանա հանրային թղթակցության դասընթաց-ճամբար:

Դասընթաց-ճամբարի շրջանակներում մասնակիցները ձեռք կբերեն հանրային թղթակցության, սոցիալական մեդիայի հմտություններ, հնարավորություն կունենան ձեռք բերել լրագրողական ու թղթակցական նոր գիտելիքներ, համագործակցել եւ աշխատել լրագրողներից ու հանրային թղթակիցներից բաղկացած խմբերում` լուսաբանելով տեղի բնակիչների և վրացիների միջև հաստատված առևտրային կապերը, տեղացի առևտրականների խնդիրները:

Դասընթացի երկրորդ օրը նախատեսվում է նաև մեկօրյա այց հայ-վրացական պետական սահմանին գտնվող հայկական Ջիլիզա գյուղ: Այցելության ընթացքում մասնակիցները հնարավորություն կունենան թղթակցություններ պատրաստել սահմանամերձ գյուղի բնակիչների առօրյայի, վրացիների հետ առևտրական կապերի,  հայ-վրացական պետական սահմանի սահմանազատման, սահմանագծման խնդիրների մասին:

Դասընթացը նախատեսված է Լոռու մարզի և Երևանի ակտիվ երիտասարդների համար:

Դասընթացը կազմակերպվում է  «Հանրային լրագրություն. հզորացնելով հանրային թղթակիցների կարողությունները» նախագծի շրջանակներում, որը հնարավոր է դարձել իրականացնել ԱՄՆ դեսպանատան Ժողովրդավարության հանձնաժողովի փոքր դրամաշնորհների ծրագիր  միջոցով: Նախագծի նպատակն է խթանել Հայաստանում հանրային թղթակցության մշակույթի զարգացումը: Նախագծի շրջանակներում Հանրային լրագրության ակումբը նախատեսում է անցկացնել տարբեր թեմատիկ բովանդակությամբ հանրային թղթակցության դասընթաց-ճամբարներ, մրցույթներ: Կկազմակերպվեն նաև վարպետության դասընթացներ` ուսանողների համար: 

Ծրագրով ստեղծված բովանդակությունը միմիայն հեղինակներինն Է և պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆ Ժողովրդավարության հանձնաժողովի կամ ՀԼԱ տեսակտեները:

 

Print Friendly and PDF