Նորություններ

Ազատազրկվածները ցանկանում են աշխատել. ո՞րն է համակարգի արձագանքը. քննարկում

Աշխատանքային զբաղվածությունը՝ որպես վերասոցիալականացման հիմնասյուն, շարունակում է առանցքային դեր ունենալ քրեակատարողական համակարգում։ Սակայն, թե որքանով են ազատությունից զրկված անձինք իրապես ունենում աշխատելու և հմտություններ ձեռք բերելու հնարավորություն՝ մնում է քննարկման թեմա։ Թեմային անդրադարձ է կատարվել Մեդիա կենտրոնում կազմակերպված քննարկման ընթացքում, որտեղ ոլորտի փորձագետները ներկայացրել են թե՛ ներկայիս վիճակը, թե՛ առկա մարտահրավերները։

Քննարկումն անցկացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ ընթացող «Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումների մշտադիտարկում» ծրագրի «Մեդիան հանուն բարեփոխումների. հանրային երկխոսության խթանում քրեակատարողական և պրոբացիոն համակարգերի վերաբերյալ» ենթադրամաշնորհի շրջանակում: Ենթադրամաշնորհ իրականացնող կառույցը «Հանրային լրագրության ակումբ» ՀԿ–ն է:

«Քրեակատարողական ծառայությունը, համակարգը ևս ունի ցանկություն, որ ազատությունից զրկված մարդիկ աշխատեն»,- նշել է ՀՀ արդարադատության նախարարության Քրեակատարողական ծառայության Սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի պետ Ցողիկ Ալեքսանյանը՝ ներկայացնելով վիճակագրություն․ «2025 թ․ առաջին հինգ ամիսների ընթացքում քրեակատարողական հիմնարկներում աշխատանքների մեջ ներգրավված է եղել 230 ազատազրկված անձ։ Նրանցից 117-ը զբաղվել են վարձատրվող աշխատանքով, այլ գործատուի հետ աշխատանքային պայմանագիր ունի և աշխատում է 23 անձ, իսկ 90 դատապարտյալներ իրենց համաձայնությամբ ներգրավված են ոչ վճարովի աշխատանքներում»:

Ալեքսանյանը շեշտել է, որ զբաղվածությունը ոչ միայն նվազեցնում է կրկնահանցագործության հավանականությունը, այլև ձևավորում է ֆինանսները տնօրինելու և պատասխանատվություն ստանձնելու կարևոր հմտություններ։

«Երբ անձն ունի աշխատանքային հմտություններ և կիրառում է դրանքազատման պահին կրկին հանցանք կատարելու հավանականությունը նվազում է»,- նշել է նա։

Ներկայում աշխատանքներում ներգրավված 230 անձից 140-ը ստանում է վարձատրություն։ Քրեակատարողական ծառայության պետի՝ անցած տարվա հրամանի համաձայն՝ տեխնիկատնտեսական հաստիքների թիվը 139-ից դարձել է 164, ինչն ընդլայնում է վարձատրվող հնարավորությունների շրջանակը։

Քրեակատարողական հիմնարկներում իրականացվում են նաև ստեղծագործական զբաղվածության ծրագրեր։ 2025-ի առաջին հինգ ամիսներին շուրջ 100 ազատազրկված անձ զբաղվել է ստեղծագործական աշխատանքով՝ հնարավորության սահմաններում։ Քրեակատարողական ծառայությունը համագործակցում է գործընկեր կառույցների հետ՝ փորձելով այդ աշխատանքների վաճառքի հնարավորություններ ստեղծել։

«Մենք կարևորում ենք՝ ոչ միայն հմտությունների զարգացումըայլև այնոր այդ աշխատանքը լինի իրական և արժևորվի»,- ընդգծել է Ալեքսանյանը։

Չնայած առկա քայլերին՝ ՀՀ արդարադատության նախարարության Քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի անդամ Մարիամ Անտոնյանը մտահոգություն է հայտնել, որ աշխատանքներում ներգրավվածների թիվը ցածր է՝ ընդհանուր դատապարտյալների թվի հետ համեմատ։

«Նույնիսկ եթե կան աշխատելու ցանկություն ունեցող անձինքնրանք շատ հաճախ չունեն համապատասխան հնարավորություններ»,- նշել է նա։

Դրական օրինակ է Սևանի քրեակատարողական հիմնարկը, որտեղ գործում է կահույքագործության արտադրաուսումնական տարածք։ Այստեղ դատապարտյալները սովորում են կահույք պատրաստել և հետագայում հնարավորություն են ստանում զբաղվելու վճարովի աշխատանքով։

Այս փորձը, Անտոնյանի հավաստմամբ, քրեակատարողական ծառայությունը փորձում է ընդլայնել՝ տարածելով Արթիկի և Վանաձորի քրեակատարողական հիմնարկներում։ Ըստ նրա՝ կան նաև ֆիզիկական ծանրաբեռնվածություն չպահանջող աշխատանքներ, ինչպես օրինակ՝ գրաֆիկ դիզայնի դասընթացներ, որոնք կարող են համադրվել վերասոցիալականացման նպատակների հետ։

Քննարկումն անցկացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ ընթացող «Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումների մշտադիտարկում» ծրագրի շրջանակում: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Հանրային լրագրության ակումբը, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները:

Քննարկման ամբողջական տեսագրությունը հասանելի է ստորև։

Կիսվել :