Նա/Նե նոր անվանակարգ՝ հանրային թղթակցություն

Դեկտեմբերի 18-ին Գենդերային խնդիրների լուսաբանման Նա/Նե ամենամյա լրագրողական 5-րդ հոբելյանական մրցույթի կազմակերպիչները, մրցանակ սահմանած կազմակերպություններն ու նախորդ տարվա ժյուրիի անդամները ներկայացրին անվանակարգերը, մրցանակները և մրցույթին մասնակցելու կարգն ու գնահատման չափանիշները:

Այս տարի առաջին անգամ Նա/Նե-ն նոր անվանակարգ է սահմանել ՝ Հանրային լրագության ակումբ (ՀԼԱ ) հասարակական կազմակերպության հետ համատեղ` «Հանրային լրագրություն/բլոգային գրառում», որի համար մրցանակ կշնորհի ՀԼԱ-ն:

ՀԼԱ ղեկավար Սեդա Մուրադյանը հանդիպմանն ասաց, որ քաղաքացիական լրագրությունը Հայաստանում այլևս այնքան է զարգացել, որ նման անվանակարգի կարիքն արդեն անհրաժեշտ է.

«Առաջին անգամ է, որ Հայաստանում նման մեծածավալ, լուրջ մրցույթում կարևորվում է հանրային լրագրությունը: Մեր փորձից ելնելով, կարող եմ հավաստիացնել, որ լրագրողներից բացի ոչ պրոֆեսիոնոլ լրագրությամբ զբաղվող մարդիկ էլ ասելիք ունեն կանանց առնչվող խնդիրների և գենդերային անհավասարության վերաբերյալ»:

ՀԼԱ հիմնադիր-ղեկավարն ընդգծեց, որ հանրային թղթակիցների նյութերն առանձնանում են իրենց թեմատիկ բազմազանությամբ: «Այդ թեմաները շատ հաճախ չեն նկատում պրոֆեսիոնալ լրագրողները կամ էլ այնքան լայն լուսաբանում չեն ստանում»,- ասաց  նա:

Այս տեսնակյունից նախորդ տարվա ժյուրիի անդամ, Արմնյուզ հեռուստաընկերության լուրերի խմբագիր և «Newmag» ամսագրի գլխավոր խմբագիր Գնել Նալբանյանը հավելեց, որ հանրային թղթակիցները կարող են պրոֆեսիոնալներին թեմաներ հուշել, որոնք հանրային թղթակցության հետքերով գնալով հնարավորություն կունենան նոր ու հետաքրքիր նյութեր պատրաստել:

«Շատ ուրախ եմ, որ այս տարի կա հանրային լրագրության համար նախատեսված հատուկ անվանակարգ: Անցյալ տարի բազմաթիվ դիմումներ կային, որոնք պրոֆեսիոնալ ժուռնալիստական գործեր չէին, բայց կարող էին դիտարկվել որպես հանրային թղթակցություն»:
 
Նա/Նե-ի մասին.
Մրցույթին իրենց նյութերը կարող են ներկայացնել հայաստանյան տպագիր, առցանց և հեռարձակող լրատվամիջոցների աշխատակիցները և անկախ լրագրողները։ Տպագրված կամ հեռարձակված նյութերը կամ դրանց հեղինակների թեկնածությունը կարող են առաջադրել նաև հասարակական կազմակերպություններն ու անհատները:
Նյութերը պետք է տպագրված կամ հեռարձակված լինեն 2012 թվականի հունվար – դեկտեմբեր ժամանակահատվածում, անդրադառնան քաղաքական, հասարակական և տնտեսական ոլորտներում կանանց գործունեությանը, ձեռքբերումներին ու նվաճումներին, խնդիրներին ու մարտահրավերներին` այս ամենը դիտարկելով տղամարդկանց և կանանց հավասարության տեսանկյունից։ Նյութերը կարող են ներկայացվել լրագրության ցանկացած ժանրում։ 
Հոբելյանական 5-րդ Նա/Նե-ն այս տարի կունենա 7 անվանակարգ: 
Առաջին մրցանակի համար սահմանված է Նա/Նե արծաթե արձանիկ և 300.000 դրամ, 2-րդ մրցանակի համար` հավաստագիր և 150.000 դրամ, 3-րդ մրցանակի համար` հավաստագիր և 75.000 դրամ: Գործընկեր կազմակերպություններն այս տարի ևս սահմանել են հատուկ թեմատիկ մրցանակներ, որոնց հաղթողները կարժանան 100.000 դրամ մրցանակի:
Հինգերորդ հոբելյանական Նա/Նե լրագրողական մրցույթը սահմանվել է  հատուկ մրցանակ լրատվամիջոցների այն աշխատակիցների համար, ովքեր մասնակցելու են այս կամ մասնակցել են նախորդ տարիների մրցույթներին:
Մրցույթը նախաձեռնել են Բրիտանական խորհուրդը, Երևանում Մեծ Բրիտանիայի դեսպանատունը, ԵԱՀԿ երևանյան գրասենյակը, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը և «Վորլդ Վիժն Հայաստան» գրասենյակը, «Օքսֆամ» հայաստանյան մասնաճյուղի, Եվրոպական Միության, Հանրային լրագրության ակումբի, Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի և Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի հետ համատեղ:
Լրացուցիչ տեղեկություններ
Նախորդ տարիների մրցանակակիր նյութերին կարող եք ծանոթանալ Բրիտանական խորհրդի կայքում՝http://www.britishcouncil.org/armenia.htm և Նա/Նե բլոգում http://blog.britishcouncil.org/nane: 
Մրցույթի վերաբերյալ նորություններին ծանոթացեք Բրիտանական խորհրդի ֆեյսբուքյան էջում՝https://www.facebook.com/britishcouncilarmenia , իսկ Թվիթերում հետևեք #NaNe5 հեշթեգով:

Print Friendly and PDF