Ալավերդի. հանրային թղթակցության դասընթաց-ճամբար

2012 թ. դեկտեմբերի 20-23-ը Հանրային լրագրության ակումբի նախաձեռնությամբ Լոռու մարզի Ալավերդի քաղաքում  կկայանա հանրային թղթակցության դասընթաց-ճամբար:  

Դասընթաց-ճամբարի շրջանակներում մասնակիցները ձեռք կբերեն հանրային թղթակցության և սոցիալական մեդիայի հմտություններ, հնարավորություն կունենան լրագրողական նոր գիտելիքներ ստանալու, ինչպես նաև համագործակցելու եւ աշխատելու լրագրողներից ու հանրային թղթակիցներից բաղկացած խմբերում` լուսաբանելով տեղի բնակիչների և վրացիների միջև հաստատված առևտրային կապերը, տեղացի առևտրականների խնդիրները: 

Դասընթացի երրորդ օրը նախատեսվում է նաև մեկօրյա այց հայ-վրացական պետական սահմանին գտնվող հայկական Ջիլիզա գյուղ: Այցելության ընթացքում մասնակիցները հնարավորություն կունենան թղթակցություններ պատրաստել սահմանամերձ գյուղի բնակիչների առօրյայի, վրացիների հետ առևտրական կապերի,  հայ-վրացական պետական սահմանի սահմանազատման և սահմանագծման խնդիրների մասին: 

Դասընթացը նախատեսված է Լոռու մարզի և Երևանի ակտիվ երիտասարդների համար:

Դասընթացը կազմակերպվում է  «Հանրային լրագրություն. հզորացնելով հանրային թղթակիցների կարողությունները» նախագծի շրջանակներում, որը հնարավոր է դարձել իրականացնել ԱՄՆ դեսպանատան Ժողովրդավարության հանձնաժողովի փոքր դրամաշնորհների ծրագիր միջոցով: 

Նախագծի նպատակն է խթանել Հայաստանում հանրային թղթակցության մշակույթի զարգացումը: Նախագծի շրջանակներում Հանրային լրագրության ակումբը նախատեսում է անցկացնել տարբեր թեմատիկ բովանդակությամբ հանրային թղթակցության դասընթաց-ճամբարներ, մրցույթներ: Կկազմակերպվեն նաև վարպետության դասընթացներ ուսանողների համար: 

Print Friendly and PDF