Հեքըթոն[ՅԱՆ] 2012. տարվա լավագույն 24 ժամը

Դեկտեմբերի 22-23-ը Հայաստանի ամենաակտիվ, ամենաստեղծագործ ու խնդիրների համար նորարար մոբայլ լուծումներ առաջարկած ծրագրավորողներն ու չծրագրավորողները կմասնակցեն Հայաստանում երկրորդ անգամ անցկացվող Հեքըթոն[ՅԱՆ] մրցույթին

Սիլիկոնյան հովտում սկիզբ առած միջոցառման այս ձևաչափը թույլ է տալիս նորագույն տեխնոլոգիաների կիրառման, թիմային աշխատանքի եւ ծրագրավորողների ու չծրագրավորողների, այսինքն` այլ մասնագետների համագործակցության միջոցով արդյունավետ լուծումներ առաջարկել տարբեր ոլորտներում առկա խնդիրների համար: 

Եթե նախորդ տարվա Հեքըթոն[ՅԱՆ]-ն ուղղված էր Երևան քաղաքի խնդիրների լուծմանն, ապա Հեքըթոն[ՅԱՆ] 2012-ը չունի թեմատիկ ուղղվածություն: Կարող են ներկայացվել գաղափարներ ցանկացած պլատֆորմի համար ցանկացած թեմայով:

Ընդամենը 24 ժամում թիմերը պետք է ծրագրավորեն, մշակեն և ժյուրիին ներկայացնեն իրենց գաղափարի հեռախոսային հավելվածի նախատիպը (դեմո տարբերակը) կամ պատրաստի ծրագիրը: 

Կազմակերպիչներն ու մրցույթի աջակիցները նախատեսել են բազմաթիվ դրամական մրցանակներ տարբեր անվանակարգերում`

• Մայքրոսոֆթ տեխնոլոգիայի հենքով ամենանորարար լուծում, 
• Լավագույն Windows 8 հավելված,
• Լավագույն Windows հեռախոսային հավելված,
• Լավագույն Android հավելված,
• Լավագույն iOS հավելված, 
• Համայնքային խնդիրների լավագույն լուծում,
• Լավագույն մեդիա նախագիծ,
• Բազմաթիվ խրախուսական մրցանակներ:

Հանրային լրագրության ակումբի ղեկավար Սեդա Մուրադյանը նշում է, որ հեքըթոնը ոչ միայն մրցանակներ շահելու, այլեւ` նոր եւ հետաքրքիր գաղափարների համար ներդրումներ գտնելու բացառիկ հնարավորություն է: 

2012-ին առաջին անգամ, Հայաստանում նոր տեխնոլոգիաների ներդրմանն ու տարածմանը նպաստող միջոցառմանն օգնում է Knight-Mozila OpenNews-ը, որը Mozila-ի եւ Knight հիմնադրամի Հեքըթոնների աջակցման նախագիծն է:  Knight-Mozila OpenNews-ի օգնությամբ Հանրային լրագրության ակումբը կշնորհի խրախուսական մրցանակ լավագույն մեդիա նախագծին:

Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանի տնօրեն Եվա Հյուսյանը նշում է, որ մրցույթից հետո մասնակից լավագույն նախագծերի հեղինակները հնարավորություն կունենան ներկայացնել իրենց ծրագրերը բուլղարական «Eleven Accelerator» վենչուրային հիմնադրամին:

Բացի դրամական և խրախուսական մրցանակներից մրցույթի մասնակիցները կունենան աշխատանքային և համագործակցության առաջարկների, ներդրումների ու իրենց ծրագրերը կյանքի կոչելու բազմաթիվ այլ հնարավորություններ:  

Հեքըթոն[ՅԱՆ] 2012-ը տեղի կունենա Մերգելյանի անվան ինստիտուտում, դեկտեմբերի 22-23-ը, և կտեւի 24 ժամ: 

Print Friendly and PDF