Նոյեմբերի 24-ին Մեդիա կենտրոնում տեղի է ունեցել «ԹՐԻՓ․ հնարավորություններ, մարտահրավերներ և Հայաստանի շահերը» թեմայով քննարկում։ Բանախոսները քննարկել են նախագծի աշխարհաքաղաքական նշանակությունը, Հայաստանի անվտանգային և տնտեսական շահերը, ինչպես նաև դրա իրականացման հնարավոր ռիսկերն ու տարածաշրջանային դերակատարների դիրքորոշումները։
Քննարկման բանախոսում էին՝ Ռումինիայում ՀՀ նախկին դեսպան, Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագիտության դոկտոր Սերգեյ Մինասյանը և Արտաքին և անվտանգության քաղաքականության Երևանի կենտրոնի համահիմնադիր, վերլուծաբան Դավիթ Պետրոսյանը։
Դավիթ Պետրոսյանի խոսքով՝ ԹՐԻՓ-ը Հայաստանի համար նախևառաջ անվտանգային նշանակություն ունի։ Նրա գնահատմամբ՝ նախագծի շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունները նվազեցրել են Հայաստանի նկատմամբ հնարավոր ռազմական սպառնալիքները։
«ԹՐԻՓ-ը մեզ համար նախևառաջ անվտանգային գործիք է։ 2025 թվականին հայ-ադրբեջանական կարգավորումը առաջ չէր գնում, քանի որ Ադրբեջանը հիմնականում պատճառաբանում էր, թե Հայաստանը չի կատարում նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները՝ չտրամադրելով Ադրբեջանը Նախիջևանի հետ կապող ճանապարհը։ Այս համատեքստում ձևավորվեց ԹՐԻՓ-ը։ Օգոստոսի 8-ից հետո Հայաստանի անվտանգային սպառնալիքը սկսեց նվազել։ Այն ամբողջությամբ չվերացավ, բայց օգոստոսի 9-ի առավոտյան Հայաստանն ավելի անվտանգ էր, քան օգոստոսի 7-ին:»,- նշեց Դավիթ Պետրոսյանը։
Սերգեյ Մինասյանն անդրադարձավ ԹՐԻՓ նախագծի հեռանկարներին՝ մասնավորապես այն հարցին, թե դրա հնարավոր չկայացումն ինչ ազդեցություն կարող է ունենալ Հայաստանի նոր Սահմանադրության նախագծիը և խաղաղության գործընթացին։
«Մենք չենք կարող լիովին բացառել և՛ գլոբալ, և՛ տարածաշրջանային ռիսկերը»,- ընդգծեց է նա, կարևորելով Հայաստանի գործընկերների հետ դիվանագիտական աշխատանքները։
Անդրադառնալով նախագծի տնտեսական հնարավորություններին՝ Պետրոսյանը նշել է, որ դրա նշանակությունը պետք է դիտարկել ամերիկյան ավելի լայն ներգրավվածության համատեքստում։ Նրա խոսքով՝ Հայաստանի տարածքով անցնող ենթակառուցվածքները կարող են նոր հնարավորություններ ստեղծել նաև էներգետիկ և տարանցիկ ոլորտներում։
Խոսելով ԹՐԻՓ-ի ընդհանուր գնահատականի մասին՝ Դավիթ Պետրոսյանն ընդգծեց, որ քաղաքական որոշումները պետք է հիմնվեն ոչ թե ցանկալի, այլ իրական հնարավորությունների վրա։
«Քաղաքականությունը հնարավորությունների մասին է, այլ ոչ թե ցանկությունների։ Այսինքն՝ մենք ընտրում ենք եղած հնարավորների մեջ»,- նշեց բանախոսը։
Բանախոսների գնահատմամբ՝ ԹՐԻՓ-ը Հայաստանի համար ստեղծում է անվտանգային և տնտեսական նոր հնարավորություններ, սակայն դրա երկարաժամկետ նշանակությունը կախված է նաև Հայաստանի վարած քաղաքականությունից, սեփական կարողությունների զարգացումից և արտաքին գործընկերների հետ հարաբերությունների արդյունավետությունից։
