Նորություններ

Հիբրիդային միջամտությունների ռիսկերը․ Հայաստանի և Մոլդովայի փորձը

Հոդվածը հեղինակեցին Հանրային լրագրության ակումբի պրակտիկանտներ Աննա Հարությունյանը և Մանե Տիգրանյանը։ 

Մարտի 12-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ քննարկում «Հիբրիդային միջամտությունների ռիսկերը․ Հայաստանի և Մոլդովայի փորձը» թեմայով։

Բանախոսներ էին քաղաքական վերլուծաբան և WatchDog.md համայնքի ղեկավար Վալերիու Պաշան՝ Մոլդովայից, և «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ղեկավար Դանիել Իոաննիսյանը։

Հիշեցնենք, որ Մոլդովայում 2024 թ. ընտրական գործընթացներն անցել էին Ռուսաստանի ակտիվ միջամտությամբ, քարոզչական ու հիբրիդային մարտահրավերների ներքո։ Այնուամենայնիվ, 2025թ․-ի սեպտեմբերի 28-ին կայացած խորհրդարանական ընտրությունները հաղթանակ բերեցին իշխող կուսակցությանը, որը պաշտպանում է Մոլդովայի եվրոպական ինտեգրումը։

«Մեր հաշվարկներով՝ միայն 2024 թ Ռուսաստանը ընտրություններին և հանրաքվեներին միջամտելու համար ծախսել է մոտ 150 միլիոն եվրո։ Վլադիմիր Պուտինի համար սա մեծ գումար չէ, սակայն դա ահռելի միջոցներ են՝ մեկ այլ երկրի ընտրական գործընթացի վրա ազդեցության տեսանկյունից», — ասաց Պաշան։

Պաշայի խոսքով՝ ապատեղեկատվության և ընտրություններին արտաքին միջամտությունների դեմ պայքարը պահանջում է պետության, քաղաքացիական հասարակության, անկախ լրատվամիջոցների և ակտիվ քաղաքացիների համատեղ ջանքեր։ Նրա գնահատմամբ՝ Մոլդովայում պետական մարմինները լայնածավալ աշխատանք են իրականացրել ապօրինի ֆինանսավորման դեմ պայքարում, որը ստացվում էր Ռուսաստանի Դաշնությունից և օգտագործվում էր քաղաքական կուսակցություններին աջակցելու, ընտրողներին կաշառելու և ապատեղեկատվություն տարածելու համար։ Իրավապահ մարմինները հետաքննություններ են իրականացրել և առգրավել զգալի քանակի կանխիկ գումար։ Իշխանությունները նաև բարելավել են գործընթացների թափանցիկությունն ու հասարակության հետ հանրային հաղորդակցությունը։

Քննարկման ընթացքում անդրադարձ եղավ ՀՀ Արտաքին հետախուզության ծառայության վերջին հայտարարությանը, արտաքին ճնշումների և հնարավոր հիբրիդային ազդեցությունների մեխանիզմներին, ինչպես նաև դրանց հնարավոր ազդեցությանը Հայաստանի նախընտրական գործընթացների վրա:


Իոաննիսյանը հաստատեց՝ կան հավաստի տվյալներ, ըստ որոնց, փորձ է արվում ճնշում գործադրել հայաստանյան գործարարների և նրանց աշխատակիցների վրա՝ ընտրողների մասնակցությունը որոշ թեկնածուների օգտին խթանելու նպատակով՝ դրամական կաշառքների կամ սպառնալիքների միջոցով։ Իոաննիսյանի խոսքով՝ Հայաստանում նաև արձանագրվում են օտարերկրացիների հնարավոր մասնակցությանը նախապատրաստվելու դեպքեր։ Նախորդ տարիների վիճակագրության համաձայն՝ մայիսի վերջից մինչև հունիսի սկիզբ, Հայաստան օրական մուտք է գործում մոտ 15 հազար մարդ՝ մոտ 10 հազար օտարերկրացի և մոտ 5 հազար Հայաստանի քաղաքացիներ։ Նրա խոսքով՝ նման անձանց քվեարկության կազմակերպումը հաճախ պլանավորվում է ընտրությունների օրվանից մի քանի շաբաթ առաջ։

Նա նաև շեշտեց, որ Հայաստանում գործում է քրեական խիստ պատասխանատվություն ընտրակաշառք տալու և ստանալու համար․ կաշառք տալու դեպքում նախատեսվում է մինչև 8 տարվա ազատազրկում, իսկ ստանալու դեպքում՝ մինչև 7 տարի։ Միևնույն ժամանակ, այն անձինք, որոնք կամավոր կերպով իրավապահ մարմիններին կհայտնեն կաշառք ստանալու մասին, կարող են ազատվել քրեական պատասխանատվությունից։

Խոսելով սոցիոլոգիական հարցումների և դրանց մանիպուլյատիվ դերի մասին՝ Վալերիու Պաշան տեղեկացրեց, որ Մոլդովայում դրանց դեմ պայքարի համար ներդրվել էին որոշ կարգավորումներ, որոնք պահանջում էին կազմակերպություններից հավատարմագրում և ֆինանսավորման աղբյուրների բացահայտում։ Այս մեխանիզմը, սակայն, ցանկալի արդյունք չի տվել. կազմակերպությունները հաճախ հայտարարում էին, որ ֆինանսավորումն իրականացվում է իրենց սեփական կամ ԶԼՄ-ների միջոցներով, որոնց ռեսուրսները բավարար չէին հարցումների իրականացման համար։

Նա նաև ընդգծեց TikTok սոցիալական հարթակի առանձնահատուկ ազդեցությունը՝ նշելով, որ ալգորիթմների միջոցով այն կարող է արագ ձևավորել օգտատերերի վարքագիծն ու քաղաքական նախընտրությունները։ TikTok-ը, ի տարբերություն Facebook-ի և YouTube-ի, թույլ է տալիս կարճ ժամանակում բարձրացնել որոշակի կուսակցության կամ թեկնածուի հանրային աջակցությունը և ուղղակիորեն ազդել ընտրազանգվածի վարքագծի վրա։

Դանիել Իոաննիսյանի գնահատմամբ՝ ֆեյք հաշիվների բանակները և արհեստական «աջակցության» ալիքների դեմ պայքարելը չափազանց բարդ խնդիր է։ Նա հիշեցրեց «ռացիոնալ ընտրության տեսությունը», ըստ որի՝ մարդիկ հակված են աջակցել այն քաղաքական ուժերին, որոնք, իրենց կարծիքով, արդեն մեծ հանրային աջակցություն ունեն։

Այս տեսանկյունից՝ երևույթները կարելի է բաժանել երեք խնդրի․ սոցիալական ցանցերում աջակցության իմիտացիա՝ ֆեյք մեկնաբանություններով ու լայքերով, հանրային աջակցության իմիտացիա՝ կեղծ սոցիոլոգիական հարցումների միջոցով, և աջակցության իմիտացիա՝ հանրահավաքների ու հավաքների միջոցով։ Իոաննիսյանը նշեց, որ այս երեք երևույթների դեմ պայքարի նպատակն է թույլ չտալ, որ հասարակության մեջ ձևավորվի մանիպուլյատիվ պատկերացում քաղաքական ուժերի իրական աջակցության մասին, և դրանք այսօր հատկապես տարածված են սոցիալական ցանցերում։

Քննարկումը ամփոփվեց եզրահանգմամբ, որ արտաքին միջամտություններն ու մանիպուլյացիաները կարող են ազդել թե՛ ընտրողների ընկալումների, թե՛ հետընտրական իրավիճակի վրա։ Դրա դեմ պայքարելու արդյունավետ ճանապարհն, ըստ փորձագետների, մնում է պաշտոնական մարմինների, քաղաքացիական հասարակության, անկախ լրատվամիջոցների և հասարակության ակտիվ մասնակցությունն ու հավասարակշռված դիրքորոշումը։

Քննարկումն ացկացվում է «Մեդիա կենտրոն. քաղաքացիական հասարակության արագ արձագանք արդար ընտրությունների համար» ծրագրի շրջանակում։ Ծրագիրն իրականացվում է Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի աջակցությամբ՝ որպես «Գործընկերություն հանուն ժողովրդավարության» նախաձեռնության մաս։

Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Հանրային լրագրության ակումբը, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի տեսակետները։

Կիսվել :