Նորություններ

Մարդու իրավունքները փակ հաստատություններում․ առողջության պահպանման իրավունքը բանակում և քրեակատարողական համակարգում

Մարտի 24-ին, ժամը 12:00-ին, Մեդիա կենտրոնում կանցկացվի քննարկում՝ «Մարդու իրավունքները փակ հաստատություններում․ առողջության պահպանման իրավունքը բանակում և քրեակատարողական համակարգում» թեմայով։

Բանախոսներ՝

  • Սերգեյ Գաբրիելյան, ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի ղեկավար,
  • Նազելի Մովսեսյան, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի իրավապաշտպան,
  • Հովհաննես Ղուկասյան, ՄԻՊ աշխատակազմի Խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության պետի տեղակալ,
  • Ալբերտ Դանիելյան, ՄԻՊ աշխատակազմի Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների իրավունքների պաշտպանության բաժնի գլխավոր մասնագետ։

Քննարկման ընթացքում կլինի անդրադարձ երկու կարևոր դեպքերի․

  • Առաջին դեպքում՝ առողջական խնդիրներ ունեցող զորակոչիկը թերի և ոչ ամբողջական բժշկական հետազոտությունների հիման վրա ճանաչվել էր պիտանի զինվորական ծառայության համար և միայն լրացուցիչ հետազոտություններից հետո ճանաչվել ոչ պիտանի, 
  • Երկրորդ դեպքում՝ քրեակատարողական հիմնարկում պահվող կալանավորված անձի մահը, որին նախորդել էին երկարատև ահազանգեր առողջական վիճակի, ցավերի և պատշաճ բուժօգնության բացակայության վերաբերյալ։

Փակ հաստատություններում մարդու իրավունքների պաշտպանության խնդիրը շարունակում է մնալ լուրջ մարտահրավեր։ Բանակում և քրեակատարողական հիմնարկներում արձանագրվող դեպքերը վկայում են առողջության պահպանման իրավունքի ապահովման ոլորտում առկա համակարգային խնդիրների մասին։

Կքննարկվեն մի շարք հարցեր, ինչպիսին են՝ համակարգային ի՞նչ խնդիրներ կան փակ հաստատություններում առողջության պահպանման իրավունքի ապահովման ոլորտում, որքանո՞վ են արդյունավետ բժշկական ծառայությունների վերահսկողության և պատասխանատվության մեխանիզմները բանակում և քրեակատարողական հիմնարկներում, ինչպե՞ս պետք է ապահովվի պետության պատասխանատվությունը իր հսկողության ներքո գտնվող անձանց կյանքի և առողջության պաշտպանության հարցում, ինչպիսի՞ քայլեր են անհրաժեշտ նման դեպքերը կանխելու և համակարգային խնդիրները լուծելու համար։ 

Քննարկումը հեռարձակվելու է առցանց՝ Մեդիա կենտրոնի յություբյան ու ֆեյսբուքյան հարթակներում։ 

Լրագրողների մուտքն ազատ է։ 

Հարցերը հնարավոր է ուղարկել նաև առցանց՝ գրելով Մեդիա կենտրոնի ֆեյսբուքյան էջին։

Քննարկումն ացկացվում է «Մեդիա կենտրոն. քաղաքացիական հասարակության արագ արձագանք արդար ընտրությունների համար» ծրագրի շրջանակում։ 

Ծրագիրն իրականացվում է Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի աջակցությամբ՝ որպես «Գործընկերություն հանուն ժողովրդավարության» նախաձեռնության մաս։

Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Հանրային լրագրության ակումբը, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի տեսակետները։

Կիսվել :