Կենսաբազմազանության պահպանությունը միայն բնապահպանական քաղաքականության կամ մասնագիտական շրջանակների խնդիր չէ․ այն պահանջում է հասարակության լայն մասնակցություն, բնության արժեքների գիտակցում և պատասխանատու վարքագիծ։ Այս մոտեցումն է ընկած Մեծահասակների ուսումնառության և կրթության ոչ ֆորմալ ցանցի կողմից իրականացվող «Կրթություն հանուն բնության» համատեղ կրթական տեղեկատվական արշավի հիմքում, որը կարևոր է նաև Հայաստանում անցկացվելիք COP17 համաժողովի համատեքստում։
Արշավի շրջանակում հոկտեմբերի 12-ից սկսած երեք շաբաթ շարունակ 21 կառույց ամեն օր կներկայացնի Հայաստանի բնության մասին նոր պատմություն՝ հանրությանը ծանոթացնելով կենդանական և բուսական աշխարհի ներկայացուցիչներին, դրանց առանձնահատկություններին և բնության մեջ ունեցած նշանակությանը։
Մեդիա կենտրոնում հոկտեմբերի 9-ին տեղի ունեցած ասուլիսը նվիրված էր Մեծահասակների ուսումնառության և կրթության ոչ ֆորմալ ցանցի կողմից իրականացվող «Կրթություն հանուն բնության» համատեղ կրթական-տեղեկատվական արշավին: Բանախոսներն էին Դի-Վի-Վի Ինթերնեյշնալի հայաստանյան գրասենյակ/ ծրագրերի համակարգող Տաթև Ասրյանը, կենսաբազմազանության ուսումնասիրության և պահպանության փորձագետ Վազգեն Գալստյանը և «Սևան» երիտասարդական ակումբ ՀԿ-ն ներկայացնող Գոհար Մնացականյանը:
Տաթև Ասրյանի կարծիքով՝ բնապահպանական խնդիրների հաղթահարման համար կարևոր է մարդկանց շարունակական կրթությունը։ Հայաստանի բնության հարստությունների, հազվագյուտ տեսակների և դրանց արժեքի մասին տեղեկացվածությունը կարող է նպաստել դրանց պահպանության նկատմամբ հանրային ուշադրության մեծացմանը։ Նրա խոսքով՝ արշավը մեկանգամյա տեղեկատվական նախաձեռնություն չէ․ կազմակերպությունները նախատեսում են կրթական աշխատանքը շարունակել նաև դրա ավարտից հետո՝ բնապահպանական գիտելիքը հանրամատչելի դարձնելով տարբեր խմբերի համար։
Կենսաբազմազանության ուսումնասիրության և պահպանության փորձագետ Վազգեն Գալստյանն ընդգծեց, որ կենսաբազմազանության որևէ տեսակի անհետացումը միայն բնապահպանական խնդիր չէ․ այն կարող է երկարաժամկետ հետևանքներ ունենալ նաև մարդկանց և հաջորդ սերունդների համար։ Որպես օրինակ բերեց Սևանի Իշխան ձուկը, որի երկու ենթատեսակն արդեն համարվում են անհետացած, ինչի հետևանքով սահմանափակվել են նաև գիտական ուսումնասիրությունների հնարավորությունները։
Փորձագետի խոսքով՝ մարդիկ հաճախ բնությունը դիտարկում են որպես իրենցից առանձին համակարգ՝ չգիտակցելով, որ իրենք ևս դրա մասն են։ Բնության պահպանության համար անհրաժեշտ է փոխել այդ ընկալումը՝ ճանաչելով կենսաբազմազանության արժեքը և գիտելիքը վերածելով պատասխանատու վարքագծի։ Այս գիտակցությունը կարևոր է նաև COP17-ի համատեքստում, քանի որ կենսաբազմազանության պահպանության երկարաժամկետ արդյունքները կախված են ոչ միայն ընդունված որոշումներից, այլև դրանց իրականացմանը հասարակության մասնակցությունից։
Երիտասարդների ներգրավվածության կարևորությունն ընդգծել է նաև «Սևան» երիտասարդական ակումբ հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Գոհար Մնացականյանը։ Նրա խոսքով՝ երիտասարդները հետաքրքրված են բնապահպանական թեմաներով, սակայն միայն տեսական գիտելիքը բավարար չէ բնության հետ կապ ձևավորելու համար։ Կազմակերպության փորձը ցույց է տալիս, որ քայլարշավների և գործնական ծրագրերի միջոցով երիտասարդներին հնարավոր է ներգրավել բնական միջավայրի ճանաչման ու պահպանության գործում։
Սևանի հարակից համայնքներում ապրող երիտասարդների համար լճի էկոհամակարգի պահպանությունն աստիճանաբար դառնում է անձնական պատասխանատվության հարց։ Այս փորձը ցույց է տալիս, որ բնապահպանական կրթությունն առավել արդյունավետ է, երբ այն զուգակցվում է բնության հետ անմիջական շփման, տեղական խնդիրների ճանաչման և համայնքային նախաձեռնություններին մասնակցության հետ։
COP17-ի համար կարևոր ուղերձներից մեկն այն է, որ կենսաբազմազանության պահպանումը պետք է դառնա ոչ միայն միջազգային պայմանավորվածությունների, այլև հասարակական գիտակցության և առօրյա որոշումների մաս։
——————————————-
Մեծահասակների ուսումնառության և կրթության (ՄՈՒԿ) ոչ ֆորմալ ցանցի 22 անդամ կազմակերպություններն են ։
