Վարպետության դաս. «Սոցիալական մեդիայի «այբուբենը»

Հանրային լրագրության ակումբի նախաձեռնությամբ 2012 թ. դեկտեմբերի 3-ին` ժամը 13:45-ին, Եվրոպական տարածաշրջանային ակադեմիայում կանցկացվի վարպետության դաս «Սոցիալական մեդիայի «այբուբենը» խորագրով: Վարպետության դասը վարելու է տեղեկատվության անվտանգության հարցերով փորձագետ Սամվել Մարտիրոսյանը:

Վարպետության դասի ընթացքում մասնակիցները ձեռք կբերեն գիտելիքներ` սոցիալական մեդիայի գործիքների, դրանց արդյունավետ կիրառման, քարտեզանշման տեխնոլոգիաների, ինչպես նաև քաղաքացիական լրագրության վերաբերյալ: Մասնակիցները կծանոթանան նաև համացանցում անվտանգության խնդիրներին: 

Հանրային լրագրության ակումբի «Իմ լուրերը» (www.mynews.am) կայքի խմբագիր Արթուր Հարությունյանը վարպետության դասի շրջանակներում կներկայացնի www.mynews.am կայքի ընձեռած հնարավորությունները` որպես հանրային վերահսկողության հարթակ և գործիք: 

Հանրային թղթակցության միջոցով դրական փոփոխությունների հասած թղթակիցներ Արփինե Արզումանյանը և Ագնես Գասպարբեկյանը կկիսվեն իրենց պատմություններով:

Վարպետության դասին կարող են մասնակցել բոլորը, ովքեր հետաքրքրված են տեղեկատվական տեխնոլոգիաներով, քաղաքացիական լրագրությամբ:

Վարպետության դասն անցկացվում է «Հանրային լրագրություն. հզորացնելով հանրային թղթակիցների կարողությունները» նախագծի շրջանակներում, որը հնարավոր է դարձել իրականացնել ԱՄՆ դեսպանատան Ժողովրդավարության հանձնաժողովի փոքր դրամաշնորհների ծրագրի միջոցով: Նախագծի նպատակն է խթանել Հայաստանում հանրային թղթակցության մշակույթի զարգացումը: Նախագծի շրջանակներում Հանրային լրագրության ակումբը նախատեսում է անցկացնել տարբեր թեմատիկ բովանդակությամբ հանրային թղթակցության դասընթաց-ճամբարներ, մրցույթներ: Կկազմակերպվեն նաև վարպետության դասընթացներ` ուսանողների համար:

Ծրագրով ստեղծված բովանդակությունը միմիայն հեղինակներինն Է և պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆ Ժողովրդավարության հանձնաժողովի կամ ՀԼԱ տեսակետները:

Print Friendly and PDF