Նորություններ

Նախընտրական տրամադրություններ. IRI-ի հարցումները

Հունիսի 5-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ քննարկում՝ «Նախընտրական տրամադրություններ. IRI-ի հարցումները» թեմայով: 

Տաղավարում էին Արմինե Մարգարյանը, «Կանայք և գլոբալ անվտանգային ճարտարապետությունը» կենտրոնի ղեկավար և Էլեն Հոխիկյանը, արտաքին քաղաքականության և անվտանգության ոլորտի վերլուծաբան, «Կանայք և գլոբալ անվտանգային ճարտարապետությունը» կենտրոնի ավագ փորձագետ:

Բանախոսները անդրադարձան Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) վերջին հարցմանը, որը ներկայացնում է Հայաստանի հասարակական-քաղաքական տրամադրությունների պատկերը՝ արձանագրելով ոչ միայն քաղաքական ուժերի ընթացիկ վարկանիշները, այլև հանրային ընկալումների, քաղաքական նախապատվությունների և արտաքին քաղաքական սպասումների փոփոխությունները։ 

Էլեն Հոխիկյանը ընդգծեց, որ վերջին շրջանում նմանատիպ ևս մեկ հարցում իրականացավ EVN Report-ի կողմից, և կարելի է ասել երկուսն էլ բավական նմանատիպ միտումներով են, այն դեպքում, որ երկու հարցումներն էլ ամբողջությամբ անկախ են անցկացվել իրարից և մեթոդաբանական տեսանկյունից որոշակիորեն տարբերվում են։

Հարցին, թե ինչ ուղղությամբ է գնում պետությունը, արձագանքողների մեծ տոկոսը նշել է, որ երկիրը ճիշտ ուղությամբ է շարժվում։ Հետազոտողները և սոցիոլոգները նշում են, որ սա փաստում է այն, որ իշխանության վերընտրման հավանականությունը մեծ է։

Հարցին, թե որ քաղաքական գործչին են վստահում, քաղաքացիների մեծամասնությունը նշել է Նիկոլ Փաշինյանին։

Հարցումներում առանցքային նշանակություն է տրվել անվտանգային հարցադրումներին։ 

«Պետք է ընդգծել, որ մեր երկիրում մարդկանց մոտեցումը ընտրություններին առավելապես առաջնորդակենտրոն է։ Այսինքն, եթե քաղաքացին վստահում է որևէ  քաղաքական ուժի առաջնորդին, ապա նա հակված է ընտրել հենց այդ կուսակցությանը»,— նշում է Հոխիկյանը։

Արմինե Մարգարյանը անդրադարձավ նրան, որ խաղաղության օրակարգի ինստիտուցիոնալացման մեկնարկից ի վեր անվտանգության ընկալումները փոխվել են հանրության շրջանում։ Ժամանակին անվտանգությունը ընկալվում էր նեգատիվ և ասոցացվում էր ռազմական գործոնի հետ։ Ներկայումս,  ՀՀ քաղաքացին զգում է իրեն որոշակի առումով ապահով և սկսում է անվտանգությունը դիտարկել և՛ տնտեսական, և՛ էնեգետիկ, և՛ մարդկային տեսանկյուններից։ 

«Պարտադիր չէ, որ մարդիկ հստակ պատկերացնեն, թե ինչ է իրենից ներկայացնում տնտեսական անվտանգությունը տեսականորեն․ բավարար է միայն տեսնել շուկաների դիվերսիֆիկացիան և հիբրիդային ռիսկերի ուղիղ ազդեցությունների բացակայությունը իրենց վրա»,- հավելեց Մարգարյանը։

Հարցումները ցույց են տալիս, որ բացասական հնչերանգով քարոզարշավերը չեն տալիս դրական արդյունքներ։ Հոխիկյանի խոսքերով, դրա օրինակ կարող է ծառայել լայն տարածում գտած «300,000 ադրբեջանցիների բնակեցումը» և այլ նարատիվներ։

Անդրադառնալով ընդդիմությանը, Մարգարյանը արձանագրեց, որ այն խիստ բազմաշերտ է։ Եթե նախկինում կար Ռոբերտ Քոչարյան, ով հաջորդում էր իշխանության թեկնածուին վարկանիշային ցուցակում, ապա ներկայումս կա Ուժեղ Հայաստան և ձայները ինքնաբերաբար բաշխվում են երկու ուժերի միջև։

Հոխիկյանի խոսքերով, EVN Report-ի հարցման արդյունքներում կնկատենք, որ Ուժեղ Հայաստանը փետրվարից այս կողմ 12 տոկոս էր, որից հետո ընկավ ու ներկայումս կրկին 12 տոկոս է։ Պատճառաբանությունը կարող է լինել այն, որ իրենք չունեն հստակ ֆիքսված վարչապետի թեկնածու և սա բավականին մեծ անհստակություն է առաջացնում մարդկանց մոտ։

Ռոբերտ Քոչարյանի դեպքում բոլոր ցուցանիշները տատանվում են 3,5-6 տոկոսի սահմաններում և հարցումները փաստում են, որ Ռոբերտ Քոչարյանը շարունակում է ունենալ ամենաբարձր անտիռեյտինգը, մինչդեռ Նիկոլ Փաշինյանի դեպքում անտիռեյտինգը 10 տոկոսի սահմաններում է։

Քննարկումն ացկացվում է «Մեդիա կենտրոն. քաղաքացիական հասարակության արագ արձագանք արդար ընտրությունների համար» ծրագրի շրջանակում։ Ծրագիրն իրականացվում է Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի աջակցությամբ՝ որպես «Գործընկերություն հանուն ժողովրդավարության» նախաձեռնության մաս։

Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Հանրային լրագրության ակումբը, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի տեսակետները։

Լրացուցիչ հարցերի համար կապ հաստատեք մեզ հետ` +374 99 755 898 հեռախոսահամարով:

Կիսվել :