Հունիսի 17-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի մամուլի ասուլիսը, որի ընթացքում ներկայացվեցին տվյալներ Aravot.am , Factor.am , Civilnet.am , Azatutyun.am , Sputnik.am ԶԼՄ-ներում ԱԺ նախընտրական քարոզարշավի լուսաբանման առանձնահատկությունների և
ընտրություններին մասնակցած քաղաքական ուժերի՝ սոցցանցային հարթակներում իրենց քարոզարշավներն առաջ մղելու 2026-ի պրակտիկայի մասին։
Բանախոսը «Ռեգիոն» կենտրոնի տնօրեն Լաուրա Բաղդասարյանն էր։
Ուսումնասիրվել է 5 ԶԼՄ-ի օնլայն հայերեն բովանդակությունը, կատարվել է 19 (-1) քաղաքական ուժերի Ֆեյսբուքյան պաշտոնական էջերի մոնիտորինգ։
Հետազոտության արդյունքները ներառում են քարոզարշավային նյութերի ինտենսիվության, վիզուալացման, աղբյուրների, լսարանների ու դրանց արձագանքների մասին տեղեկատվություն։
Բանախոսը, ներկայացնելով արդյունքները թվերով, ներկյացրեց որոշ դիտարկումներ ևս։
Մասնավորապես, Լաուրա Բաղդասարյանի խոսքերով, լսարանի վրա ազդեցությունների չափումները շատ բարդ գործընթաց են, քանի որ չկա լուրջ հետազոտություն, որը ցույց կտա ԶԼՄ-ների նախընտրական բովանդակությունը, քաղաքական գովազդը ազդե՞լ է ընտրությունների արդյունքների վրա, թե՞ ոչ:
Հարցին, թե Ֆեյսբուքյան հարթակների ուսումնասիրությունը հնարավորություն տալի՞ս է պատկերացնել՝ կա՞ բովանդակային առումով տարբերություն ԶԼՄ-ի պաշտոնական կայքէջում և ֆեյսբուքում տեղադրված նյութերի միջև, բանախոսը պատասխանեց, որ հիմնականում ուսումնասիրված հինգ ԶԼՄ-ների պաշտոնական կայքում և սոցցանցում հրապարակումները բովանդակային առումով տարբերություն չունեն:
Ըստ բանախոսի՝ լրատվամիջոցների համար անհնար է եղել քաղաքական պայքարում ընդգրկված կուսակցություններին հատկացնել հավասարաչափ ուշադրություն քարոզարշավի համար նախատեսված ժամանակահատվածում։ Բացի այդ, չի կարելի անտեսել նաև քաղաքական նախապատվությունները, որոնք ուղղակիորեն ազդել են լուսաբանումների վրա․ ԶԼՄ-ների կողմից լրատվության մատուցման-ինտերպրետացման ձևը, վերարտադրությունը և անգամ նյութերի ձևավորումը տեղի է ունեցել իրենց քաղաքական նախապատվությունների հիմքով։
Լաուրա Բաղդասարյանը նկատեց, որ քաղաքական շատ ուժեր իրենց Ֆեյսբուքյան հարթակներում շրջանառել են ուղիղ եթերներ, որոնցից օգտվել է մեդիան։
Aravot.am-ի արծարծած թեմաներում անվտանգության թեման գերակայել է, իսկ, օրինակ, այլ ԶԼՄ-ներում դա ակնհայտ չի եղել։
«Հիմնականում լրատվամիջոցները քարոզարշավի ժամանակ աշխատել են քարոզչական գործընթացների լուսաբանման տրամաբանության մեջ, այսինքն՝ որ քաղաքական ուժը որտեղ էր հանդիպումներ անցկացնում, ինչեր էին հայտարարում ու արձանագրում և այլն»,- նշեց Բաղդասարյանը։
Բանախոսը հավելեց, որ արտաքին միջամտության թեման շատ ակտիվ է շրջանառվել մինչև պաշտոնական քարոզարշավը, մինչդեռ ոչ բոլոր ԶԼՄ-ները շարունակեցին ակտիվ խոսել դրա մասին քարոզարշավի ընթացքում։
Հետազոտության մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ։
