Նորություններ

Ատելության խոսք, վիրավորանք, բռնության կոչեր․ Գյումրիի ընտրություններից առաջ և հետո

Ապրիլի 3-ին, ժամը 11։30-ին, Մեդիա կենտրոնում տեղի կունենա քննարկում՝ «Ատելության խոսք, վիրավորանք, բռնության կոչեր․ Գյումրիի ընտրություններից առաջ և հետո» թեմայով։

Բանախոսներ՝

Զառա Հովհաննիսյան՝ իրավապաշտպան

Հակոբ Կարապետյան՝ ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմնի փորձագետ

Անի Կոջոյան՝ Երևանի պետական համալսարանի դասախոս, գենդերային և կանանց իրավունքների ուսումնասիրության մասնագետ

Գյումրիի ավագանու ընտրությունների հաջորդ օրը՝ մարտի 31-ին, ընդդիմադիր ուժերից ամենաշատ ձայները հավաքած Հայաստանի կոմունիստական կուսակցության քաղաքապետի թեկնածու Վարդան Ղուկասյանը թիրախավորել էր ԼԳԲՏ անձանց, կանանց, հնչեցրել էր բռնության կոչեր։

«Ականատես» դիտորդական առաքելության ներկայացուցիչները, որոնք հետևել են Գյումրիի քարոզարշավին և ընտրություններին, Մեդիա կենտրոնում հայտարարեցին, որ քարոզարշավն անցել է անձնական վիրավորանքի ու թշնամանքի մթնոլորտում։ Իսկ ամենաշատ ատելության խոսք գեներացնողները Վարդան Ղուկասյանն ու «Իմ հզոր համայնք» կուսակցության ցուցակը գլխավորող Ռուբեն Մխիթարյանն էին։

Ատելության խոսքի տարածմանը նպաստում են նաև լրատվամիջոցները։ Օրինակ՝ Civic.am-ը հրապարակել էր տեսանյութ, որտեղ, ըստ լրատվամիջոցի՝ Վարդան Ղուկասյանի անչափահաս ազգականը մի խումբ տղաների հետ մերկացնում է անչափահաս աղջկան:

Վերջին շրջանում բազմաթիվ են դարձել նաև դեպքերը, թե ինչպես են պատգամավորները ոչ պատշաճ վարքագիծ դրսևորում, այդ թվում՝ նաև լրագրողների նկատմամբ։

——————————
Լրագրողների մուտքն ազատ է։ Հարցերը հնարավոր է ուղարկել նաև առցանց՝ գրելով Մեդիա կենտրոնի ֆեյսբուքյան էջին։

Քննարկումը կհեռարձակվի Մեդիա կենտրոնի ֆեյսբուքյան էջի և յություբյան ալիքի ուղիղ եթերում։

Կիսվել :