Նորություններ

«Անկախ դիտորդ» դաշինքի հունիսի 7–ի ԱԺ ընտրությունների վերաբերյալ նախնական գնահատականներ

Հունիսի 8-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ «Անկախ դիտորդ» դաշինքի հունիսի 7–ի ԱԺ ընտրությունների վերաբերյալ նախնական գնահատականների ներկայացումը։

Բանախոսներն էին՝ 

-Արթուր Սաքունց, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար,

-Դանիել Իոաննիսյան, «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող։

Իոաննիսյանը իր խոսքը ներկայացրեց նախնական արձանագրմամբ, որ երկարաժամկետ դիտորդությունը չի եղել անակնկալներով լի, հիմնականում եղել են խնդիրներ ընտրակաշառքի տեսքով և տեղեկատվական ազդեցությունների ու կեղծ նարատիվների տարածման հիմքով։

Այնուհետև ընդհանրացրեց ընտրությունների օրվա դիտորդական աշխատանքը․ 

–Մասնակցությունը ընտրություններին եղել է բարձր։ Հանձնաժոողվների աշխատանքը ընթացել է դանդաղ՝ մեծամասամբ վերջին օրենսդրական փոփոխությունների արդյունքում անվավեր թերթիկների հաշվարկի հետ կապված։

-844 տեղամասերում եղել են որոշակի խնդիրներ․ ընթացակարգի խախտումներ, վստահված անձանց չնախատեսված մեծ քանակ, քվեարկության խախտման 122 դեպք, տեղամասում քարոզչության 59 դեպք, կոնֆլիկտային իրավիճակի 75 դեպք, 19 զինծառայողի քվեարկության իրավունքի չիրացում, ծրարների ակնհայտ թափանցիկություն, օգնողների օժանդակությամբ 66 հոգու մի տեղամասում քվեարկելու դեպք։

Բանախոսը նշեց, որ ԱՊՀ դիտորդական առաքելության դիտորդներից մեկը կուսակցություններից մեկի օգտին քարոզչություն է արել, ինչը արձանագրվել է։ Նա նաև հավելեց, որ թվով 13 տեղամասերում դուրս են բերվել քվեարթերթիկներ և ծրարներ որոշակի գրառումներով, որոնք անվավեր են ճանաչվել։

Իոաննիսյանը ամփոփեց․ «Քվեարկության արդյունքները կեղծելու փորձ դիտորդները չեն գրանցել։ Խնդիրները եղել են միայն ընթացակարգային»։

Շարունակելով ընթացակարգային խնդիրները, Սաքունցը հավելեց, որ 66 տոկոսը առնչվել է վստահված անձանց վկայականներ չկրելուն, չներկայանալուն կամ սահմանված թվաքանակը գերազանցելուն։ 

Նա շեշտեց, որ այս ընտրությունները ևս աչքի են ընկել վարչական ռեսուրսի չարաշահվմամբ և գործող կարգավորումները բավարար չեն այդ խնդրի լուծման համար։

«ԱԺ հերթական ընտրությունները գնահատում ենք խիստ բևեռացված ու մրցակցային, իսկ հանրային հետաքրքրությունը և մասնակցությունը եղել է նկատելի բարձր»,- ընդգծեց նա։

Սաքունցը նկատեց, որ այս ընտրություններում, ըստ էության, առանցքային ընտրությունը աշխարհաքաղաքական ուժի կողմնորոշմանն էր ուղղված։

Խոսելով ընտրակաշառքի դեմպերի մասին, բանախոսն ասաց․  «Ընտրակաշառքը վերադարձել է մեր օրակարգ»։

Ընտրակաշքը կրել է զանգվածային բնույթ և շատ դաշինքների համար դա քվեների գեներացման ճանապարհ է եղել։ «Այնուամենայնիվ, իրավապահ մարմինները աննախադեպ նախաձեռնողական են եղել արձագանքելու համար ընտրակաշառքի դեպքերի բացահայտման ուղղությամբ։ Երբևէ դիտորդական առաքելություն այսպիսի դեպքեր չեն արձանագրել․ իրավապ մարմինները գործել են արդյունավետ», —հավելեց բանախոսը։

Ավարտին Սաքունցը նշեց, որ ԿԸՀ-ն պատշաճ չի արձագանքել ժամը 20։00-ից սկսած զինծառայողների քվեարկության դեպքին, ինչը խնդրահարույց է և անթույլատրելի։

Ամփոփելով բանախոսները նշեցին, որ ընտրությունները կարելի է գնահատել ազատ ու արդար։ Եվ արդյունքը քաղաքացիների կամքի իրական պատկերն է արտացոլում։

Քննարկումն ացկացվում է «Մեդիա կենտրոն. քաղաքացիական հասարակության արագ արձագանք արդար ընտրությունների համար» ծրագրի շրջանակում։ Ծրագիրն իրականացվում է Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի աջակցությամբ՝ որպես «Գործընկերություն հանուն ժողովրդավարության» նախաձեռնության մաս։

Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Հանրային լրագրության ակումբը, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի տեսակետները։

Լրացուցիչ հարցերի համար կապ հաստատեք մեզ հետ` +374 99 755 898 հեռախոսահամարով:

Կիսվել :