Մայիսի 7-ին, ժամը 13:00-ին, Մեդիա կենտրոնում կանցկացվի քննարկում՝ «Ընտրությունները խոցելի խմբերի համար և ԶՈՒ-ում» թեմայով։
Բանախոսներ՝
- Արուսյակ Տերչանյան, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ,
- Վարդինե Գրիգորյան, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ծրագրերի ղեկավար,
- Մուշեղ Հովսեփյան, «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ-ի նախագահ:
Հունիսի 7-ին կայանալիք ԱԺ ընտրություններին կարևոր է բոլոր քաղաքացիների ընտրական իրավունքի լիարժեք և հավասար իրացման ապահովումը։
Խոցելի խմբերը, ինչպես նաև փակ հաստատություններում գտնվող անձինք հաճախ բախվում են իրավական, կազմակերպչական և տեղեկատվական խոչընդոտների, որոնք կարող են սահմանափակել նրանց մասնակցությունը ընտրական գործընթացներին։
Զինված ուժերում ևս ընտրությունների կազմակերպումը պահանջում է հատուկ մոտեցումներ՝ հաշվի առնելով ծառայության պայմանները և ընտրական գործընթացի անկախության ապահովման անհրաժեշտությունը։
- Իրավական և գործնական ի՞նչ խոչընդոտների են բախվում խոցելի խմբերը ընտրական իրավունքների իրացման ընթացքում։
- Ինչպե՞ս է ապահովվում փակ հաստատություններում (օրինակ՝ քրեակատարողական հիմնարկներում, հոգեբուժական հաստատություններում և այլն) գտնվող անձանց մասնակցությունը ընտրություններին։
- Ինչպե՞ս է կազմակերպվում ընտրությունների անցկացումը զինված ուժերում, ի՞նչ առանձնահատկություններ ու ռիսկեր կան:
Կքննարկենք այս և թեմային առնչվող այլ հարցեր:
Քննարկումը հեռարձակվելու է առցանց՝ Մեդիա կենտրոնի յություբյան ու ֆեյսբուքյան հարթակներում։
Լրագրողների մուտքն ազատ է։
Հարցերը հնարավոր է ուղարկել նաև առցանց՝ գրելով Մեդիա կենտրոնի ֆեյսբուքյան էջին։
Քննարկումն ացկացվում է «Մեդիա կենտրոն. քաղաքացիական հասարակության արագ արձագանք արդար ընտրությունների համար» ծրագրի շրջանակում։
Ծրագիրն իրականացվում է Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի աջակցությամբ՝ որպես «Գործընկերություն հանուն ժողովրդավարության» նախաձեռնության մաս։
Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Հանրային լրագրության ակումբը, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի տեսակետները։
