Ազատազրկվածները ցանկանում են աշխատել. ո՞րն է համակարգի արձագանքը. քննարկում

Ազատազրկվածները ցանկանում են աշխատել. ո՞րն է համակարգի արձագանքը. քննարկում

Աշխատանքային զբաղվածությունը՝ որպես վերասոցիալականացման հիմնասյուն, շարունակում է առանցքային դեր ունենալ քրեակատարողական համակարգում։ Սակայն, թե որքանով են ազատությունից զրկված անձինք իրապես ունենում աշխատելու և հմտություններ ձեռք բերելու հնարավորություն՝ մնում է քննարկման թեմա։ Թեմային անդրադարձ է կատարվել Մեդիա կենտրոնում կազմակերպված քննարկման ընթացքում, որտեղ ոլորտի փորձագետները ներկայացրել են թե՛ ներկայիս վիճակը, թե՛ առկա մարտահրավերները։

Քննարկումն անցկացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ ընթացող «Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումների մշտադիտարկում» (www.juremonia.am) ծրագրի «Մեդիան հանուն բարեփոխումների. հանրային երկխոսության խթանում քրեակատարողական և պրոբացիոն համակարգերի վերաբերյալ» ենթադրամաշնորհի շրջանակում: Ենթադրամաշնորհ իրականացնող կառույցը «Հանրային լրագրության ակումբ» ՀԿն է:

«Քրեակատարողական ծառայությունը, համակարգը ևս ունի ցանկություն, որ ազատությունից զրկված մարդիկ աշխատեն»,- նշել է ՀՀ արդարադատության նախարարության Քրեակատարողական ծառայության Սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի պետ Ցողիկ Ալեքսանյանը՝ ներկայացնելով վիճակագրություն․ «2025 թ․ առաջին հինգ ամիսների ընթացքում քրեակատարողական հիմնարկներում աշխատանքների մեջ ներգրավված է եղել 230 ազատազրկված անձ։ Նրանցից 117-ը զբաղվել են վարձատրվող աշխատանքով, այլ գործատուի հետ աշխատանքային պայմանագիր ունի և աշխատում է 23 անձ, իսկ 90 դատապարտյալներ իրենց համաձայնությամբ ներգրավված են ոչ վճարովի աշխատանքներում»:

Ալեքսանյանը շեշտել է, որ զբաղվածությունը ոչ միայն նվազեցնում է կրկնահանցագործության հավանականությունը, այլև ձևավորում է ֆինանսները տնօրինելու և պատասխանատվություն ստանձնելու կարևոր հմտություններ։

«Երբ անձն ունի աշխատանքային հմտություններ և կիրառում է դրանք, ազատման պահին կրկին հանցանք կատարելու հավանականությունը նվազում է»,- նշել է նա։

Ներկայում աշխատանքներում ներգրավված 230 անձից 140-ը ստանում է վարձատրություն։ Քրեակատարողական ծառայության պետի՝ անցած տարվա հրամանի համաձայն՝ տեխնիկատնտեսական հաստիքների թիվը 139-ից դարձել է 164, ինչն ընդլայնում է վարձատրվող հնարավորությունների շրջանակը։

Քրեակատարողական հիմնարկներում իրականացվում են նաև ստեղծագործական զբաղվածության ծրագրեր։ 2025-ի առաջին հինգ ամիսներին շուրջ 100 ազատազրկված անձ զբաղվել է ստեղծագործական աշխատանքով՝ հնարավորության սահմաններում։ Քրեակատարողական ծառայությունը համագործակցում է գործընկեր կառույցների հետ՝ փորձելով այդ աշխատանքների վաճառքի հնարավորություններ ստեղծել։

«Մենք կարևորում ենք՝ ոչ միայն հմտությունների զարգացումը, այլև այն, որ այդ աշխատանքը լինի իրական և արժևորվի»,- ընդգծել է Ալեքսանյանը։

Չնայած առկա քայլերին՝ ՀՀ արդարադատության նախարարության Քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի անդամ Մարիամ Անտոնյանը մտահոգություն է հայտնել, որ աշխատանքներում ներգրավվածների թիվը ցածր է՝ ընդհանուր դատապարտյալների թվի հետ համեմատ։

«Նույնիսկ եթե կան աշխատելու ցանկություն ունեցող անձինք, նրանք շատ հաճախ չունեն համապատասխան հնարավորություններ»,- նշել է նա։

Դրական օրինակ է Սևանի քրեակատարողական հիմնարկը, որտեղ գործում է կահույքագործության արտադրաուսումնական տարածք։ Այստեղ դատապարտյալները սովորում են կահույք պատրաստել և հետագայում հնարավորություն են ստանում զբաղվելու վճարովի աշխատանքով։

Այս փորձը, Անտոնյանի հավաստմամբ, քրեակատարողական ծառայությունը փորձում է ընդլայնել՝ տարածելով Արթիկի և Վանաձորի քրեակատարողական հիմնարկներում։ Ըստ նրա՝ կան նաև ֆիզիկական ծանրաբեռնվածություն չպահանջող աշխատանքներ, ինչպես օրինակ՝ գրաֆիկ դիզայնի դասընթացներ, որոնք կարող են համադրվել վերասոցիալականացման նպատակների հետ։

Քննարկումն անցկացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ ընթացող «Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումների մշտադիտարկում» (www.juremonia.am) ծրագրի շրջանակում: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Հանրային լրագրության ակումբը, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները:

Քննարկման ամբողջական տեսագրությունը հասանելի է ստորև։

 

 



Subscribe to our newsletter

Share via
This website uses cookies and asks your personal data to enhance your browsing experience. We are committed to protecting your privacy and ensuring your data is handled in compliance with the General Data Protection Regulation (GDPR).
Send this to a friend