Նորություններ

«Ականատես» դիտորդական առաքելության  քվեարկության օրվա վերաբերյալ ասուլիս

Հունիսի 8-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ «Ականատես» դիտորդական առաքելության  քվեարկության օրվա վերաբերյալ ասուլիսը։

Բանախոսներն էին՝ Սոնա Այվազյանը, «Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն»-ի գործադիր տնօրեն և Գենյա Պետրոսյանը, «Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ»-ի տնօրեն:

Բանախոսների դիտարկմամբ ընտրությունը ընթացել է խաղաղ ու դինամիկ միջավայրում՝ մրցակցային պայմաններում և համահունչ օրենքին։

Նախապատրաստական փուլը հարթ է եղել, չնայած, որ այդ փուլում ևս արձանագրվել են որոշակի խախտումներ․ տեղամասերի 5 տոկոսում սենյակների կահավորումը չի համապատասխանել պահանջներին։ Օրինակ, քվեախցիկի հետևում եղել է մեծ տարածություն և դռների առկայություն, իսկ 2 տոկոսում առկա են եղել չհրկիզվող պահարանի հետ կապված խախտումներ․ դրանք պատշաճ փակված չեն եղել։ Որոշ դեպքերում խցիկների քանակը բավարար չի եղել տեղամասում։

Խոսելով քվերակության ընթացքի մասին, Սոնա Այվազյանը ներկայացրեց հետևյալ պատկերը՝

  • 21 տեղամասում տեխնիկական սարքի խափանման դեպքեր,
  • 21 տեղամասում 24 ուղղորդման դեպքեր,
  • 47 տեղամասում 1-3 ընտրողների անվան դիմաց առկա է եղել այլ անձի ստորագրություն,
  • 31 տեղամասում դրսում եղել են կուտակումներ

Պետրոսյանի գնահատմամբ, կան որոշակի դիտարկումներ, որոնցից մի քանիսը կներկայացնենք ստորև՝

  • Եղել են մի շարք փորձեր տեսանկարահանել քվեարկության թերթիկը։ 
  • Թիվ 4/47 տեղամասում Բարգավաճ Հայաստանի ներկայացուցիչները ամբողջ ժամանակ կանգնած են եղել քվեատուփի կողքին, այնուհետև դուրս են գնացել և բերել են ընտրողների։
  • Թիվ 7/6 տեղամասում Ուժեղ Հայաստանի վստահված անձը շարունակաբար զրուցել է ռուսախոս ընտրողների հետ թե՛ բակում, և թե՛ քվեարկության սենյակում։
  • Թիվ 29/41 տեղամասում նկատվել են մեքենայով մարդկանց տեղափոխման դեպքեր։
  • Մի քանի դեպքեր կապված են եղել ընտրատեղամասում ճնշումների և լարված մթնոլորտի ստեղծման հետ։ Օրինակ, թիվ 9/22-ում Ուժեղ Հայաստանի վստահված անձը կանգնել է ընտրախցիկին մոտ և փորձել կարգավորել քվեարկելու գործընթացը՝ ընտրողի վրա ճնշում գործադրելով։ 
  • Թիվ 4/47 տեղամասում  Բարգավաճ Հայաստանի վստահված անձինք կանգնել են դիտորդների կողքին փորձելով ակնհայտ կաշկանդել իրենց գործողությունները։

Ավարտելով բանախոսը հավելեց, որ ԿԸՀ-ը պետք է անդրադառնա բոլոր առերեևույթ դեպքերին և բացահայտի դրանց ազդեցությունը ընտրողների վրա։

Սոնա Այվազյանը նկատեց, որ կամարտահայտման ազատության իրացման մասով այս ընտրություններում մտահոգիչ հիմքեր չկան։

Իսկ հարցին, թե ինչպես կգնահատեք Նիկոլ Փաշինյանի կիսգիշերյան շուտափույթ հայտարարությունը հաղթանակի մասին, Այվազյանը պատասխանեց, որ գրեթե բոլոր քաղաքական ուժերը ունեցել են իրենց վստահված անձինք ընտրատեղամասերում, հետևապես ունեցել են նաև հնարավորություն  տեղեկություն ստանալ արդյունքների մասին բոլորից շուտ, սակայն այս հարցը պետք է քննարկել այլ դիտանկյունից՝ մասնավորապես որքանով էր ճիշտ, կոռեկտ ու քաղաքակիրթ արդեն իսկ տոնել հաղթանակը՝ առանց ամփոփիչ հաշվարկի։

«Սա քաղաքական մշակույթի խնդիր է և ցավոք դարձել է տարածված պրակտիկա»,-հավելեց Այվազյանը։

Բանախոսները ամփոփելով քննարկումը նշեցին, որ բազմաթիվ փորձեր են եղել արտաքին միջամտության, ապատեղեկատվության տարածման, ընտրակաշառքների կիրառման ու մի շարք ակնհայտ ընտրախախտումների կատարման, որոնց ազդեցությունը լայն հասարակության վրա չի կարող բացառվել, սակայն դրա չափումը և գնահատումը իրենց լիազորությունների շրջանակում չէ։

Քննարկումն ացկացվում է «Մեդիա կենտրոն. քաղաքացիական հասարակության արագ արձագանք արդար ընտրությունների համար» ծրագրի շրջանակում։ Ծրագիրն իրականացվում է Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի աջակցությամբ՝ որպես «Գործընկերություն հանուն ժողովրդավարության» նախաձեռնության մաս։

Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Հանրային լրագրության ակումբը, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի տեսակետները։

Լրացուցիչ հարցերի համար կապ հաստատեք մեզ հետ` +374 99 755 898 հեռախոսահամարով:

Կիսվել :