Նորություններ

Նախընտրական մթնոլորտը և Արթուր Օսիպյանի գործը

Հունիսի 5-ին, ժամը 13:00-ին, Մեդիա կենտրոնում տեղի կունենա  «Նախընտրական մթնոլորտը և Արթուր Օսիպյանի գործը» թեմայով քննարկումը։

Բանախոսներ՝

  • Անահիտ Սիմոնյան, Մարդու իրավունքների հետազոտությունների կենտրոնի տնօրեն, 
  • Մհեր Կարագոզյան, «Հանրային վերահսկողություն» ՀԿ նախագահ, իրավապաշտպան, 
  • Սարինե Հայրիյան, քաղաքացիական ակտիվիստ: 

Նախընտրական քարոզարշավի ընթացքում տեղի ունեցած միջադեպը, որի հետևանքով կալանավորվեց Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված Արթուր Օսիպյանը, շարունակում է մնալ քաղհասարակության ուշադրության կենտրոնում:

 Արդեն 17 օր է Արթուր Օսիպյանը հացադուլ է հայտարարել:

Հասարակական մի շարք կազմակերպություններ հայտարարություն են տարածել՝ պնդելով, որ նրա նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը հակասում է խոսքի ազատության և քաղաքական բազմակարծության սկզբունքներին։

Քննարկման ընթացքում կանդրադառնանք նախընտրական փուլում քաղաքացիների ազատ արտահայտման իրավունքին, քաղաքական գործիչների և քաղաքացիների միջև հաղորդակցության մշակույթին, ինչպես նաև իրավապահ մարմինների գործողությունների իրավաչափությանը: Ի՞նչ ազդեցություն կարող են նման դեպքերն ունենալ ընտրական միջավայրի, հանրային վստահության և ժողովրդավարական գործընթացների վրա։

Քննարկումը հեռարձակվելու է առցանց՝ Մեդիա կենտրոնի յություբյան ու ֆեյսբուքյան հարթակներում։ 

Լրագրողների մուտքն ազատ է։ 

Հարցերը հնարավոր է ուղարկել նաև առցանց՝ գրելով Մեդիա կենտրոնի ֆեյսբուքյան էջին։

Քննարկումն ացկացվում է «Մեդիա կենտրոն. քաղաքացիական հասարակության արագ արձագանք արդար ընտրությունների համար» ծրագրի շրջանակում։ 

Ծրագիրն իրականացվում է Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի աջակցությամբ՝ որպես «Գործընկերություն հանուն ժողովրդավարության» նախաձեռնության մաս։

Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Հանրային լրագրության ակումբը, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի տեսակետները։

Կիսվել :