Սույն թվականի մարտի 10-ին, ժամը 12:00-ին, Մեդիա կենտրոնում տեղի կունենա քննարկում «Անմեղ լինելը բավարար չէ. Ղրիմի կամուրջը պայթեցնելու գործով ապօրինի մեղադրվում է ՀՀ քաղաքացի Արթուր Տերչանյանը» խորագրով։
Բանախոսներ՝
- Նուշիկ Տեր-Մովսիսյան, փաստաբան,
- Արթուր Սաքունց, «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ»-ի ղեկավար, իրավապաշտպան,
- Ժենյա Տերչանյան, Արթուր Տերչանյանի կինը։
Քննարկումը հեռարձակվելու է առցանց՝ Մեդիա կենտրոնի յություբյան ու ֆեյսբուքյան հարթակներում։ Լրագրողների մուտքն ազատ է։
Հարցերը հնարավոր է ուղարկել նաև առցանց՝ գրելով Մեդիա կենտրոնի ֆեյսբուքյան էջին։
2022 թվականի հոկտեմբերի 8-ին տեղի ունեցավ պայթյուն Ղրիմի կամրջի վրա: Պայթյունից չորս օր անց՝ 2022 թ․ հոկտեմբերի 12-ին, Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայությունը՝ (ՌԱԴԾ, ռուսերեն՝ ФСБ) հաղորդել է, որ ձերբակալել է ութ անձի՝ պայթյունի հետ փոխկապակցված լինելու կասկածանքով:
Ըստ ՌԱԴԾ-ի՝ պայթյունի մեղավորների թվում է նաև ՀՀ քաղաքացի Արթուր Տերչանյանը: 2025 թ.-ի նոյեմբերի 27-ին Ռուսաստանի Դաշնության անունից կայացվել է դատավճիռ. ՀՀ քաղաքացի Արթուր Տերչանյանը և ևս 7 քաղաքացիներ դատապարտվել են ցմահ ազատազրկման։
Դատապարտված քաղաքացիներից ևս երկուսը ազգությամբ հայեր են՝ Արտյոմ և Գեորգի Ազատյանները։ Դատապարտյալների փաստաբանները ներկայացրել են ապացույցներ իրենց պաշտպանյալների անմեղ լինելու մասին: Անմեղությունը հաստատող այլ կարևոր հիմք է Ուկրաինայի Ազգային անվտանգության ղեկավար Վասիլի Մալյուկի հայտարարությունը, որ իրենց «առաքելության» իրականացման համար իրենք օգտագործել են բազմաթիվ մարդկանց, որոնք ոչնչից տեղյակ չլինելով՝ պարզապես կատարել են իրենց ամենօրյա աշխատանքը։
Արթուր Տերչանյանը ՀՀ քաղաքացի է և վերջինիս վերագրվող հոդվածները ՀՀ Քրեական օրենսգրքով նույնպես քրեորեն հետապնդելի են։
Հիմք ընդունելով ԵԽ-ի կողմից ընդունած և անդամ պետությունների, այդ թվում ՀՀ և ՌԴ կողմից վավերացրած «Դատապարտյալների փոխանցման մասին» 1983 թ.-ի եվրոպական կոնվենցիան, ՀՀ իրավասու մարմինները ունեն բոլոր հիմքերը՝ պահանջել ՌԴ-ից Արթուր Տերչանյանի փոխանցումը ՀՀ-ին, որպեսզի Տերչանյանն իր ընտանիքին մոտ պայմաններում կրի հանիրավի ստացած ցմահ ազատազրկումը։
