Նոյեմբերի 23-ին Մեդիա կենտրոնում տեղի է ունեցավ «Հանրության գերակա շա՞հ, թե՞ սեփականության իրավունք․ կառավարության նոր նախագիծը» թեմայով քննարկումը, որի ընթացքում իրավապաշտպաններն ու սեփականատերերը բարձրաձայնել են հանրության գերակա շահի անվան տակ սեփականության օտարման նոր կարգավորումների, դրանց սահմանադրականության և քաղաքացիների իրավունքների պաշտպանության խնդիրները։
Քննարկման բանախոսներն էին՝
- Գենյա Պետրոսյան- «Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամի» տնօրեն,
- Դավիթ Գյուրջյան— «Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամի» ավագ իրավախորհրդատու, համահիմնադիր,
- Սեդրակ Բաղդասարյան— «Պետական կարիքների զոհերի հասարակական կազմակերպության» նախագահ,
- Արծրուն Շախկյան— Արամի և Փավստոս Բուզանդի փողոցների իրացման գոտում գտնվող գույքի իրավատեր:
Քննարկման մասնակիցների գնահատմամբ՝ կառավարության առաջարկած փոփոխությունները կարող են սահմանափակել սեփականատերերի իրավունքները, մասնավորապես՝ թուլացնել դատական պաշտպանության երաշխիքները և հնարավորություն տալ սեփականության իրավունքը դադարեցնելու առանց դատական պարտադիր ընթացակարգի։
Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամի տնօրեն Գենյա Պետրոսյանը նշել է, որ 2026 թվականի փետրվարին «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» օրենքում կատարված փոփոխություններով սեփականության իրավունքի դադարեցման դատական կարգը փոխարինվել է արտադատական մեխանիզմով։
Նրա խոսքով՝ նոր կարգավորմամբ, եթե սեփականատերը սահմանված ժամկետում չի ստանում դեպոզիտ հաշվին փոխանցված փոխհատուցումը, օրենքի ուժով սեփականության իրավունքն անցնում է ձեռքբերողին։ Այս գործընթացը կարող է տեղի ունենալ առանց սեփականատիրոջ համաձայնության և դատարանի պարտադիր վճռի։
Պետրոսյանի գնահատմամբ՝ սա խնդրահարույց է Սահմանադրությամբ ամրագրված սեփականության իրավունքի, արդար դատաքննության և արդյունավետ դատական պաշտպանության տեսանկյունից։ Նա հատկապես ընդգծել է, որ դատական վեճի ընթացքում գույքի օտարման գործընթացը չի կասեցվում, ինչի հետևանքով դատարանի վերջնական որոշումը կարող է կորցնել իր նշանակությունը։
«Ստացվում է, որ սեփականատերը, իհարկե, ձևական առումով կարող է փոխհատուցման չափը վիճարկել դատարանում, կարող է վիճարկել հանրության գերակա շահ ճանաչելու մասին կառավարության որոշումը, բայց դատարանը միաժամանակ չի կարողանա կիրառել այնպիսի հայցի ապահովման միջոցներ, որոնք կարող են հանգեցնել հենց այդ գործունեության դադարեցմանը, արգելմանը կամ կասեցմանը»,– նշել է Պետրոսյանը։
Հիմնադրամի ավագ իրավախորհրդատու, համահիմնադիր Դավիթ Գյուրջյանն էլ ուշադրություն է հրավիրել Սահմանադրության 73-րդ հոդվածի վրա՝ նշելով, որ նոր կարգավորումները վատթարացնում են այն քաղաքացիների իրավական վիճակը, որոնց սեփականության օտարման գործընթացն արդեն սկսվել է նախկին օրենսդրության պայմաններում։
Նրա խոսքով՝ խնդրահարույց է նաև այն հանգամանքը, որ փոխհատուցման համարժեքության հարցը կարող է վիճարկվել արդեն սեփականության իրավունքի փոխանցումից հետո։ Գյուրջյանը նշել է նաև, որ նախագծի հանրային քննարկման ընթացքում չեն ներկայացվել անհրաժեշտ քաղաքաշինական և ներդրումային ծրագրերը, ինչպես նաև բացակայում է հանրային քննարկման արդյունքներն ամփոփող փաստաթուղթը։
«Սա ուղիղ հակասում է Սահմանադրության 73-րդ հոդվածի կարգավորումներին, համաձայն որոնց՝ օրենքները և իրավական ակտերը, որոնք վատթարացնում են անձի դրությունը, իրավական վիճակը, չեն կարող ընդունվել»,– ընդգծել է Գյուրջյանը։
Քննարկման ընթացքում սեփականության օտարման շուրջ տարիների փորձին անդրադարձել է նաև «Պետական կարիքների զոհերի» հասարակական կազմակերպության նախագահ Սեդրակ Բաղդասարյանը։ Նրա խոսքով՝ 2002 թվականից ի վեր սեփականության օտարման գործընթացներում բազմաթիվ քաղաքացիների իրավունքներ են խախտվել, իսկ հանրության գերակա շահի անվան տակ իրականացված ծրագրերի արդյունքում գույքը հաճախ փոխանցվել է մասնավոր կազմակերպություններին։
Բաղդասարյանը նշել է, որ իր գնահատմամբ՝ Երևանում հանրության գերակա շահի իրականացման հիմնավորմամբ սեփականության օտարման հաջողված օրինակներից մեկը Հյուսիս-հարավ ճանապարհի կառուցումն է, մինչդեռ մյուս դեպքերում գործընթացները հաճախ ծառայել են սեփականության վերաբաշխմանը։
Արամի և Փավստոս Բուզանդի փողոցների իրացման գոտում գտնվող գույքի սեփականատեր Արծրուն Շախկյանը ներկայացրել է իր ընտանիքի՝ 2007 թվականից սկսված պայքարի պատմությունը։ Նրա խոսքով՝ այդ տարիներից ի վեր իրենք և նույն տարածքում գտնվող ավելի քան 110 և ավելի բնակիչներ բախվել են սեփականության տնօրինման սահմանափակումների, գույքի ոչ պատշաճ գնահատման և ճնշումների։
Արծրուն Շախկյանը, որը սեփականություն ունի Արամի և Փավստոս Բուզանդի փողոցների օտարման ենթակա տարածքում, ներկայացրեց իր պատմությունը՝ նշելով, որ 2017 թվականի նոյեմբերի 27-ին նրան հրավիրել են նախագահական վերահսկողության ծառայություն և պահանջել են, որպիսզի նա հրաժարվի իր սեփականությունից։ Նրա խոսքով՝ իրեն ստիպել են հրաժարվել գույքից, ինչպես նաև անօրինական կերպով ազատել են աշխատանքից։
2018 թվականի փոփոխությունան ընթացքում Արծրուն Շախկյանը հաղորդում է ներկայացրել, որի շրջանակներում քրեական գործեր են հարուցվել։ Քննվել են շուրջ չորս տարի, որի ընթացքում ապացոցվել է իր հանդեպ կիրառված ռեպռեսիվ գործողությնները։ Սակայն 2022 թվականին քրեական գործերը կարճվել են։
Նա նաև ներկայացրել է իր գույքի գնահատման հետ կապված անհամապատասխանությունները։ Շախկյանի խոսքով՝ 2017 թվականին իր գույքի արժեքը գնահատվել է 650 դոլարով, մինչդեռ դատական կարգով նշանակված փորձաքննության եզրակացությամբ դրա շուկայական արժեքը կազմել է 3200 դոլար։ Ավելի ուշ՝ 2023 թվականին, նոր գնահատմամբ այն արժևորվել է 2600 դոլար։ Շախկյանը պնդել է, որ այս տարբերությունները կասկածի տակ են դնում գնահատման օբյեկտիվությունն ու գործընթացի արդարությունը։
Իրավապաշտպանները վստահեցրին, որ դիմելու են Մարդու իրավունքների պաշտպանին՝ վիճարկվող կարգավորումների սահմանադրականության հարցը Սահմանադրական դատարան ներկայացնելու նպատակով։ Նրանք ընդգծել են, որ սեփականության օտարման գործընթացի արագացումը չի կարող արդարացում լինել քաղաքացիների հիմնարար իրավունքների սահմանափակման համար և առաջարկում են կառավարության նախագիծը հանել շրջանառությունից։
