Նորություններ

Ինչո՞ւ է մերժվում պայմանական վաղաժամկետ ազատման դիմումը․ դատարանը պարտավորվում է բացատրել

Հուլիսի 10-ին, ժամը 13:00-ին, Մեդիա կենտրոնում տեղի կունենա քննարկում՝ «Ինչո՞ւ է մերժվում պայմանական վաղաժամկետ ազատման դիմումը․ դատարանը պարտավորվում է բացատրել» թեմայով։

Բանախոսներ՝

Դավիթ Գյուրջյան` Իրավունքի զարգացման և պաշտպանության hիմնադրամի իրավական հարցերով փորձագետ

Անի Չատինյան՝ փաստաբան, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի Իրավաբանական բաժնի համակարգող

Քննարկմանը մասնակցելու հրավեր է ուղարկվել նաև ՀՀ արդարադատության նախարարություն, սակայն հրավերը մերժվել է։

ՀՀ արդարադատության նախարարությունն առաջարկում է փոփոխություններ՝ պայմանական վաղաժամկետ ազատման ընթացակարգերը բարելավելու համար։ Հանրային քննարկման է դրվել Քրեական և Քրեակատարողական օրենսգրքերում փոփոխությունների նախագծեր, որոնք ուղղված են պատժից պայմանական վաղաժամկետ ազատման համակարգի կատարելագործմանը։

Առաջարկվող փոփոխությունների համաձայն՝ դատարանները պարտավորվում են տրամադրել հստակ և սպառիչ հիմնավորումներ՝ պայմանական վաղաժամկետ ազատման դիմումը մերժելիս։ Մասնավորապես, դատական որոշումները պետք է ուրվագծեն մերժման իրավական և փաստական պատճառները՝ ապահովելով պայմանական վաղաժամկետ ազատման գործընթացում ավելի մեծ թափանցիկություն և հաշվետվողականություն։

Բացի այդ, փոփոխությունները թույլ կտան դատարաններին պատժից պայմանական վաղաժամկետ ազատման մերժման որոշում կայացնելիս քրեակատարողական և պրոբացիայի ծառայությունների զեկույցների ուսումնասիրման հիման վրա որոշել հատուկ ժամկետ՝ երեքից վեց ամիս, որի ավարտից հետո կրկին կարող է քննարկվել տվյալ հարցը։

Լրագրողների մուտքն ազատ է։ Հարցերը հնարավոր է ուղարկել նաև առցանց՝ գրելով Մեդիա կենտրոնի ֆեյսբուքյան էջին։

——————————————————
Քննարկումն անցկացվում է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ ընթացող «Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումների մշտադիտարկում» ծրագրի շրջանակում:


Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Հանրային լրագրության ակումբը, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները: 

Կիսվել :