Ազատազրկվածներն ու արտաքին աշխարհը. ի՞նչ է թույլ տալիս օրենքը, և ի՞նչ է տեղի ունենում գործնականում․ քննարկում

Ազատազրկվածներն ու արտաքին աշխարհը. ի՞նչ է թույլ տալիս օրենքը, և ի՞նչ է տեղի ունենում գործնականում․ քննարկում
- June 20, 2025
- Category: Նորություններ
Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում ազատազրկվածների՝ ընտանիքի և ընկերների հետ շփման հնարավորությունները սահմանափակ են ինչպես զանգերի քանակով, այնպես էլ այցելությունների հաճախականությամբ։ Թեև վերջին տարիներին փորձ է արվում վերափոխել համակարգը՝ ներդնելով տեսազանգեր ու բարելավելով կապի ձևերը, խնդիրները դեռ բազմաթիվ են։ Այս հարցը քննարկվել է Մեդիա կենտրոնում կազմակերպված՝ «Ազատազրկվածներն ու արտաքին աշխարհը. ի՞նչ է թույլ տալիս օրենքը, և ի՞նչ է տեղի ունենում գործնականում» թեմայով քննարկման ժամանակ։
Քննարկումն անցկացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ ընթացող «Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումների մշտադիտարկում» (www.juremonia.am) ծրագրի «Մեդիան հանուն բարեփոխումների. հանրային երկխոսության խթանում քրեակատարողական և պրոբացիոն համակարգերի վերաբերյալ» ենթադրամաշնորհի շրջանակում: Ենթադրամաշնորհ իրականացնող կառույցը «Հանրային լրագրության ակումբ» ՀԿ-ն է:
2022 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ մտած նոր Քրեակատարողական օրենսգիրքը նախատեսում է մի շարք մեխանիզմներ՝ դատապարտյալների և արտաքին աշխարհի միջև կապը պահպանելու և ամրապնդելու համար։ Օրենսգրքի շրջանակում սահմանվել են երեք անվտանգային գոտիներ՝ ցածր, միջին և բարձր, որոնց հիման վրա էլ որոշվում են դատապարտյալների տեսակցությունների քանակն ու ձևաչափը։
ՀՀ արդարադատության նախարարության Քրեակատարողական ծառայության Սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի պետի տեղակալ Հովհաննես Մարգարյանը պարզաբանում է՝ տեսակցությունների հաճախականությունը կախված է դատապարտյալի պատժի կրման վայրի անվտանգային մակարդակից։
Մասնավորապես՝ ցածր անվտանգային գոտում մեղմ պայմաններում պատիժ կրող դատապարտյալները կարող են օգտվել տարեկան մինչև 12 երկարատև և 12 կարճատև տեսակցություններից։
Նույն գոտու խիստ պայմաններում պատիժ կրողներին հասնում է 10 երկարատև և 10 կարճատև տեսակցություն։ Միջին անվտանգային գոտում մեղմ պայմաններում պատիժ կրողները կարող են ունենալ 8 երկարատև և 8 կարճատև, իսկ խիստ պայմաններում՝ 6-ական տեսակցություն։ Բարձր անվտանգային գոտում մեղմ պայմաններում պատիժ կրողներին նախատեսված է 4 երկարատև և 4 կարճատև տեսակցություն։
Նոր օրենսգիրքը նախատեսում է խրախուսման համակարգ՝ դատապարտյալներին լրացուցիչ երկարատև կամ կարճատև տեսակցություններ տրամադրելու միջոցով։ Սակայն, ինչպես նշել է «Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի նախագահ Նարե Հովհաննիսյանը, այս մեխանիզմը բավարար արդյունավետությամբ չի կիրառվում։ «Ցավոք, խրախուսանքի տրամադրումը լայնորեն չի օգտագործվում։ Փոխարենը գերակշռում են կարգապահական տույժի միջոցները։ Բացի այդ, օրենսգրքում առկա որոշ դրույթներ գործնականում չեն կիրառվում։ Օրինակ՝ ցածր անվտանգային գոտու մեղմ պայմաններում պատիժ կրող դատապարտյալներն ըստ օրենքի կարող են օգտվել մինչև հնգօրյա երկարատև տեսակցություններից, սակայն նման դեպքեր գրեթե չեն արձանագրվում»,- շեշտել է Հովհաննիսյանը։
Հաշվի առնելով արձանագրված խնդիրները՝ Քրեակատարողական ծառայությունն առաջարկել է օրենսգրքի որոշ դրույթների վերանայում՝ նպատակ ունենալով ապահովել դրա ավելի արդյունավետ կիրառումը և արդար մոտեցում դատապարտյալների նկատմամբ։
Քննարկումն անցկացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ ընթացող «Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումների մշտադիտարկում»(www.juremonia.am) ծրագրի շրջանակում: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Հանրային լրագրության ակումբը, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները:
Քննարկման ամբողջական տեսագրությունը հասանելի է ստորև։