Մարտի 18-ին, ժամը 12:00-ին, Մեդիա կենտրոնում տեղի կունենա քննարկում՝ «Բժշկական օգնությունը քրեակատարողական հիմնարկներում» թեմայով։
Բանախոսներ՝
Նաիրա Բաբայան՝ ՀՀ առողջապահության նախարարության «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի Բժշկական օգնության կազմակերպման բաժնի պետ
Սերգեյ Գաբրիելյան՝ ՀՀ արդարադատության նախարարության Քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի նախագահ
Անահիտ Մկրտչյան՝ ՀՀ արդարադատության նախարարության Քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի անդամ
Առողջության պահպանման իրավունքը քրեակատարողական հիմնարկներում պահվող՝ ազատությունից զրկված անձանց հիմնարար իրավունքներից է։ Հայաստանում գործող 10 քրեակատարողական հիմնարկներում դատապարտյալների և կալանավորված անձանց բժշկական սպասարկումն իրականացնում է «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ը, որը գործում է Առողջապահության նախարարության ենթակայության ներքո:
«2023 թվականի ընթացքում իրականացված մշտադիտարկումների արդյունքները շարունակում են վկայել, որ գործող ինստիտուցիոնալ ենթակայության պայմաններում բժշկական անձնակազմի նկատմամբ ազատությունից զրկված անձանց վստահությունը դեռևս բավարար մակարդակի չէ: Խնդրահարույց է նաև այն, որ պացիենտները բժշկական անձնակազմի համար առաջին հերթին դեռևս շարունակում են ընկալվել որպես հանցանք կատարած անձինք: 2023 թվականին շարունակել են արձանագրվել ազատությունից զրկված անձանց վերաբերյալ բժշկական փաստաթղթաշրջանառության հետ կապված խնդիրներ»,- նշված է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի 2023-ի տարեկան զեկույցում։
Լրագրողների մուտքն ազատ է։ Հարցերը հնարավոր է ուղարկել նաև առցանց՝ գրելով Մեդիա կենտրոնի ֆեյսբուքյան էջին։
Քննարկումն անցկացվում է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ ընթացող «Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումների մշտադիտարկում» ծրագրի շրջանակում:
Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Հանրային լրագրության ակումբը, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները:
