Նորություններ

«Ականատես» դիտորդական առաքելության նախընտրական փուլի ամփոփիչ ասուլիս

Հունիսի 5-ին Մեդիա կենտրոնում անցկացվեց նախընտրական փուլի ամփոփիչ ասուլիս՝ «Ականատես» դիտորդական առաքելության մասնակցությամբ։

Ասուլիսը անցկացվեց «Ականատես» դիտորդական առաքելության ներկայացուցիչների կողմից․ Սոնա Այվազյան, «Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն»-ի գործադիր տնօրեն, Գենյա Պետրոսյան, «Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ»-ի տնօրեն, Մերի Մինասյան, «Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն»-ի ընտրական ծրագրերի համակարգող և Դավիթ Գյուրջյան, «Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ»-ի իրավաբան։

«Նախընտրական ծրագրերը կարևոր նշանակություն ունեն՝ իրենց գաղափարները տարածելու առումով, չնայած նրան, որ օրենքով դա պարտադիր պայման չէ։ Մեր դիտարկումներով 7 կուսակցություն իրենց նախընտրական ծրագրերը չեն հրապարակել ԿԸՀ կայքում, իսկ 3 կուսակցություն պարզապես չունի նախընտրական ծրագիր»,- նշում է Սոնա Այվազյանը։

Անդրադառնալով նախընտրական ծրագրերին, Սոնա Այվազյանը կատարեց մի շարք դիտարկումներ, այդ թվում՝ նախընտրական ցուցակում յուրաքանչյուր սեռի ներկայացվածությունը չպետք է գերազանցի 70 տոկոսը և յուրաքանչյուր եռյակում թեկնածուներից առնվազն մեկը պետք է լինի փոքր տոկոսի ներկայացուցիչ։

«Պարզապես փորձ է արվել օրենքի պահանջը բավարարել, դրա վառ ապացույցն է այն, որ եռյակում հենց երրորդ տեղում են կանայք»,- ընդգծեց  Այվազյանը։

Անդրադառնալով կուսակցությունների ֆինանսներին՝ բանախոսները շետադրեցին, որ դրանք կրում են կոռուպցիոն ռիսկեր, ինչի հետ կապված կարևոր է դիտարկել դրանց թափանցիկությունը և հաշվետվողականությունը։ Դիտորդների կողմից ուսումնասիրվել են բանկային տեղեկանքներ, հայտարարագրեր և այլն։ Ըստ քննության՝ կուսակցական ամենամեծ ֆինանսները ՔՊ-ինն են, իսկ երկրորդ տեղում ՀՀԴ-ն է։

Շատ դեպքերում կուսակցությունները որոշ առումներով փորձել են թաքցնել իրենց ծախսերը։ «Մեր Ձևով»-ը Ուժեղ Հայաստանի համար իրականացրել է քարոզչություն, իսկ Միասնության թևերը միայն վերջերս է գրանցվել, սակայն մինչ գրանցումը եղել է ակտիվ ընտրական գործընթացում։

Որոշ կուսակցություններ զրոյական հաշվետվության են ներկայացրել, մինչդեռ նրանք ևս քարոզչություն են իրակակնացրել, ինչի առթիվ դիմում է տրվել ԿԸՀ՝ գործը քննության առնելու նպատակով։

Դավիթ Գյուրջյանը արձանագրում է․ «Ամեն օր կարելի է տեսնել քարոզչության շրջանում բարեգործական արգելքի խախտումներ․ արդեն 70 վարույթ կա նախաձեռնված։ Դիտորդական առաքելությունը ևս ստացել է հաղորդագրություններ և տվյալներ՝ թե՛ անանուն, թե՛ էլեկտրոնային դիմումներով։ Մեր 4 արձանագրումներից մեկը վերաբերվել է Ուժեղ Հայաստանին, մյուսը՝ Բարգավաճ Հայաստանին ու ՔՊ-ին։ Եվս մեկ առերևույթ դեպքի վերաբերյալ հաղորդումը անհայտ անձի մասով է եղել»։

Նրա խոսքերով, մի շարք դեպքեր վերաբերվել են քարոզչությանը և հավաքներին հարկադրելուն։ Այլ հանցակազմեր ևս առկա են եղել։

Վարչական ռեսուրսի չարաշահման մասով Գենյա Պետրոսյանը նշեց, որ ընտրողների աջակցությունը խթանվել է մի շարք դեպքերով, օրինակ՝ կրթաթոշակների բարձրացման, էլեկտրական մեքենաների գույքահարկի վերահաշվարկի, աշխատավարձերի բարձրացման խոստումների, վարորդական իրավունքից զրկվածների վարորդականների վերականգնման և այլնի տեսքով։

Պետրոսյանը հավելեց, որ բազմաթիվ դեպքեր են գրանցվել համայնքային աշխատակիցների կողմից քարոզչական նյութերի տարածման, լրագրողների գործունեության խոչընդոտման և այլ մասերով ևս․ «Մենք ականատես ենք եղել  համայնքային պաշտոնյաների և ծառայողների կողմից նախընտրական միջոցառումներին, քարոզչությանը և քարոզչական երթերին կոլեկտիվ մասնակցության դեպքերի»։

Մերի Մինասյանը հավելեց, որ նախընտրական միջավայրի գնահատականների ձևավորման նպատակով կատարված անանուն հարցումները թույլ են տվել բացահայտել, որ մարդիկ տեղեկացված են իրենց շրջապատում այնպիսի դեպքերի մասին, երբ դրամական փոխհատուցման խոստումներ են տրվել՝ «Տաշիրին», «Ուժեղ Հայաստանին» ընտրելու դեպքում։

«Աբխազիայում եղել են դեպքեր, որ խոստացել են ռուսական անձնագիր՝ Հայաստան գալու ու համապատասխան ուժին ընտրելու պարագայում»,- ամփոփեց Մինասյանը։

Արձանագրվել են նաև դեպքեր, որ հրաժարվել են ֆինանսական աջակցությունից։

Քննարկումն ացկացվում է «Մեդիա կենտրոն. քաղաքացիական հասարակության արագ արձագանք արդար ընտրությունների համար» ծրագրի շրջանակում։ Ծրագիրն իրականացվում է Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի աջակցությամբ՝ որպես «Գործընկերություն հանուն ժողովրդավարության» նախաձեռնության մաս։

Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Հանրային լրագրության ակումբը, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի տեսակետները։

Լրացուցիչ հարցերի համար կապ հաստատեք մեզ հետ` +374 99 755 898 հեռախոսահամարով:

Կիսվել :