Նորություններ

Վերականգնողական ծառայությունների արդյունավետությունը բարձրացնելու նպատակով  անհրաժեշտ է ներգրավել արտաքին մասնագիտական ներուժ

Սեպտեմբերի 8-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ «Ո՞վ է իրականացնում վերականգնումը․ մասնագիտական կարողությունները քրեակատարողական և պրոբացիայի համակարգերում» թեմայով քննարկումը։

Բանախոսները՝ «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ-ի տնօրեն Արտակ Կիրակոսյանը և «Սոցիալական արդարություն» ՀԿ-ի նախագահ Գայանե Հովակիմյանը, ներկայացրին քրեակատարողական և պրոբացիայի համակարգերում վերականգնողական աշխատանքի հիմնական խնդիրներն ու դրանց լուծման հնարավոր ուղիները։

Քննարկման առանցքում մասնագիտական կարողությունների անբավարարությունն էր, անվտանգության և վերասոցիալականացման գործառույթների միջև առկա անհավասարակշռությունը, ինչպես նաև վերականգնողական ծառայությունների մի մասը մասնագիտական կազմակերպություններին պատվիրակելու առաջարկը։

Արտակ Կիրակոսյանի գնահատմամբ՝ գործող համակարգի կառուցվածքը շարունակում է առավելապես ծառայել պահպանության և վերահսկողության խնդիրներին՝ սահմանափակելով լիարժեք վերասոցիալականացման հնարավորությունները։ Թեև համակարգում աշխատում են նաև հոգեբաններ և սոցիալական աշխատողներ, նրանց թիվն ու մասնագիտական ներուժը բավարար չեն անհրաժեշտ ծավալով և որակով աշխատանք իրականացնելու համար։

«Այսօր մենք հոգեբանների ու սոցիալական աշխատողների բաց ունենք և՛ մասնագիտական պատրաստվածության, և՛ թվաքանակի առումով»,- նշեց Արտակ Կիրակոսյանը։

Նրա խոսքով՝ քրեակատարողական և պրոբացիայի ծառայությունների աշխատակիցների մեծ մասը իրավաբաններ են և աշխատում են կիսառազմականացված համակարգի տրամաբանությամբ, երբ  աշխատանքի հիմքում առավելապես  անվտանգության ապահովումն է։ Մինչդեռ վերականգնումը պահանջում է այլ մասնագիտական մոտեցումներ, համապատասխան գիտելիքներ և անձի հետ շարունակական աշխատանք։

Գայանե Հովակիմյանն ընդգծեց, որ խնդիրը չի սահմանափակվում միայն մասնագետների պակասով։ Կարևոր է նաև, թե ինչպես են համակարգում սահմանված և բաշխված աշխատակիցների գործառույթները։ Երբ վերահսկողական պարտականությունները գերակշռում են մարդուն աջակցելու գործառույթների նկատմամբ, վերականգնողական աշխատանքը մղվում է երկրորդ պլան։

«Այո՛, դրանք նաև անվտանգային ծառայություններ են, բայց երբ խախտվում է անվտանգության և մարդուն աջակցելու գործառույթների հավասարակշռությունը, էապես տուժում է աջակցության բաղադրիչը»,- ասել է նա։

Բանախոսների գնահատմամբ՝ միայն նոր հաստիքներ ստեղծելը կամ գործող աշխատակիցներին վերապատրաստելը կարող է բավարար չլինել։ Եթե պաշտոնի հիմնական նպատակը և գործառույթներն ի սկզբանե այլ կերպ են սահմանված, նույնիսկ բարձրակարգ վերապատրաստումը չի ապահովի վերականգնողական աշխատանքի համար անհրաժեշտ արդյունքը։

Որպես հնարավոր լուծում՝ առաջարկվում է ներդնել արտապատվիրակման մեխանիզմ՝ վերականգնողական որոշ ծառայությունների իրականացման մեջ ներգրավելով հասարակական, մասնավոր և մասնագիտական կազմակերպությունների։

Այս մոտեցումը հնարավորություն կտա օգտագործել համակարգից դուրս առկա մասնագիտական ներուժը՝ հոգեբանների, սոցիալական աշխատողների, մանկավարժների և այլ մասնագետների փորձն ու կարողությունները։ Նրանք կարող են աջակցել շահառուների սոցիալական վերաինտեգրմանը, վարքային ռիսկերի նվազեցմանը և կրկնահանցագործությունների կանխարգելմանը։

Միաժամանակ ընդգծվեց, որ արտապատվիրակումը պետք է ուղեկցվի հստակ չափանիշներով, պետական վերահսկողությամբ և արդյունքների շարունակական գնահատմամբ։ Ծառայություն մատուցող կազմակերպությունների աշխատանքը չպետք է գնահատվի միայն անցկացված միջոցառումների կամ դրանցում ներգրավված մարդկանց թվով։ Անհրաժեշտ է հասկանալ, թե տրամադրված ծառայությունն իրականում ինչ փոփոխություն է առաջացրել կոնկրետ մարդու կյանքում և որքանով է նպաստել նրա վերաինտեգրմանը։

Արտակ Կիրակոսյանն առաջարկեց կիրառել ճկուն ֆինանսավորման մոդել։ Ըստ այդ մոտեցման՝ ընտրված կազմակերպությանը ծառայությունը կարող է պատվիրակվել մեկ տարով, որի ընթացքում պետությունը կիրականացնի մշտադիտարկում և կգնահատի արդյունքները։ Դրական արդյունքների դեպքում ֆինանսավորումը կարող է շարունակվել, իսկ անբավարար աշխատանքի պարագայում ծառայությունը կարող է փոխանցվել մեկ այլ կառույցի։

«Կազմակերպությունը մեկ տարի ծառայություն է մատուցում, պետությունը վերահսկում և մշտադիտարկում է աշխատանքը։ Եթե արդյունքները լավ են, ֆինանսավորումը շարունակվում է, իսկ եթե վատ են, ծառայությունը տրվում է մեկ այլ կառույցի»,- նշել է նա։

Գայանե Հովակիմյանն ուշադրություն հրավիրեց նաև որակական տվյալների պակասի վրա։ Հայաստանում առկա մշտադիտարկման մեխանիզմները բավարար տեղեկություն չեն տալիս, թե քրեակատարողական կամ պրոբացիայի համակարգով անցնելուց տարիներ հետո ինչ է փոխվել մարդու կյանքում, որքանով է հաջողվել նրա վերաինտեգրումը և արդյոք նվազել է կրկնահանցագործության վտանգը։

Բանախոսների առաջարկն է արտապատվիրակման մեխանիզմը սկզբում ներդնել փորձնական ձևաչափով։ Քրեակատարողական և պրոբացիայի համակարգերից յուրաքանչյուրի համար կարող է ընտրվել առնվազն մեկ վերականգնողական ծառայություն, որը կներառվի բյուջետային հայտում և հետագայում կիրականացվի ծառայության գնման կամ դրամաշնորհային մեխանիզմի միջոցով։

Ըստ Գայանե Հովակիմյանի՝ գաղափարի նպատակն է հասնել նրան, որ արդեն հաջորդ տարի հնարավոր լինի ունենալ առնվազն մեկ արտապատվիրակված ծառայություն յուրաքանչյուր համակարգում։ Միաժամանակ կարևոր է ապահովել ծառայությունների շարունակականությունը, քանի որ կարճաժամկետ միջամտությունները չեն կարող երկարատև արդյունք տալ վերականգնման և վերաինտեգրման գործընթացներում։

Քննարկման հիմքում «Վերականգնողական ծառայությունների կայուն ֆինանսավորում և ծառայությունների պատվիրակման մեխանիզմների զարգացում քրեակատարողական և պրոբացիայի համակարգերում» վերոնշյալ երկու ՀԿ-ների պատրաստած աշխատությունն էր։

Քաղաքականության համառոտագիրը հնարավոր է դարձել Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ՝ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի, «Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոն» ՀԿ-ի և «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ի (Չեխիա) հետ համագործակցաբար իրականացվող «Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագրով տրամադրված ենթադրամաշնորհի շրջանակում՝ «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ-ի և «Սոցիալական արդարություն» ՀԿ-ի կողմից իրականացվող «Քրեակատարողական և պրոբացիայի ոլորտներում վերականգնողական ծառայությունների կայուն ֆինանսավորում և ծառայությունների պատվիրակման մեխանիզմների ամրապնդում» ենթադրամաշնորհային ծրագրի շրջանակում։

Բովանդակության համար պատասխանատվություն է կրում «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» հասարակական կազմակերպությունը, և այն պարտադիր չէ, որ արտահայտի Եվրոպական միության տեսակետները։


Հարցում․

Քրեակատարողական և պրոբացիայի համակարգերում վերականգնողական ծառայությունների պատվիրակման վերաբերյալ հարցում։ 

Հարցման նպատակն է պարզել մասնագիտական համայնքի կարծիքը վերականգնողական ծառայությունների պատվիրակման հնարավորությունների և առաջնահերթությունների վերաբերյալ։

Լրացումը՝ մոտ 2 րոպե։ Պատասխանները կհրապարակվեն միայն ամփոփ ձևով։

Կիսվել :