Ապրիլի 7-ին, ժամը 12։00-ին, Մեդիա կենտրոնում տեղի կունենա քննարկում՝ «Ի՞նչ է իրականում տեղի ունեցել Նուբարաշեն ՔԿՀ-ում» թեմայով։
Բանախոսներ՝
Ժաննա Ալեքսանյան՝ իրավապաշտպան, «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի նախագահ
Հովհաննես Մարգարյան՝ ՀՀ արդարադատության նախարարության Քրեակատարողական ծառայության Սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի պետի տեղակալ
Սոնա Խաժոյան՝ ՀՀ ԱՆ Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության ծառայող
Արամ Մինասյան՝ ՀՀ ՄԻՊ աշխատակազմի քրեական արդարադատության ոլորտում և զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության դեպարտամենտի ղեկավար
«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում ցմահ դատապարտյալների ջարդ է կազմակերպվել։ Այս մասին ապրիլի 3-ին ֆեյսբուքյան գրառմամբ ահազանգել էր իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը՝ նշելով, որ իրեն բանտից են ահազանգել դաժան ծեծից հետո։
ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը լրագրողների հետ զրույցում վստահեցրել է, որ ՔԿՀ-ներում իրավաչափ, համարժեք պատասխանից բացի, որևէ այլ բան չի կարող կիրառվել: «Մենք իրականացնում ենք օրենքից բխող մեր լիազորությունը։ Տվյալ անձինք ենթարկվել են բժշկական զննության․ այս պահի դրությամբ հայտնաբերված վնասվածքով անձ մենք չունենք»:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի արագ արձագանքման խումբը մեկնել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ։ Առանձնազրույցների ընթացքում ազատությունից զրկված անձանցից ոմանք ՄԻՊ գրասենյակի ներկայացուցիչներին, ի թիվս այլնի, տեղեկություններ են ներկայացրել նույն օրը Քրեակատարողական ծառայության հատուկ նշանակության բաժնի ծառայողների կողմից գործադրված, իրենց պնդմամբ, անհամաչափ ֆիզիկական ուժի, խցերում առկա գույքը կոտրելու, իրենց նկատմամբ վիրավորանքներ և հայհոյանքներ հնչեցնելու մասին:
Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչների կողմից արձանագրվել են ազատությունից զրկված անձանց մարմնական վնասվածքները:
——————————
Լրագրողների մուտքն ազատ է։ Հարցերը հնարավոր է ուղարկել նաև առցանց՝ գրելով Մեդիա կենտրոնի ֆեյսբուքյան էջին։
Քննարկումը կհեռարձակվի Մեդիա կենտրոնի ֆեյսբուքյան էջի և յություբյան ալիքի ուղիղ եթերում։
