Ապրիլի 17-ին, ժամը 13:30-ին, Մեդիա կենտրոնում կանցկացվի քննարկում՝ «Նախընտրական խոստումները շատ են, լուծումներն՝ անտեսանելի․ կրթության և գիտության չլուծված խնդիրները» թեմայով։
Բանախոսներ՝
- Դավիթ Ամիրյան, ԵՊՀ դասախոս, կրթության ոլորտի փորձագետ,
- Տիգրան Շահվերդյան, «Գիտուժ» նախաձեռնության անդամ, Ռոբոմարտ ստարտափի համահիմնադիր:
2018թ․ համաշխարհային զարգացման հաշվետվության մեջ նշված մտահոգիչ ցուցանիշը՝ 18-20 տարեկանների շուրջ 10%-ի ֆունկցիոնալ անգրագիտությունը, կարևոր ազդակ էր հասկանալու՝ կրթական համակարգում խորքային, չլուծված խնդիրներ կան։ Սակայն հաջորդ ութ տարիների ընթացքում չափելի առաջընթաց կարծես չկա:
Չնայած իրականացված որոշ բարեփոխումներին՝ նոր չափորոշիչներ, ուսուցիչների ախատավարձի կարգի վերանայում, բնագիտական մի շարք ուղղությունների ընդլայնում, դրանց ազդեցությունը կրթության որակի վրա, միևնույն է, ամբողջապես տեսանելի չէ:
Միևնույն ժամանակ պահպանվել կամ սրվել են մի շարք հիմնախնդիրներ՝ ֆունկցիոնալ անգրագիտության և կրթական բացերի խնդիրը շարունակում է մտահոգիչ մնալ, ուսուցիչների մասնագիտական կազմի ծերացումը և երիտասարդ կադրերի պակասը, գիտության ոլորտում ֆինանսավորման սահմանափակ աճը և դրա ցածր արդյունավետությունը, երիտասարդ գիտնականների արտահոսքի շարունակականությունը, կրթության և աշխատաշուկայի միջև թույլ կապը։
Այս համատեքստում ԱԺ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի նախընտրական խոստումները կրթության և գիտության ոլորտում հաճախ կրում են ընդհանուր բնույթ և չունեն հստակ չափելի նպատակներ ու ժամկետներ։
Քննարկման ընթացքում կանդրադառնանք կրթության և գիտության ոլորտներում առկա հիմնական խնդիրներին, դրանց պատճառներին և կփորձենք հասկանալ՝ ինչու տասնամյակների պատմություն ունեցող խնդիրները այդպես էլ տեղափոխվում են կուսակցությունների մի ծրագրից՝ մյուսը՝ մնալով չլուծված:
Քննարկումը հեռարձակվելու է առցանց՝ Մեդիա կենտրոնի յություբյան ու ֆեյսբուքյան հարթակներում։
Լրագրողների մուտքն ազատ է։
Հարցերը հնարավոր է ուղարկել նաև առցանց՝ գրելով Մեդիա կենտրոնի ֆեյսբուքյան էջին։
Քննարկումն ացկացվում է «Մեդիա կենտրոն. քաղաքացիական հասարակության արագ արձագանք արդար ընտրությունների համար» ծրագրի շրջանակում։
Ծրագիրն իրականացվում է Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի աջակցությամբ՝ որպես «Գործընկերություն հանուն ժողովրդավարության» նախաձեռնության մաս։
Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Հանրային լրագրության ակումբը, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի տեսակետները։
